ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիա – ԱՄՆ. Թուրքիան շարունակում է հեռանալ Արևմուտքից

Այսօր Թուրքիա-ԱՄՆ լարված հարաբերությունները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում: Դրա վառ օրինակներից է Թուրքիային ամերկյան F-35 կործանիչներ չմատակարարելու փաստը: Չնայած Թուրքիան կործանիչների համար արդեն վճարել է 1,25 միլիարդ դոլար` ԱՄՆ շարունակում է տարբեր հիմնավորումներով ձգձգել առաքումը:

Թուրքիայում 2016թ. ամռան ռազմական հեղաշրջման փորձի կանխումից հետո՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները թևակոխեցին ճգնաժամային փուլ, որը զարգանում է երկու հիմնական ուղղություններով՝ Սիրիայում շահերի բախման և ռուսական S-400 համակարգերի գնման:  

Սիրիայում ԱՄՆ–Թուրքիա հարաբերությունները շարունակում են լարված մնալ և դրանցում դրական դինամիկա դեռևս չի նկատվում: Եթե 2011թ. մինչև 2016թ. Թուրքիան դաշնակցում էր ԱՄՆ-ի հետ ընդդեմ սիրիական կառավարության, ապա 2016թ-ից հետո թուրքական կառավորությունը, նկատելով Սիրիայում օրեցոր իրենց դիրքերը քաղաքական և ռազմական առումով ամրացնող քրդերի առաջխաղացունը, սկսեց վերանայել իր արտաքին քաղաքականությունը ու հանդես եկավ Սիրիայի տարածքային ամբողջկանության պահպանության անհրաժեշտության դիրքերից:

Թուրք-ամերիկյան հակասությունները թևակոխեցին ճգնաժամային փուլ, երբ ԱՄՆ-ն մերժեց քաղաքական ապաստան ստացած, 2016թ. Թուրքիայում հեղաշրջման կազմակերպման և իրագործման մեջ Թուրքիայի կողմից մեղադրվող Ֆեթուլահ Գյուլենին Թուրքիա արտահանձնելու Էրդողանի պահանջը: Սրան ի պատասխան` Թուրքիայի դատախազությունը ցմահ ազատազրկման դատապարտեց Ամերիկայի հյուպատոսարանի ավելի քան 20 տարվա աշխատակից Մեթին Թոփուզին, ում թուրքական իշխանությունը մեղադրում էր լրտեսության և 2016-ի հեղաշրջման փորձին աջակցելու մեջ: ԱՄՆ-ի և Թուրքիայի շահերի համատեքստում հարկավոր է ընդգծել, որ Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունը և քրդական «Դեմոկրատական միություն կուսակցությանը» (PYD) աջակցությունը լրջորեն հարվածում է Թուրքիայի շահերին: Թուրքիան մտավախություն ունի,  որ Սիրիայում շարունակվող ԱՄՆ-ի ներկայությունը կարող է օգնել PYD-ին և քրդական այլ ուժերին Սիրիայի հյուսիսում ստեղծել պրոտո-պետություն (քաղաքական մի կառույց, որը լիովին ինստիտուցիոնալ կամ ինքնիշխան պետություն չի համարվում): Այն հնարավորություն կտա քրդերին ստեղծել նոր քաղաքական միավոր հենց Թուրքիայի հետ սահմանին և սպառնալիք կդառնա վերջինիս տարածքային ամբողջականությանը: Քրդական գործոնը Սիրիայի հյուսիսում Թուրքիայի համար նաև տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը փոխելու ռիսկ է պարունակում՝ կա վտանգ, որ հյուսիսում ապրող թուրքմենները քրդերի ակտիվացման դեպքում, հաշվի առնելով թուրք-քրդական անհամերաշխությունը, կարող են ստիպված լինել փոխել իրենց բնակության վայրը կամ քրդերի ձեռքում դառնալ քաղաքական գործիք (համաձայն թուրքական «Ակշամ» լրատվական գործակալության՝ Ջերաբլուս-Ազեզ գոտում բնակչության 15%-ը թուրքմեններ են, իսկ 75%- արաբները):

Անդրադառնալով Թուրքիա-Ռուսաստան S-400-ի գործարքին՝ փաստենք, որ Վաշինգտոնը երկու տարի շարունակ ջանք չխնայեց Էրդողանին հետ պահելու S-400-ի ձեռքբերման գործարքից: 2011թ-ին, երբ սկսվեց սիրիական ճգնաժամը, Թուրքիան հայտարարեց հակաօդային պաշտպանական համակարգեր ձեռք բերելու ցանկության մասին, այդ թվում՝ սիրիական քրդաբնակ տարածքներում հնարավոր գործողություններից պաշտպանվելու նպատակով: 2017թ. Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Թուրքիայի միջև կնքվեց S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու պայմանագիր, որի համաձայն ՌԴ-ն Թուրքիային պաշտպանության համակարգերը կմատակարարի 2019 թ. հունիսին:

Ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու Թուրքիայի հետաքրքրությունն առաջացավ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն չհամաձայնեց վերանայել իր գնային քաղաքականությունը Թուրքիային «Պատրիոտ» հակաօդային պաշտպանության համակարգեր վաճառելու և վերջինիս ծրագրային տեխնիկական առանձնահատկություններով կիսվելու Թուրքիայի առաջարկին:

Ռուսաստանից Թուրքիայի S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու որոշմանն ի պատասխան ԱՄՆ-ն հանդես եկավ կոշտ սպառնալիքներով, Կոնգրեսի հաստատմանը ներկայացվեց Արևելյան Միջերկրածովյան անվտանգության և գործընկերության մասին օրինագիծը, որով փորձ կարվի վերացնել Կիպրոս զենքի մատակարարման ամերիկյան էմբարգոն: Բացի այդ, ԱՄՆ-ն սպառնաց, որ Թուրքիային կներառի «Ամերիկյան հակառակորդների դեմ պատժամիջոցների կիրառման մասին» օրենքում, եթե Թուրքիան ՌԴ-ից ռազմական տեխնիկա ձեռք բերի: ԱՄՆ Կոնգրեսում քննարկման դրվեց Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը կասեցնելու հարցը:

Այսօր ակնհայտ է, որ Թուրքիան վերանայել է իր արտաքին քաղաքականությունը՝ հիմնական վեկտորն արևմուտքից դեպի արևելեք տեղափոխելով: Դա զուգակցվել է մի շարք տնտեսական և քաղաքական խնդիրներով։ Մետրիկի(լիրա) կտրուկ անկումը, տնտեսական լուրջ խնդիրները, քրդերի հետ անհաշտությունը և ընդդիմադիր քաղաքական ուժերի դեմ պայքարը հյուծում են Թուրքիային և հարվածում Էրդողանի վարչակարգին:

Հաշվի առնելով S-400 ձեռք բերման գործընթացը՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում լարվածությունը մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, կպահպանվի՝ էլ ավելի հեռացնելով Թուրքիային արևմուտքից։ Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների երկարաժամկետ և անուղղելի վատթարացման մասին եզրակացությունները նույնպես տեղին չեն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: