ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանում ու Թուրքիայում կրոնական անհանդուրժողականությունն ավելի է ուժգնանում

macleans.ca

2019թ. ապրիլի 29-ին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը (USCIRF) հրապարակել է իր ամենամյա զեկույցը, որում ներառված են «աշխարհում կրոնական ազատություններն ամենակոպիտ կերպով խախտող երկրները»: Թերևս զարմանալի չէ, որ այդ ցուցակում Ադրբեջանն ու Թուրքիան դասակարգվում են «Հատուկ մտահոգություն առաջացնող երկրների» շարքին:

Զեկույցի համաձայն` Թուրքիայում կրոնական ազատության սահմանափակումները շարունակում են սպառնալ երկրում կրոնական փոքրամասնությունների գոյությանը։ Թուրքական կառավարությունը միջամտում է ինչպես հունական, այնպես էլ հայկական համայնքների ներքին գործերին՝ հոգևորականների ձեռնադրումը սահմանափակելով Թուրքիայի քաղաքացիությամբ։ Հատկանշական է, որ այս համատեքստում նշվում է, որ չնայած նրան, որ Պոլսո հայոց պատրիարքը 2010 թվականից անգործունակ է ճանաչվել, թուրքական կառավարությունը տարիներ շարունակ թույլ չէր տալիս, որ հայկական համայնքը նոր պատրիարքի ընտրություններ անցկացնի:  

Կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունն առկա է նաև Թուրքիայի դպրոցներում: Չնայած 2014 թ. փետրվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշմանը՝ կառավարությունը դեռևս քայլեր չի ձեռնարկել, որպեսզի ալևի աշակերտներն ազատվեն պարտադիր կրոնական դասերին մասնակցելուց, որոնք առաջին հերթին հիմնված են իսլամի սուննի ուղղության վրա: Ինչ վերաբերում է հայ աշակերտներին, ապա հայերը հույների ու հրեաների հետ միասին ազատված են իսլամական առարկայի դասերին հաճախելուց, սակայն ծնողները աշակերտներին դասընթացից ազատելու համար պետք է երկարատև գործընթաց անցնեն` ընդհուպ մինչև իրենց պահանջները դատարանում ներկայացնեն։

Բացի այդ, երկրում աճել է հակասեմիտական քարոզը: Այն հիմնականում տարածված է իշխանամետ տպագիր և սոցիալական լրատվամիջոցներում: Համաձայն Հրանտ Դինքի հիմնադրամի կողմից տրամադրված տվյալների՝ 2018 թ. հունվարից մինչև ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում 427 ատելության խոսքի դեպք է գրանցվել հրեաների դեմ։

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Հայոց Պատրիարքարանին պատկանող գույքին: Բարձրաձայնվում է հատկապես այն փաստը, որ Հայոց Պատրիարքարանը ձգտում է վերադարձնել Ստամբուլում գտնվող, նախկինում հայ երեխաների կրթության համար օգտագործված Սանասարյան Հանի անշարժ գույքը, որը կառավարությունը բռնագրավել էր 1935 թվականին։

Իսկ Բոզջադա կղզու Հունական ուղղափառ հիմնադրամը դեռևս չի ստացել 11 անշարժ գույքի նկատմամբ իր իրավունքները հաստատող փաստաթղթերը, չնայած գործերը փոխանցելու մասին 2014 թ․ սեպտեմբերին Հիմնադրամի խորհրդի ընդունած որոշմանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի իշխանություններին, ապա չնայած նրան, որ վերջիններս տարբեր հարթակներից բարձրաձայնում են իրենց երկրում կրոնական հանդուրժողականության մասին, այնուամենայնիվ, զեկույցում տեղ գտած գնահատականները փաստում են, որ ադրբեջանական կառավարությունը շարունակում է ոտնահարել կրոնական ազատությունները:

Ադրբեջանի իշխանություններն անում են ամեն հնարավորը վերահսկելու  ոչ մահմեդական կրոնական համայնքների գործունեությունը: Առաջին հերթին դա վերաբերում է  կրոնական կառույցների գրանցմանը: Նրանք, ովքեր մերժում են գրանցումը կամ հրաժարվում են գրանցվել աստվածաբանական հիմքերով, համարվում են «անօրինական» և կարող են ենթարկվել ոստիկանական ստուգայցերի, կալանավորման կամ տուգանման:

Ի դեպ, 2018 թ.-ի ընթացքում տեղական ոստիկանական ուժերը բազմաթիվ ստուգայցեր են կատարել և տուգանել կրոնական համայնքներին, որոնք չեն համապատասխանել գրանցման պահանջներին, ինչպես նաև ձերբակալել են դրանց ներկայացուցիչներին:  Միևնույն ժամանակ, Ադրբեջանում գործող մի քանի քրիստոնեական խմբեր «չեն կարողանում գրանցվել»: Որոշ դեպքերում, կառավարությունը տարիներով ձգձգում է գրանցումը՝ նրանց դիմումներում «տեխնիկական բացթողումների» պատճառաբանությամբ:

Հատկանշական է, որ Ադրբեջանում նույնիսկ Ղուրան ունենալը կարող է անօրինական համարվել։ 2018 թ․ փետրվարին Մահմեդական միասնության շարժման առաջնորդ և Շիյա մահմեդական աստվածաբան Թալեհ Բաղիրովը  ստացել է լրացուցիչ հնգամսյա պատիժ ապօրինի միկրոսկավառակներ պահելու համար, որոնք պարունակում էին տեքստեր և ձայնագրություններ Ղուրանից:

Մեկ այլ լուրջ կրոնական խախտում է սրբատեղիների փակումը: Դեռևս շարունակում են փակ մնալ այն մզկիթները, որոնք կառավարությունը տարիներ առաջ փակել էր վերանորոգման պատրվակով, սակայն դրանց վերաբացման մասին պաշտոնական ժամեկտներ չեն նշվում։ Նշվում է, որ դա «արմատական» համարվող մահմեդակններին թիրախավորելու կառավարության ջանքերի մի մասն է։ Օրինակ, Հին Բաքվում գտնվող Աշուր մզկիթը, որը նաև հայտնի է որպես լեզգիների մզկիթ, փակ է 2016 թ․ հուլիսից: Տեղի մահմեդական համայնքի խոսքով` վերանորոգման պատրվակը համայնքը ցրելու կառավարության փորձերի մի մասն է։

Ինչպես երևում է վերոնշյալից` և´ Թուրքիայում, և´ Ադրբեջանում կրոնական անհանդուրժողականությունն աստիճանաբար խորանում է: Երկու պետությունների իշխանություններն ատելության խոսք են սերմանում իրենց ելույթներով:  Ավելին, ադրբեջանական և թուրքական որոշ լրատվամիջոցներ ամենօրյա կտրվածքով զբաղված են հասարակական գիտակցության մեջ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին թշնամու կերպարում ներկայացնելով: Իսկ դա հանգեցնում է ռասիստական բռնությունների:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: