ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպե՞ս կարելի է Աստծուն մեղավոր համարել հրդեհի համար. Ֆրանսիացի պատգամավորը` Աստվածամոր տաճարի հրդեհի մասին (ԲԱՑԱՌԻԿ)

Ապրիլի 15-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով զգալի ավերածությունների ենթարկվեց 850 տարվա պատմություն ունեցող պատմամշակութային և հոգևոր կենտրոն Փարիզի Աստվածամոր տաճարը: 

Թեմայի շուրջ  «Արմեդիա ՏՎԳ»-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույց Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նադիա Եսայանի հետ: 

-Տիկի´ն Եսայան, Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհը կարծես ստիպեց վերարժևորել քրիստոնեության և քրիստոնեական կոթողների դերը Եվրոպայի համար: Կարո՞ղ է այս դեպքը արժեքների վերագնահատման ազդակ դառնալ:

- Փարիզի Աստվածամոր տաճարը պատմական և մշակութային ժառանգություն է ամբողջ աշխարհի համար, այն նաև սրբազան աղոթատեղի է քրիստոնյաների և խորհրդանշական վայր՝ Ֆրանսիայի Եկեղեցու համար։

Հրդեհը բարձրացրեց Ֆրանսիայում քրիստոնյաների պատմության վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, քանի որ բազմաթիվ հեռուստատեսային հաղորդումներ ներկայացրեցին տաճարի պատմությունը։ Սակայն չեմ կարող ասել, թե արդյո՞ք դա բավարար է հավատն էլ ավելի ուժեղացնելու համար։ Մյուս կողմից, ես հուզված էի Աստվածամոր տաճարի վերակառուցման համար ցուցաբերված համերաշխության ալիքից, որը դուրս էր բոլոր սահմաններից և վեր՝ բոլոր կրոններից։ Այդ եղբայրությունը, որը միավորում է մեզ՝ անկախ մեր տարբերություններից, մարդկության բարձրագույն արժեք է։

-Թուրքական մամուլը և սոցցանցերի թուրք օգտատերերից շատերը բավական ծայրահեղ արձագանքեցին տաճարի հրդեհին: Ոմանք գրել են, որ դա պատիժ է Եվրոպային` Նոր Զելանդիայի ահաբեկչությանն ու մուսուլմանների այլ սպանություններին համարժեք պատասխան չտալու համար: Ոմանք էլ հիշատակում էին, որ դա Ալլահի պատիժն է Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման համար: Ո՞ րն է Ձեր տեսակետն այս հարցի շուրջ:

-Հույս ունեմ, որ Ձեր նկարագրած դիրքորոշումը մարգինալ է։ Կարծում եմ, այն վտանգավոր է խաղաղության համար։ Ինչպե՞ս կարելի է Աստծուն մեղավոր համարել հրդեհի մեջ։

Ես նախընտրում եմ հիշել Էրդողանի այն հայտարարությունը, որում թուրք ժողովրդի անունից իր խորին տխրությունն ու բարեկամական խոսքերն է ուղղում փորձության մեջ հայտնված ֆրանսիացիներին։

- Երկրում ընթացող սոցիալական բողոքի ցույցերի ֆոնին բազմաթիվ բարերարներ արդեն իսկ խոշոր չափի գումարներ են նվիրաբերել տաճարի վերակառուցման համար: Ինչպե՞ ս են դրան վերաբերվում Ֆրանսիայի բնակիչները: 

-Բազմաթիվ ֆրանսիացիներ գումար են նվիրաբերել տաճարին, քանի որ ցանկանում են, որ այն հնարավորինս արագ վերակառուցվի։ Բայց ես նաև քննադատություններ եմ լսել տաճարի վերակառուցման համար նվիրաբերված գումարների մասին՝ «ինչպե՞ս են կարողացել այդքան արագ մեծ գումար հավաքել, երբ այլ խնդիրների համար շատ քիչ աջակցություն են հատկացնում»:

Կարծում եմ՝ պետք չէ պատճառներն իրար հակադրել։ Հուզմունքը հրդեհի պահին, տաճարի դիրքը Ֆրանսիայի բնապատկերում, կայանալիք շինարարության կարևորությունը և հետաքրքրությունը նպաստեցին, որ մարդիկ գումար նվիրաբերեն։ Մեկ ամսից նրանք մեկ այլ խնդրի առաջ կկանգնեն, ինչպես լինում է բնակլիմայական որոշ աղետների ժամանակ։ Պետք է ուրախանալ, որ վերակառուցման համար գումարներ են հատկացվում, սակայն առիթից օգտվելով՝ հիշեցնենք նվիրատուներին, որ բացի դրանից երբեմն նաև շատ ավելի լուրջ խնդիրներ էլ կան։

 

Զրուցեց Արփինե Մելիքյանը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: