ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետը և ԱՄԷ պետնախարարը քննարկել են երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի ալ-Սայեղիին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարևորել է մայիսի 2-ին Երևանում հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը, որը լավ հարթակ է հայ-էմիրաթական հարաբերությունների զարգացման հարցերը քննարկելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԱՄԷ հետ համագործակցությունը, և վերջին շրջանում երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը, նաև զբոսաշրջության ոլորտում նկատվող աճի միտումները վկայում են Հայաստան-ԱՄԷ համագործակցության զարգացման դրական դինամիկայի մասին:

ԱՄԷ պետնախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին ջերմ ընդունելության համար և գոհունակություն հայտնել Հայաստան այցի, հանձնաժողովի նիստի շրջանակում քննարկումների արդյունքների և ձեռք բերված պայմանավորվածությունների առնչությամբ: Ահմադ Ալի ալ-Սայեղիի խոսքով՝ ԱՄԷ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ, տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմամբ, և հանձնաժողովի գործունեությունը հենց այդ մասին է վկայում:

Զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով տնտեսական փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: ՀՀ վարչապետը նշել է, որ կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում գործարար միջավայրի բարելավման, հավասար պայմանների ստեղծման ուղղությամբ՝ տնտեսության զարգացման և օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով: Հայ-էմիրաթական տնտեսական կապերի հետագա զարգացման տեսանկյունից Նիկոլ Փաշինյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, զբոսաշրջության, ՏՏ, վերականգնվող էներգետիկայի, ջրամբարաշինության ոլորտներում համագործակցությունը: Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ ԱՄԷ գործարարների համար դեպի ԵԱՏՄ և երրորդ երկրների շուկաներ: ՏՏ ոլորտում համագործակցության խորացման համատեքստում վարչապետը հույս է հայտնել, որ ԱՄԷ ընկերություններն ակտիվ կմասնակցեն 2019 թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին:

Ահմադ Ալի ալ-Սայեղին նշել է, որ ԱՄԷ համար ևս հետաքրքրական է վարչապետի նշած ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացումը, և ընդհանրապես ԱՄԷ-ն պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ գործակցությունը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ հումանիտար ոլորտներում:

ՀՀ վարչապետը և ԱՄԷ պետնախարարն անդրադարձել են նաև օդային ուղիղ հաղորդակցության հաստատման ուղղությամբ քայլերին, ինչը կնպաստի ոչ միայն զբոսաշրջության, այլև առևտրաշրջանառության ծավալի ավելացմանը: Երկուստեք կարևորվել են գործարար համաժողովների անցկացումն ու բարձր մակարդակի պաշտոնական փոխայցերի կազմակերպումը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ կառավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: