ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ-չինական համագործակցությունը կընդլայնվի անտառավերականգնման, շրջակա միջավայրի մոնիթորինգի և էկոտուրիզմի ոլորտներում

Հայաստանի Հանրապետության և  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է ընդլայնել համագործակցությունը և փորձի փոխանակումը  անտառավերականգնման, շրջակա միջավայրի մոնիթորինգի և էկոտուրիզմի ոլորտներում:  «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային երկրորդ գագաթնաժողովի շրջանակում  Պեկին ժամանած ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ՉԺՀ Էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար  Լի Գանձիեի  հետ հանդիպումից և հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունից հետո «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նախարարարը նշեց, որ  «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը հիմք կհանդիսանա հետագա առարկայական համագործակցության համար:

«Փաստաթղթի շրջանակում ունենք ծրագրային առաջարկ, որը ենթադրում է անտառավերականգնման աշխատաքների իրականացում: Չինաստանը լավ փորձ ունի դեգրադացված հողերում անտառավերականգնման աշխատաքներում՝ անապատային և կիսանապատային գոտիներում  նոր տեխնոլոգիաների կիրառմամբ։ Մեծ ծավալի անտառավերականգնման աշխատաքներ է իրականացնում: Առաջարկել ենք, որպեսզի Հայաստանում պիլոտային նմանատիպ ծրագիր իրականացվի»,- ասաց Գրիգորյանը:

Ըստ նախարարի՝  համագործակցության մյուս ուղղությունը  կապված է շրջակա միջավայրի մոնիթորինգի հետ, որը Հայաստանում ամբողջովին վերափոխելու է այդ համակարգը:

«Նախկինում  շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգը բաշխված էր տարբեր գերատեսչությունների միջև. մի մասը Գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ էր, մյուս մասը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության: Ներկայումս Կառավարության որոշմամբ Հիդրոմետծառայությունը կմիանա Բնապահպանության նախարարությանը և կձևավորվի միասնական մոնիթորինգի համակարգ: Այստեղ, կարծում եմ, նույնպես Չինաստանի հետ համագործակցության բավական մեծ շրջանակ ունենք»,- նշեց Գրիգորյանը:

Բնապահպանության նախարարը Չինաստանի գործընկերներին նաև առաջարկել է որոշակի աջակցության տրամադրում Հայաստանի էկոտուրիզմի զարգացման ոլորտին՝ հաշվի առնելով Հայաստանի  կենսաբազմազանությունը, որպեսզի չինացի էկոտուրիստները որպես իրենց համար հնարավոր ուղի ներառեն նաև Հայաստանը:

«ՉԺՀ էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարի  հետ քննարկման ընթացքում  շեշտադրեցինք, որ առաջնային ենք համարում գիտելիքի, տեխնոլոգիաների և կարողությունների շրջանակում համագործակցությունը, այլ ոչ թե ստանդարտ ֆինանսական աջակցությունը, քանի որ առանց գիտելիքի վրա հիմնված ճիշտ որոշումների, ֆինանսական միջոցները,  եթե նույնիսկ առկա են, արդյունավետ չեն օգտագործվելու:

Համագործակցության խորացման վերաբերյալ նախկինում ՉԺՀ նախարարի հետ հանդիպել ենք բնապահպանական ասամբլեայի շրջանակում և այնտեղ  քննարկել, որ պետք է խորացնել համագործակցությունը: Մեր և իրենց թիմերը շատ արագ աշխատեցին, որպեսզի այս հուշագիրը պատրաստ լինի ստորագրելու համար»,- ընգծեց նախարարը:

Գրիգորյանը նաև հանդիպեց Կանաչ կլիմայական հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Յանիկ Գլեմարեկի հետ և քննարկեց նոր ստեղծվող միասնական բնապահպանական մոնիթորինգի համակարգի աջակցման հնարավորությունները:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը  ապրիլի 25-27-ն աշխատանքային այցով գտնվում է ՉԺՀ-ում՝ մասնակցելու Պեկինում տեղի ունեցող «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովին, որի շրջանակում անցկացվել  է նաև «Կանաչ մետաքսի ճանապարհ» երկրորդ թեմատիկ ֆորումը և տրվել «Կանաչ գոտիների և Ճանապարհների Կանաչ զարգացման միջազգային կոալիցիայի» մեկնարկը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 56%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    4 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: