ԵՐԵՎԱՆ 32 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23,184.63 դրամ ԱՐԾԱԹ - 262.56 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,745.62 դրամ

Հայաստանը մտադիր է շարունակել իր ներդրումը ՄԱԿ-ի արտոնած խաղաղապահ գործողություններին. Դավիթ Տոնոյան

Հայաստանը պատրաստ է օգտագործել ողջ ներուժը իր ներդրումը ՄԱԿ-ի կողմից արտոնված տարբեր ձևաչափի խաղաղապահ գործողություններին՝ տարբեր աշխարհագրական, կլիմայական, էթնիկ և կրոնական միջավայրերում շարունակելու համար: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 25-ին ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային անվտանգության հարցերով 8-րդ համաժողովի ընթացքում։ 

ՀՀ պաշտպանության նախարարն իր ելույթում մասնավորապես ասել է.

«Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք

Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը և անձամբ պաշտպանության նախարարին` բանակի գեներալ Սերգեյ Կուժուգետի Շոյգուին, արդեն ավանդական դարձած՝ Մոսկվայի միջազգային անվտանգության համաժողովին մասնակցելու հրավերի համար:

Միջազգային հարաբերություններում կանխատեսելիության մակարդակի բարձրացման համատեքստում չափազանց կարևոր է ամենաարդիական՝ գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների և հարցերի քննարկումը, միջազգային անվտանգության ձևավորման վերաբերյալ կարծիքների փոխանակումը:

Այսօրվա լիագումար նիստի թեման անցած տարվա համաշխարհային և տարածաշրջանային խնդիրների լուծման մոտեցումների քննարկման, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնության ` ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցության ակտիվացման ուղղությամբ, այսպես կոչված A4P-ի տրամաբանական շարունակությունն ու հետագա զարգացումն է: Մենք բոլորս մեծ անհանգստությամբ փաստում ենք միջպետական ​​հարաբերություններում լարվածության աճը, անվտանգության ապահովման մեխանիզմների դեգրադացումը, հակամարտությունների գոտիների նկատելի ընդլայնումը ներպետական ​​ճգնաժամների սրացման հետևանքով, նախևառաջ՝ էթնիկ և կրոնական հողի վրա:

Միևնույն ժամանակ, մեր աշխարհն առավել փոխկապակցված է դարձել, երբ որոշակի տարածաշրջանի ցանկացած անկայունություն հղի է բացասական հետևանքներով ողջ աշխարհում: Նման իրավիճակում խաղաղության և կայունության սպառնալիքների բաժանումն ըստ տարածաշրջանների՝ բավական պայմանական է:

Վերոնշյալ հանգամանքները համաշխարհային հանրության առջև դինամիկ զարգացման խնդիրներ են դրել և ստեղծել խաղաղապահ գործողությունների մոտեցումներն ու չափանիշները վերանայելու նախադրյալներ, որոնք, իրենց ներկայիս ձևով, այնպես, ինչպես ներկայացված է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններում համատեղ պարտավորությունների մասին Հռչակագրում, նկատելիորեն հնացած են՝ հաշվի առնելով ճգնաժամային կառավարման ոլորտի արմատական ​​փոփոխությունները:

Ասվածը ենթադրում է առաքելության լեգիտիմության, գործընկերների հետ փոխգործակցության, ինչպես նաև միջազգային ուժերի կազմի և նրանց ներգրավման կամ հաշտեցման կանոնների վերաբերյալ դիսկուրսի վերսկսում:

Լեգիտիմությունն այն պայմանն է, որը հիմնված է որոշակի լսարանների կողմից օրինականության, բարոյականության, կամ մի շարք գործողությունների՝ ճիշտ լինելու ընկալման վրա, և այն խաղաղապահության խնդիրների մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում, ունենալով երկու առանցքային կողմ` ընդունող երկրի կառավարության և միջազգային առաքելության օրինականությունը (լեգիտիմությունը):

Մասնավորապես, միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելու դեպքում միջազգային հանրությունը պետք է խստորեն հետևի ՄԱԿ-ի երկու հիմնարար սկզբունքներին.                       

1. Միջազգային առաքելությունը պետք է իրականացվի առնվազն ընդունող երկրի օրինական իշխանությունների համաձայնությամբ

2. Խաղաղապահ ուժերը խնդիրներ են կատարում առանց նախապաշարումների և բացարձակապես անկողմնակալ

Առաքելության տարբեր գործընկերների, կամ առնվազն՝ շահագրգիռ կողմերի միջև փոխգործակցության խնդիրը ոչ պակաս կարևոր նշանակություն ունի: Այս համատեքստում առանձնահատուկ կարևորվում է տարբեր դերակատարների միջև համագործակցության կամ գործողությունների համակարգման գործոնը, ինչը ցանկացած խաղաղապահ գործողության բարեհաջող իրականացման և ավարտի համար կարևորագույն պայմաններից մեկն է:

Վերջապես, խաղաղապահ ուժերը պետք է ունենան ռացիոնալ մանդատ և պատրաստ լինեն իրադարձությունների ցանկացած զարգացմանը՝ գործելով բացառապես միջազգային մարդասիրական իրավունքի և առաջադրված խնդիրների ու պարտավորությունների շրջանակում: Ավելին, այսօր ավանդական խաղաղարարությունն առավել բազմակողմանի է դառնում, երբ զուտ ռազմականի փոխարեն առանցքային են բազմաբնույթ խնդիրներ, զինվորական անձնակազմն իր տեղը զիջում է զինվորական-ոստիկանական-քաղաքացիական անձնակազմին, իսկ խաղաղապահ ուժերի անուղղակի դերը քաղաքական գործընթացներում փոխարինվում է դրանցում առավել անմիջական ներգրավմամբ։

Հաշվի առնելով վերը նշվածը, կարծում եմ, որ միջազգային խաղաղապահ ուժերի զարգացման հիմնական ուղղությունները պետք է լինեն․

• յուրաքանչյուր առանձին ​​առաքելության համար խաղաղապահների իրավական կարգավիճակի հստակեցումը

• բոլոր ներգրավված կողմերի գործողությունների համակարգման, այսինքն, սինխրոնացման կամ, առնվազն, այսպես կոչված ապահակամարտեցման (դեկոնֆլիկտացիա) մեխանիզմների ստեղծումը

• ինտեգրված զինվորական-ոստիկանական-քաղաքացիական թիմերի ձևավորումը, վերապատրաստումը, վերազինումը և գործառնական համակարգումը

• Խաղաղապահների արհեստավարժության և էթնո-մշակութային-կրոնական իրազեկության շարունակական բարելավումը

• խաղաղարար ուժերի ներգրավման կանոնների համար ճկուն հնարավորությունների ստեղծումը

• թափանցիկություն և նրանց գործունեության շարունակական մշտադիտարկումը/մոնիտորինգ/

• ազգային կոնտինգենտների կամ խմբերի համար նյութատեխնիկական ապահովման համակարգումը՝ երկրորդական դերերի բաշխման և տեղական կապալառուների ծառայություններից օգտվելու սկզբունքների առավելագույն կիրառմամբ

• խաղաղապահ առաքելությունների ֆինանսավորման ֆունկցիոնալ և ծախսային ցուցանիշների թափանցիկության բարձրացումը

• առաջավոր տեխնոլոգիաների կիրառումը

Միջազգային անվտանգության ապահովման ոլորտում շահերի և նպատակների համընկնումը թելադրում է անհատական և հավաքական ​​ ներուժի շարունակական զարգացում խաղաղություն և կայունություն պահպանելու համար` ինչպես համաշխարհային և տարածաշրջանային տերությունների, այնպես էլ սահմանափակ ռազմական հնարավորություններ ունեցող երկրների կողմից: Հայաստանը նույնպես հավատարիմ է այդ մոտեցմանը:

Արդեն ավելի քան երկու տասնամյակ գտնվելով անկայուն և անկանխատեսելի անվտանգային իրավիճակում, երբ «պատերազմ» և «խաղաղություն» հասկացությունները բավական երերուն են, Հայաստանը, պաշտպանական կարողությունների հետևողական զարգացմանը զուգահեռ, ավելացնում է խաղաղության և միջազգային անվտանգության պահպանման իր ազգային կարողությունները:

Հայաստանը, լինելով միջազգային անվտանգության և կայունության արժեքը գործնականում ճանաչած երկիր, վերջին 15 տարիների ընթացքում խաղաղապահության ոլորտում կուտակել է լուրջ փորձ, որն սկսվել է Կոսովոյում և Իրաքում: Ներկայում հայկական խաղաղապահ ուժերը ներկայացված են չորս միջազգային առաքելություններում:

Մենք նաև հետևողականություն ցուցաբերեցինք լայնածավալ ճգնաժամի պայմաններում գտնվող տարածաշրջաններում դրական փոփոխությունների նպատակով օգնություն տրամադրելու հարցում, ինչը դրսևորվեց Սիրիայում վերջերս մեկնարկած մեր Ազգային մարդասիրական առաքելությամբ, որի որոշումը կայացվել է ընդունող երկրի՝ սիրիական կառավարության պաշտոնական դիմումի հիման վրա, ինչպես նաև  Հալեպի հայ համայնքի և տեղի կրոնական առաջնորդների խնդրանքով և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության աջակցությամբ, ինչի համար շնորհակալ ենք ՌԴ կառավարությանը:

Մասնավորապես, այս տարածաշրջանում հայկական մարդասիրական առաքելության իրականացումը հիմնավորված է Մերձավոր Արևելքում հայկական ներկայության պատմական գործոնով և մեր արմատները Մերձավոր Արևելքում պահպանելու ցանկությամբ` հաշվի առնելով վերջին ավելի քան տասը տարվա անկայունության դառը փորձը, ինչի հետևանքը դարձավ Իրաքից հայերի զանգվածային արտագաղթը:

Մարդասիրական առաքելությունը ներառում է բժշկական անձնակազմ և ականազերծող մասնագետներ, որոնք, իրենց ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, օգնություն են ցուցաբերում երկարատև պատերազմից տառապող Սիրիայի Արաբական Հանրապետության բնակչությանը:

Հայաստանի Հանրապետությունը մտադիր է շարունակել իր ներդրումը ՄԱԿ-ի կողմից արտոնված տարբեր ձևաչափի խաղաղապահ գործողություններին՝ տարբեր աշխարհագրական, կլիմայական, էթնիկ և կրոնական միջավայրերում: Այդ նպատակով մենք պատրաստ ենք օգտագործել մեր ողջ ներուժը, և, առաջին հերթին՝ դաշտային հոսպիտալն ու ինքնաշեն պայթուցիկ սարքեր ականազերծողներին:

Վերջում կցանկանայի հավաստիացնել, որ Հայաստանը հանդես է գալիս որպես ջատագով միջազգային իրավունքի նորմերի և ազատ ընտրության իրավունքի հավասարազոր կիրառման, ողջամիտ գլոբալացման և միջազգային անվտանգության ճարտարապետության, որը հիմնված է ուժի և առավելապաշտական ​​մոտեցումների, ատելության հռետորաբանության և ռազմատենչ հայտարարությունների վրա խարսխված քաղաքականության բացառման վրա:

Ինչպես ասում էր միջազգային հարաբերությունների առաջատար մասնագետներից մեկը՝ «փորձելով իրականացնել իրենց իդեալիստական ​​և իրատեսական նպատակներն արտաքին քաղաքականության մեջ, պետությունները պետք է իրենց ուժը համատեղեն բարոյական սկզբունքների հետ, իսկ սեփական արդարությանը հավատը ՝ չափավորել ողջամտությամբ»:

Շնորհակալություն ուշադրության համար»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 15%
Քամի՝ 6 կմ/ժ
32 C°
 
19°  37° 
22.08.2019
19°  35° 
23.08.2019
Հարցում

Աջակցո՞ւմ եք «Արցախը Հայաստան է և վերջ» կարգախոսը: