ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անհրաժեշտ է քաղաքական կամք դրսևորել 25 տարի առաջ հաստատված հրադադարը պահպանելու համար. Արցախի խորհրդաժողովի մասնակիցներ

Արցախում կայացած Հրադադարի ամբողջական դադարեցման մասին համաձայնագրի 25-ամյակին նվիրված խորհրդաժողովի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ:

Հայտարարության մեջ ասվում է.

"Ս. թ. մայիսի 12-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի), Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված՝ ղարաբաղյան հակամարտության գոտում Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25 տարին:

Այս փաստաթուղթն առայսօր շարունակում է մնալ միակ կարևոր ձեռքբերումը հակամարտության կարգավորման գործընթացում, որը հնարավոր է դարձել Ռուսաստանի միջնորդական առաքելության ջանքերի շնորհիվ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովի գլխավորությամբ, ով 1995 թվականից եղել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը:

Ռուսաստանի Դաշնությունն առաջինը ճանաչեց Արցախը՝ որպես հակամարտության երեք կողմերից մեկը: Այս պրագմատիկ մոտեցումը, որը հետագայում իր արտացոլումն է գտել ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի փաստաթղթերում, թույլ է տվել հակամարտության կողմերից յուրաքանչյուրին բանակցություններում անմիջականորեն ներկայացնել սեփական շահերը, ֆորմալ հարցերից անցում կատարել դեպի բովանդակային քննարկումներ, ինչի արդյունքում հնարավոր դարձավ ապահովել կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին Համաձայնագրի ստորագրումը:

Դժվար է գերագնահատել 1994 թ. մայիսի 12-ի եռակողմ Համաձայնագրի նշանակությունը, որը Ադրբեջանի և Արցախի միջև բանակցությունների արդյունքն էր, հնարավորություն է տվել ամրապնդել կրակի և ռազմական գործողությունների անժամկետ դադարեցումը, որոնք կարող էին աղետալի հետևանքներ ունենալ ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, և ամուր հիմք է դրել բանակցությունների միջոցով հակամարտության քաղաքական կարգավորում փնտրելու համար: Այն լավագույնս ապացուցում է, որ բանակցային գործընթացի արդյունավետության համար անհրաժեշտ է Արցախի ուղղակի մասնակցությունը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայուն խաղաղության պահպանումը այսօր ևս՝ 25 տարի անց, շարունակում է արդիական մնալ: Կարծում ենք, որ այս նպատակին անհնար է հասնել առանց հրադադարի ռեժիմի հուսալի ամրապնդման և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման, ինչը թույլ կտա բացառել երկու կողմերից հարյուրավոր մարդկանց կյանքեր խլած 2016 թ. ապրիլյան լայնածավալ պատերազմական գործողությունների կրկնությունը:

Հաջողության ալգորիթմն ակնհայտ է. վերականգնել բուն՝ բանակցությունների եռակողմ ձևաչափը, ինչպես եղել է 1994 թվականին, հետևողականորեն ամրապնդել հրադադարի ռեժիմը, այդ թվում՝ 2016 թ. Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման միջոցով, որոնք նախատեսում են հրադադարի խախտումների հետաքննության միջազգային մեխանիզմի և շփման գծում իրավիճակի դիտարկման համակարգերի ներդրում, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնում՝ շփման գծում իրավիճակի դիտարկման կարողություններն ավելացնելու նպատակով:

Մենք՝ խորհրդաժողովի մասնակիցներս, կոչ ենք անում կողմերին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը գործադրել բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում կայունության պահպանման, արդյունավետ բանակցությունների համար պայմանների ստեղծման և հակամարտության կողմերի հասարակությունների միջև կառուցողական երկխոսության հաստատման համար, քանի որ լարվածության հետագա սրումը հղի է նոր պատերազմի վտանգով: Անհրաժեշտ է քաղաքական կամք դրսևորել՝ 25 տարի առաջ հաստատված հրադադարը լիարժեք, համապարփակ ու կայուն խաղաղության փոխակերպելու համար, ինչը բխում է Հարավային Կովկասի բոլոր ժողովուրդների կենսական շահերից:

Ք. Ստեփանակերտ, Մայիսի 10, 2019թ.":


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: