ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի արտգործախարար Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ

Հունիսի 4-ին աշխատանքային այցով Նիկոսիայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Կիպրոսի արտգործախարար Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ։

Նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և գոհունակությամբ ընդգծեց, որ այս այցը լավ հնարավորություն է նոր խթան հաղորդելու հայ-կիպրական եղբայրական հարաբերություններին՝ հիմնված բարեկամության և փոխադարձ հարգանքի ամուր պատմական կապերի վրա, որի մեջ իր անգնահատելի ներդրումն է ունեցել նաև Կիպրոսում հայկական համայնքը։ Նախարար Մնացականյանն ընդգծեց Հայաստանի պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու առկա մեծ ներուժի հիման վրա առավել զարգացնելու և ընդլայնելու հայ-կիպրական բազմաոլորտ համագործակցությունը։

Զոհրաբ Մնացականյանը և Նիկոս Քրիստոդուլիդեսն, անդրադառնալով Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ հանդիպմանը, համոզմունք հայտնեցին, որ այս նոր ձևաչափով համագործակցությունը կդառնա ամուր հարթակ քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցության խթանման և զարգացման ուղիների շուրջ բաց քննարկում ծավալելու և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը նախանշելու և իրականացնելու համար։ ԱԳ նախարարները շեշտեցին, որ այս ձևաչափն արդյունավետ կերպով կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխադարձ աջակցությանը։

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը՝ այդ համատեքստում ընդգծելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորությունների լիարժեք օգտագործումը: Զոհրաբ Մնացականյանը կարևորեց նաև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ շեշտելով, որ վերոնշյալ գործընթացը հնարավորություն կընձեռի առավել ընդլայնելու մարդկանց միջև շփումները և խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդմանը:

Բարձր գնահատվեց միջազգային կառույցներում երկու երկրների միջև առկա արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման գործում:

Զրուցակցի խնդրանքով Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և կառավարության զարգացման օրակարգը, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները։

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ։ Երկուստեք ընդգծվեց, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի առանձնահատկություններ, որոնց հաշվի առնումը կենսական է խաղաղ կարգավորման համար:

Կիպրոսի հիմնահարցի համատեքստում Զոհրաբ Մնացականյանն իր աջակցությունը հայտնեց խնդրի խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունների վերսկսմանը։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նախարար Մնացականյանը Նիկոս Քրիստոդուլիդեսին ներկայացրեց Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: