ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պոմպեոն Ռուսաստանում. ի՞նչ քննարկվեց և ինչո՞ւ

Մայիսի 14-ին Սոչիում տեղի ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Հանդիպումը կայացավ նախապես նշանակվածից երեք ժամ ուշացումով. ամերիկացի դիվանագետին սպասեցնել տվեց Պուտինը: Այնուամենայնիվ, մեկուկես ժամ տևած հանդիպման արդյունքներից, ընդհանուր առմամբ, գոհ են եղել և՛ ամերիկյան, և՛ ռուսական կողմերը:

«Այսօրվա հանդիպումները դրական քայլ առաջ էին», - ՌԴ նախագահի և դրան նախորդած արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումներից հետո Թվիթերի իր էջում գրեց Պոմպեոն: «Նշանակալից ձեռքբերում, իհարկե, դեռ չկա, բայց ամերիկյան կողմի մոտ արդեն զգացվում է գործնական տրամադրվածությունը», - հանդիպման ավարտից հետո հայտնեց ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Պուտին-Պոմպեո հանդիպման ընթացքում քննարկվեց հարցերի լայն շրջանակ՝ երկու երկրների ղեկավարների հնարավոր հանդիպումից մինչև տարածաշրջանային խնդիրներ՝ Սիրիա, Հյուսիսային Կորեա, Աֆղանստան, Լիբիա, Իրան, Վենեսուելա: Պուտինն ու Պոմպեոն չանդրադարձան Ուկրաինայում տիրող իրավիճակին ու մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին: Համաձայն Ուշակովի՝ շատ հակիրճ անդրադարձ է եղել պատժամիջոցների խնդրին: Մասնավորապես, նախագահ Պուտինի կողմից ընդգծվել է, որ չի կարելի ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառել, այնուհետև պահանջել նրանից քայլեր, որ ձեռնտու են ամերիկացիներին:

Հարցերի ավելի լայն շրջանակ քննարկվեց Պոմպեոյի և Լավրովի միջև՝ մինչև Պուտինի հետ հանդիպումը: Արտաքին գերատեսչությունների ղեկավարների՝ շուրջ 3 ժամ տևած զրույցից հետո կողմերը հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով: Լավրովի գնահատմամբ՝ հանդիպումն ու զրույցը «անկեղծ ու օգտակար» ստացվեցին, թեև մի շարք հարցերի շուրջ այդպես էլ չհաջողվեց ընդհանուր հայտարարի գալ: Խնդրահարույց հարցերից էր Վենեսուելայում տիրող իրավիճակը, կարևոր էր Իրանի, Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների քննարկումը: Կրկին անդրադարձ եղավ երկու երկրների ղեկավարների հանդիպման հարցին՝ կապված վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության հետ, որ հնարավոր է նման հանդիպում տեղի ունենա «Մեծ 20-յակի» գագաթաժողովին՝ Ճապոնիայում: Ռուսական կողմը սրան ի պատասխան նշեց, որ պատրաստ է երկխոսության և քննարկման:

Ընդհանուր առմամբ, Պոմպեոյի այցը Սոչի, որն, ի դեպ, ամերիկացի պաշտոնյայի առաջին այցն էր Ռուսաստանի Դաշնություն, ամերիկյան կողմի քայլն էր դեպի ՌԴ-ԱՄՆ երկխոսության ու որոշակի (կողմերի համար ոչ սկզբունքային) հարցերում համաձայնության ձեռքբերում: Ամերիկյան կողմի այս նախաձեռնողականությունը մի շարք պատճառներ կարող է ունենալ: Ամենակարևորը, թերևս, լարված իրավիճակն է Վենեսուելայում: Հակառակ Թրամփի սպասելիքներին՝ Մադուրոն չի զիջում իր դիրքերը, և պայքարն այստեղ կարող է անկանխատեսելի հետևանքներ առաջ բերել: Սրացման նոր փուլ կարող են մտնել ԱՄՆ-Իրան հարաբերությունները: Եվ այս ամենի համատեքստում Թրամփը կարիք ունի ցույց տալու ինչ-որ շոշափելի, զգալի ձեռքբերում: Որպես օրինակ կարող է ծառայել Ռուսաստանի հետ երկխոսության նոր մեկնարկ տալը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: