ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ ժողովուրդը Հայրենական պատերազմում հաղթանակը կերտողներից մեկն է

Tankfront.ru

Մայիսի 9-ին հայ ժողովուրդը նշում է ոչ միայն իր նորանկախ պետության առաջին հաղթանակները՝ Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը, այլ նաև 1945 թվականին Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում՝ հայերի հաղթանակի տոնը:

Այսօր պատմությունը երբեմն խեղաթյուրվում է, փորձ է արվում Հայրենական մեծ պատերազմը ներկայացնել որպես ռուս ժողովրդի կռիվ հիտլերյան Գերմանիայի դեմ: Մինչդեռ այն նաև հայ ժողովրդի պատերազմն էր ոչ միայն որպես խորհրդային ժողովուրդ, այլ որպես մի ժողովուրդ, որն ընդամենը մի քանի տասնամյակ առաջ, ենթարկվելով Ցեղասպանության, հերթական անգամ կանգնել էր բնաջնջման ամենաիրական սպառնալիքի առջև:

Հայրենական պատերազմի հաղթանակի կերտման գործում հայ ժողովրդի ունեցած նպաստը, թերևս, դրա լավագույն ապացույցներից է: Պատերազմի հենց առաջին օրերից հայերն ակտիվ մասնակցություն են ունեցել Խորհրդային միության պաշտպանությանը: Ինչպես Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ իր խոսքում հիշեցրել է ՀՀ նախագահը, Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ հայ ժողովուրդը տվել է Խորհրդային Միության 117 հերոս,  Փառքի բոլոր աստիճանների շքանշանի 27 ասպետ և Խորհրդային Միության 5 մարշալ: Խորհրդային միության տարածքում ապրող մոտ 2.8 մլն հայերից 600 հազարը մասնակցել են Հարենական Մեծ պատերազմին: 314 հազարը չեն վերադարձել, զոհվել են: Դա ամեն իններորդ հայն է: Խորհրդային Միությունում բնակվող ողջ հայության մոտ 12 տոկոսը զոհվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ:

Խորհրդային պատմության մեջ հատկապես հիշատակվում է արցախյան Չարդախլու գյուղի հերոսության մասին: Չարդախլուն հայ մեծանուն մարշալների՝ Բաղրամյանի և Բաբաջանյանի հայրենիքն է: Ռազմադաշտ մեկնած գյուղի 1250 բնակիչներից 853-ը տարբեր աստիճանի մեդալների և պարգևների են արժանացել: Ողջ համաշխարհային պատմության մեջ դժվար է նմանօրինակ դեպք գտնել:

Հայերը ծառայել են Կարմիր բանակի տարբեր ստորաբաժանումներում՝ հետևակից մինչև զրահատանկային զորքեր, հրետանի և օդուժ: Տասնյակ հազար հայեր մասնակցել են Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Հարավսլավիայի, Ավստրիայի ազատագրմանը:

Խորհրդային բանակի ազգությամբ հայ զինծառայողներից 6 դիվիզիա է կազմավորվել: Ռազմաճակատը զինամթերքով ապահովելու նպատակով Հայաստանում տասնյակ նոր հիմնարկություններ են ստեղծվել: Պատերազմի ամենաթեժ պահին՝ 1943 թվականին, Հայաստանում բացվել է Գիտությունների ակադեմիան, որի գիտական գործունեությունն ամբողջությամբ նվիրված է եղել ռազմական թեմային: Անմասն չեն մնացել նաև սփյուռքի հայերը: ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Եգիպտոսում և բազմաթիվ այլ երկրներում գործող հայկական ամենատարբեր կառույցներն իրենց օգնությունն են տրամադրել սովետական զորքերին: Ավելի քան 30 հազար հայեր կռվել են դաշնակիցների  բանակներում:

Այս թվերն ու տվյալները ամենևին էլ պատահականություն չեն: Հիտլերյան Գերմանիայի հարձակմանը դիմագրավելիս հայերը հստակ գիտակցել են, որ Գերմանիայի հաղթանակի դեպքում Թուրքիան անմիջապես զորք է մտցնելու Հայաստան: Պատերազմի սկզբից Թուրքիան իր հիմնական զինված ուժերը (26 ռազմական դիվիզիա) կենտրոնացրել էր Խորհրդային Հայաստանի սահմանների երկայնքով և սպասում էր հարմար առիթի Հարավային Կովկաս ներխուժելու համար:

Հայ ժողովուրդն իր ողջ ներուժով դարձել է Հայրենական պատերազմի հաղթանակը կերտողներից մեկը: Անկարելի է թերագնահատել այս հաղթանակի նշանակությունը: Առանց այս հաղթանակի մեր հաջորդ հաղթանակները, ինչպիսին նույն Շուշիի ազատագրումն է, չէին լինի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: