ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 001,02 դրամ ԱՐԾԱԹ - 261,8 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 051,63 դրամ

Հայաստանը ԵԽԽՎ-ում. տեղեկանք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 11-ին կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորների հարցերին:

Քանի՞ անգամ են Հայաստանի ղեկավարները ելույթ ունեցել այդ ամբիոնից և որո՞նք են ամենաուշագրավ ելույթները:

Տեղեկանք

Եվրոպայի Խորհուրդ 

Հայաստանը Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ է 2001թ. հունվարի 25-ից: Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության գործընթացը սկիզբ է առել 1995թ.:

1996թ. հունվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովը ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովում ստացել է Հատուկ հրավիրյալի կարգավիճակ: 

Խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի երկու գլխավոր կանոնադրական մարմիններից մեկն է և ներկայացնում է Կազմակերպության անդամ-երկրների խորհրդարանների հիմնական քաղաքական միտումները։  Այն ընդգրկում է Եվրոպայի խորհրդի 47 անդամ-պետությունների պատգամավորներին։

ԵԽԽՎ-ի անդամների ընդհանուր թիվը 648 է, որոնցից 324-ը՝ ներկայացուցիչներն են, իսկ 324-ը՝  փոխարինողները:  

Լիագումար նիստին ելույթ ունենալու համար ամեն տարի հրավիրվում են տարբեր երկրների 1-2 ղեկավարներ:  Նրանք բացի իրենց հիմնական ելույթից,  պատասխանում են նաև խորհրդարանականների հարցերին: Վերջիններս ազատ են ցանկացած հարց հղելու հարցում:

Այս տարի ԵԽԽՎ-ում հյուրընկալվել են Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վրաստանի և Հայաստանի` կառույցին անդամակցության 20-րդ տարեդարձին ընդառաջ: 

2019թ. ԵԽԽՎ նստաշրջան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2019թ. գարնանային նստաշրջանը Ստրասբուրգում մեկնարկել է ապրիլի 8-ին և կտևի մինչև ապրիլի 12-ը:

Այս տարի այն անցկացվում է «Խորհրդարանական վեհաժողովի դերը և առաքելությունը. ապագայի հիմնական մարտահրավերները» խորագրի ներքո:

Համատեղ քննարկումներ են անցկացվում ատելության խոսքի դրսևորումների, ինչպես նաև դրանց դեմ պայքարում քաղաքական ղեկավարների դերի վերաբերյալ:

Վեհաժողովում անդրադարձ է կատարվելու նաև կազմակերպված հանցագործությունների և «փողերի լվացմանը» դեմ պայքարում առկա մարտահարվերներին, ժողովրդավարության, օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների պաշտպանության նոր մեխանիզմի ստեղծմանը:

ՀՀ նախագահները ԵԽԽՎ-ում

Հայաստանի ղեկավարները ԵԽԽՎ լիագումար նիստերին մասնակցել են չորս անգամ, Նիկոլ Փաշինյանի ելույթը լինելու է հինգերորդը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լիագումար նիստին մասնակցել է մեկ անգամ` 2004թ.-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ երեք անգամ (2011թ., 2013թ., 2018թ.):

ՀՀ նախագահների ամենից ուշագրավ ելույթները

2004թ.-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթին հաջորդած հարց ու պատասխանի ժամանակ առավել ուշագրավ էր ադրբեջանցի պատգամավորներից մեկի Ռոբերտ Քոչարյանին ուղղված հարցն առ այն, թե արդյոք նա անձամբ մասնակցե՞լ է Ադրբեջանի դեմ պատերազմական գործողություններին: 

«Այո, ես մասնակցել եմ պատերազմական գործողություններին: Իմ զավակները ապրել են նկուղներում: Նրանք չեն ունեցել մանկություն: Ես հպարտ եմ, որ մասնակցել եմ պատերազմական գործողություններին: Հպարտ եմ նաև այն արդյունքով, որ մենք ունեցել ենք այդ պատերազմական գործողությունների հետևանքով», - ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Ի պատասխան արդբեջանական պատվիրակության ղեկավար Սեիդովի հարցին, թե արդյո՞ք ճիշտ չէր լինի, եթե Հայաստանը վերադարձներ գրավյալ 7 շրջանները, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է, որ այդ տարածքների մի մասի խնդիրը վաղուց լուծված կլիներ, եթե Ադրբեջանը հարգեր 2001 թվականի քիուեսթյան պայմանավորվածությունները կամ 1998-ին չմերժեր «ընդհանուր պետության» գաղափարը:

2013-ին եվրոպական ամբիոնից Սերժ Սարգսյանը, իր հերթին, խոսելով Արցախյան հակամարտության մասին, նշեց,  որ Արցախը եղել է, կա և կմնա Եվրոպայի մաս: Բարձրաձայնվեց այն թեզը, որ Արցախի հանրությունը հանրությունը եվրոպական հանրության` եվրոպական ընտանիքի մասնիկ է` անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից: 

Ի պատասխան Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովի` Ադրբեջանի «20 տոկոս տարածքի օկուպացիայի» մասին հարցին, Սարգսյանը խորհուրդ տվեց ադրբեջանական պատվիրակության անդամին, նախ` թվաբանական գիտելիքները թարմացնել, ապա`  փոխել վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: 

Ուշադրություն է գրավել նաև 2013թ.-ին ԵԽԽՎ լիագումար նիստում Հայաստանի պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի` Սերժ Սարգսյանին ուղղված հարցը: 

Իսկ 2018 թվականին հարց ու պատասխանի ժամանակ ագրեսիվ հարց հնչեցնող ադրբեջանցի պատգամավորին Սարգսյանը կոչ արեց հանգստանալ և փաստերը չխեղաթյուրել: «Ես նախ ձեզ խնդրում եմ մի փոքր հանդարտ լինել, հանգստանալ, ապա իմ խոսքերը չխեղաթյուրել: Ես այս ամբիոնից չեմ հայտարարել, որ եղել եմ պատերազմի առաջնորդ, ես այդպիսի պատիվ չեմ ունեցել: Ես մասնակից եմ եղել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար պայքարին»: 





Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 33%
Քամի՝ 6 կմ/ժ
26 C°
 
20°  33° 
26.08.2019
20°  32° 
27.08.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը