ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 197,02 դրամ ԱՐԾԱԹ - 278,48 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 513,44 դրամ

Հնդկաստանում հիմա էլ դեռ շատ «հարսիկներ» կան (ԲԱՑԱՌԻԿ)

 

 «Արմեդիա» ՏՎԳ-ի զրուցակիցներն են Ինֆորմատիկայի և մենեջմենթի միջազգային դպրոցի (ISIM) դասախոս դոկտոր Պրիյանկա Մատհուրը և Radio-7-ի հաղորդումների ղեկավար Շիլպի Գոսվամին

 

- Այժմ հայկական հեռուստատեսությամբ ցուցադրվում է «Հարսիկը» հնդկական հեռուստասերիալը: Հնդկաստանում իրո՞ք այդքան տարածված է երեխաների ամուսնությունը:

Շ.Գ. - Այո´, այն շատ-շատ տարածված է: Չնայած մեր ջանքերին` երեխաների ամուսնությունը չի պակասում այն աստիճանի, որքան մենք կուզենայինք: Այն գերակշռում է Ռաջաստան նահանգում: Պատահում է այնպես, որ երբ ամուսնացած աղջիկը մահանում է, նրա հոգեհացի ժամանակ կարող են նրա փոքր քրոջն ամուսնացնել իր ամուսնու հետ, նույնիսկ եթե տարիքային տարբերությունը նրանց միջև 20, նույնիսկ 30 տարի է, քանի որ աղջկա ծնողները ծախսերի պատճառով չեն ցանկանում առանձին հարսանեկան արարողություն կազմակերպել նրա համար: Սրա հիմնական պատճառը աղքատությունն է, կրթության պակասը: Գյուղերում շատ քիչ դպրոցներ կան: Բարձրագույն կրթության համար ծնողները պետք է իրենց աղջիկներին քաղաք ուղարկեն, բայց դա ապահով չէ: Ուստի, ծնողները մտածում են, որ ավելի լավ է որդիներին ուղարկեն կրթություն ստանալու, քանի որ նրանք, միևնույնն է, կվերադառնան հայրական տուն և կաշխատեն: Իսկ աղջիկը տան գործերը կանի, մինչև ծնողները կաշխատեն դաշտում:

Սակայն այժմ տղաները հեռանում են գյուղից և գնում այլ տեղեր, քանի որ այստեղ ջրի խնդիր կա: Ռաջաստանն անապատային գոտի է: Հաճախ կանայք ստիպված են լինում ոտքով 2-3կմ գնալ՝ խմելու ջրի հետևից: Այսքան տարածություն քայլելուց հետո, մեծ ջրամանները գլխներին, այս աղջիկները սովորելու էներգիա չեն ունենում: Իսկ եթե ջուր էլ կա, ապա այն աղտոտված է, խմելու համար ոչ պիտանի: Ուստի մարդիկ ստիպված շշերով ջուր են գնում: Ինչքան գումար աշխատում են, դա ծախսվում է ջուր գնելու վրա:

Պ.Մ. - Ստորգետնյա ջրային պաշարները չորացել են: Բնակեցված վայրերի ջրհորները կա´մ չորացած են, կա´մ էլ այնտեղի ջուրն աղտոտված է: Աղբը թափելու կարգուկանոն չկա: Կա կառավարական ծրագիր՝ «Health India mission», որը սանիտարական հարցերին է առնչվում: Դրա շրջանակներում աղբը հավաքվում է տներից, ճանապարհներից, այն տեսակավորվում է. առանձնացվում է պլաստիկ, վերաօգտագործվող, թաց, չոր աղբը, պակասեցվում է գետեր լցվող արդյունաբերական աղբը: Կառավարության կողմից նախաձեռնությունները կան, սակայն հսկայական բնակչության պատճառով ոչ բոլորին են հասնում այս ծրագրերը: Բնակչության մեծ թիվը մեր հիմնական խնդիրն է, մյուսը՝ կրթության պակասն է:

- Կա՞ արդյոք բնակչության աճը պակասեցնելու կառավարական ծրագիր, ինչպես Չինաստանն ուներ իր «Մեկ ընտանիք, մեկ երեխա» ծրագիրը:

Պ.Մ. - Հնդկական կառավարությունն արտոնություններ է տալիս այն ընտանիքներին, ովքեր միայն երկու երեխա ունեն. միայն նրանք կարող են ընտրվել պետական կառավարման մարմիններ, դիմել պետական աշխատանքի համար: Եթե դու երկու դուստր ունես, ապա որոշ առավելություններ ես ստանում: Մարդկանց միայն երկու երեխա ունենալու դրդելու համար շատ տարբեր ծրագրեր կան: Բայց Չինաստանի նման կոշտ օրենք չունենք:

- Տասնամյակներ առաջ սկսվեց մարդկանց ստերիլացնելու ծրագիրը: Այն այժմ դեռ գործո՞ւմ է:

Շ.Գ. - Այո, այն դեռ կա: Գյուղական վայրերում մենք բուժկետեր ունենք, որտեղ պարբերաբար անց է կացվում տղամարդկանց և կանանց ստերիլացում: Բայց դե, մինչև հիմա դեռ շատ մարդկանց համար շատ երեխա ունենալը դա «շատ ձեռք է, շատ աշխատանք և շատ փող»: Սա է մտածելակերպը:

- Պատմեք, խնդրեմ, փոքր տարիքում ամուսնացող աղջիկների խնդիրների մասին:

Շ.Գ. - Նրանք ունեն առողջական խնդիրներ, նրանց վրա ֆիզիկական և սեռական բռնություն է գործադրվում ընտանիքի անդամների, ազգականների կողմից, և նրանք իրենց չեն կարողանում պաշտպանել, քանի որ չգիտեն իրենց իրավունքները: Նրանք ծննդաբերում են փոքր հասակում, ինչն ազդում է առողջության վրա: Այս երիտասարդ մայրերից շատերը մահանում են իրենց առաջին ծննդաբերության ժամանակ, քանի որ երեխա են ունենում 12, 13, 14 տարեկան հասակում: Կամ նրանք կենդանի են մնում, սակայն երեխան մահանում է: Նրանք ստանում են նաև սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ:

Կա՞ն արդյոք պետական ծրագրեր աղջիկների, երիտասարդ մայրերի համար:

Պ.Մ. - Ծրագրեր շատ կան: Օրինակ, անվճար ուսում մինչև 5-րդ և 8-րդ դասարան: Պետության կողմից նրանք ստանում են անվճար համազգեստ, գրքեր, դպրոցում՝ նախաճաշ: Միայն այս ամենը ստանալու համար են նրանք դպրոց գնում, բայց չեն սովորում: Երբեմն ուսուցիչներ չեն լինում, դպրոցի կառույցը լավը չէ, ջուր չկա, էլեկտրականություն չկա: Մի դպրոցում այնքան շատ խնդիրներ կան: Եվ պատճառն աղքատությունն է: Չես կարող միայն մեկը լուծել, իսկ մնացածները թողնել: Պետք է մարդկանց բացատրես կրթության կարևորությունը, դաստիարակես ուսուցիչներին, քանի որ նրանց մեծ մասը պատրաստ չի գնալ գյուղ: Այս բոլոր խնդիրները փոխկապակցված են: Կան նաև գիշերային դպրոցներ, բայց նորից նույն խնդիրն է առաջ գալիս աշակերտների համար. իսկ ո՞վ պիտի տան գործ անի, անասուններին հոգ տանի…

- Իսկ ինչպիսի՞ն է այժմ այրի կանանց վիճակը: Նախկինում այրիներին ուղարկում էին հատուկ տաճարներ, որտեղ նրանք ապրում էին իրենց մնացած կյանքը: Կամ էլ կար Սատի ավանդույթը, երբ կինը նետվում էր իր հանգուցյալ ամուսնուն այրելու խարույկի մեջ:

Պ.Մ. - Սատին արդեն չկա, դրանից մենք ձերբազատվել ենք 30-40 տարի առաջ: Այրիներին պետությունը որոշ հարմարություններ է տրամադրում: Նրանց թույլատրվում է նորից ամուսնանալ, դա արդեն մեղք չի համարվում: Այրի լինելն այլևս անեծք չէ:

- Հնդկաստանում աղջիկներին սպանելու շատ դեպքեր կան՝ ծնվելուց առաջ կամ հետո: Ի՞նչ կպատմեք սրա մասին: 

Շ.Գ. - Դա դեռ կա քիչ զարգացած համայնքներում`  ոչ թե ողջ Հնդկաստանում, այլ միայն մի քանի նահանգներում՝ Ռաջաստան, Բիհար և Ուտտար Պրադեշ: Աղջիկներին սպանելու միակ պատճառն օժիտն է, ինչպես նաև նրա հարսանիքի հսկայական ծախսերը, քանի որ Հնդկաստանում աղջկա կողմն է հոգում հարսանիքի ծախսերը, և այն պետք է շատ շքեղ լինի: Դրանից խուսափելու համար աղջկան սպանում են ծնվելուց հետո: Ծնվելուց առաջ էլ, երբ իմանում են պտղի սեռը, եթե աղջիկ է, այն հեռացնում են: Սա է պատճառը, որ այժմ օրենքով բժիշկներին չի թույլատրվում բացահայտել պտղի սեռը, հակառակ դեպքում բժիշկը որոշ ժամանակով զրկվում է աշխատելու իրավունքից: Այժմ երկրում սկսել է ավելանալ աղջիկների թիվը:

Պ.Մ. - Եթե գնանք դեպի հարավ, ապա իրավիճակը բոլորովին այլ է: Եթե գնանք արևելք և հյուսիս-արևելք, ապա այնտեղ կանայք գերակշռում են, այնտեղ ավելի շատ գերադասում են աղջիկներին: Ի դեպ, Նագալենդ նահանգում մի ցեղախումբ կա, որտեղ կինը կարող է միաժամանակ մեկից ավելի ամուսին ունենալ: Ասսամ և Մեգհալայա նահանգներում կա մեկ այլ ցեղախումբ՝ կհասի անունով, որտեղ ամուսինն է գնում կնոջ տանն ապրելու, այսինքն՝ տնփեսա: Ռաջաստանի մի գյուղում էլ այսպիսի ավանդույթ կա. եթե աղջիկ է ծնվում, ապա ընտանիքը ողջ գյուղի համար խնջույք է կազմակերպում, և նրանք գյուղի բնակչության թվի քանակով ծառեր և այլ բույսեր են տնկում: Այնպես որ, մենք և՛ լավ բաներ ունենք, և՛ վատ: Մենք Հնդկաստանում բոլոր գույների բոլոր երանգներն էլ ունենք`  և՛ մուգ, և՛ լուսավոր …

Զրուցեց Նաիրա Ս. Մկրտչյանը

Ք. Ջայպուր, Հնդկաստան 

 


Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 55%
Քամի՝ 7 կմ/ժ
17 C°
 
15°  29° 
19.09.2019
15°  30° 
20.09.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը