ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռազմական փորձագետը՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» զորավարժությունների նպատակների, սցենարների մասին (ԲԱՑԱՌԻԿ)

Ադրբեջանի տարածքում մայիսի 1-ին մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ: «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» կոչվող զորավարժությունները անցկացվում են մարտական հրաձգությամբ: Թեմայի շուրջ «Արմեդիա ՏՎԳ»-ն զրուցել է «Ռազմինֆո»-ի վերլուծաբան Հայկ Խաչիկյանի հետ:

Պարո´ն Խաչիկյան, թուրք-ադրբեջանական այս զորավարժության նպատակները որո՞նք են: Ի՞նչ սցենարներ են մշակվում:

-Ըստ ադրբեջանական կողմի հայտարարության՝ նպատակը երկու երկրների բանակների միջև համագործակցության փորձի բարձրացումն է, շտաբերի միջև աշխատանքի ներդաշնակումը, համատեղ գործողությունների մշակման և դրանց համատեղ իրագործման կարողությունների բարելավումը: Բացի պրակտիկ նշանակությունից, սա, ինչպես ցանկացած այլ հայտարարված զորավարժություն ունի քարոզչական տարրեր՝ ուժի ցուցադրություն: Հաշվի առնելով նաև զորավարժության երկկողմանիությունը՝ այստեղ բնականաբար կան նաև քաղաքական գործոններ:

Ինչ վերաբերում է սցենարներին, դատելով բաց աղբյուրներից հասանելի տվյալները, կարելի է ասել, որ կրկին հարձակողական գործողությունների խաղարկում է: Նորություն չէ, Ադրբեջանում գրեթե միշտ այդ սցենարով են գործում:

- Սովորաբար ի՞նչ հաճախականությամբ են անցկացվում թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Արդյո՞ք նկատելի է զորավարժությունների քանակի աճ:

-Ադրբեջանը և Թուրքիան զորավարժությունների մասով ունեն համագործակցության երկու ուղղություն՝ ՌՕՈՒ և ցամաքային ուժեր: Առաջին պարագայում ներգրավվում են երկու երկրների ռազմական ավիացիան ինչպես նաև ՀՕՊ-ը, այսպիսի վարժանքներ անցկացնում են պարբերաբար 2014-ից սկսած: Ինչ վերաբերում է ցամաքային ուժերին՝ այստեղ ևս աշխատանք տարվում է, և այս զորավարժությունը դրա մասն է: Ադրբեջանում՝ Բաքվի մերձակայքում, նման զորավարժություն վերջին անգամ եղել էր 2017-ի մայիսին: Հետագայում ևս եղել են համատեղ վարժանքներ, սակայան, արդեն այլ ֆորմատով ու ծավալներով: Առանձին աշխատանք է տարվում նաև Նախիջևանի առանձին համազորային բանակի հետ, որի հետ թուրքական կողմը ևս անցկացնում է համատեղ զորավարժություն, Նախիջևանում ունի իր ռազմական ներկայացուցիչը, կան մասնագետներ, որոնք օգնում են պատրաստել հատուկջոկատայինների և դիպուկահարների:

- Ի՞նչ ուժեր են ներգրավված զորավարժություններում: Ի՞նչ զինատեսակներ, զորատեսակներ ու տեխնիկա է օգտագործվում:

-Ադրբեջանական կողմից ներգրավված է Ադրբեջանի ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի մոտոհրաձգային զորամասերից մեկը: Ադրբեջանի 4-րդ կորպուսը թիկունքային է, հայտնի է նաև որպես «Բաքվի կորպուս»:

Ինչ վերաբերում է տեխնիկային, ապա արտառոց կամ նոր իրողություններ չկան: Թուրքական կողմը իր հետ բերել էր սովորական հրաձգային զինատեսակներ և ականանետներ, իսկ ադրբեջանական կողմից կիրառվում են Տ-90 և Տ-72 տանկեր, ԲՏՌ-82Ա զրահափոխադիչներ, դյուրակիր ԶՀՀ-ներ, Մի-24/35 և Մի-8/17 ուղղաթիռներ, ինչպես նաև հրետանի:

Զրուցեց Ռոզի Միքայելյանը


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: