ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ է «Մտքերի գագաթաժողովը» (տեղեկանք)

Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթաժողովը» («Summit of Minds») այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: «Armenian Summit of Minds» անվանումը ստացած միջոցառումը կանցկացվի հունիսի 7-9-ը՝ Երևան և Դիլիջան քաղաքներում:  Գագաթաժողովի գլխավոր գործընկերը «The Monthly Barometer» վերլուծական հանդեսն է:

Միջոցառման կազմակերպման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ամենամյա «Մտքերի գագաթաժողովին»:

Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալելու է այս միջոցառումը Շամոնիից դուրս: 

«Armenian Summit of Minds»-ի քննարկման հիմնական թեման կունենա «Տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը, տնտեսությունը և ներդրումները. բազմաբևեռության ազդեցությունն առևտրի ու ներդրումային հոսքերի վրա» խորագիրը:

Թեմայի շուրջ զեկույցներով հանդես կգան տարբեր երկրներ ներկայացնող հայտնի բանախոսներ:

Ինչո՞ւ Հայաստանը

Ինչպես նշվում է «Մտքերի գագաթաժողով»-ի պաշտոնական կայքում`«Հայաստանը պատրաստ է հանդես գալ որպես կենսական կամուրջ տարբեր երկրների միջև: Այդ նպատակով նրան անհրաժեշտ է ընկերների աջակցությունը: Ինչպե՞ս կարող է աշխարհը ներդրում կատարել Հայաստանում և տարածաշրջանային երկրներում: Եվ ինչպե՞ս կարող է աշխարհը օգուտներ ստանալ Հայաստանից: Հայաստանում կայանալիք «Մտքերի գագաթաժողովը» յուրահատուկ հնարավորություն է մասնակիցների համար միաժամանակ զգալ հինն ու նորը, որ այդ երկիրն ունի առաջարկելու»:

Գագաթաժողովի նպատակը

Հիմնական նպատակն է ավելի լավ հասկանալ բարդ ու արագ փոփոխվող աշխարհը, ներկայացնել համաշխարհային հետաքրքրություն ունեցող  կարևորագույն հարցերի վերաբերյալ նոր գաղափարներ, անմիջական քննարկումների միջոցով փոխվստահելի գործընկերային կապեր հաստատել: 

Գագաթաժողովի ընթացքում անցկացվելու են, այդ թվում՝ բացօթյա միջոցառումներ՝ շեշտը դնելով բարօրության և բնության հետ վերամիավորվելու կարևորության վրա:

Ովքե՞ր են «Մտքերի գագաթաժողով»-ի հիմնադիրները 

Գագաթաժողովի հիմանդիրներն են Ֆիլիպ Բուրգինյոնը և Թիերի Մալըրեն:

Թիերի Մալըրեն տնտեսագետ է ու գրող, «The Monthly Barometer» ամսագրի հիմնադիրն է:

Ֆիլիպ Բուրգինյոնը ֆրանսիացի գործարար է, Դիսնեյի նախկին գլխավոր գործադիր տնօրենն է: 2003-2004թթ. եղել է Համաշխարհային տնտեսական ֆորումի համանախագահը: Ֆիլիպին և Թիերիին վերջերս միացել են նաև չորս նոր գործընկերներ. Բլեյզ Ագրեստին, Քերոլ Մելտոնը, Օլիվեր Ֆլեյորթը, Թեդ Սաուդերը:

Նրանց ընդհանուր նպատակն է օգնել «The Monthly Barometer» վերլուծական հանդեսի բաժանորդներին տեղեկանալ աշխարհում կատարվող իրադարձություններին:

Ովքե՞ր են  հրավիրվում գագաթաժողովին

Գագաթաժողովի մասնակիցները «The Monthly Barometer»-ի բաժանորդներն են: «Մտքերի գագաթաժողովը» Monthly Barometer ամսագրի ամենամյա հավաքն է: Քանի որ մասնակիցների թիվը սահմանափակ է (մինչև 300 մասնակից), այդ իսկ պատճառով «Մտքերի գագաթաժողովի» կազմակերպիչներն ամեն տարի հրավեր են ուղարկում միայն 300 մասնակցի:  Ուստի գագաթաժողովին մասնակցելու համար պետք է պարտադիր բաժանորդագրվել ամսագրին:

Գագաթաժողովը միշտ տեղի է ունենո՞ւմ Շամոնիում

Մինչ օրս գագաթաժողովը տեղի է ունեցել իր հիմնադրման վայրում`Շամոնիում: Սակայն հիմնադիր թիմը ներկայումս ցանկանում է գագաթաժողովը տեղափոխել նաև այլ վայրեր:

Ովքե՞ր են զեկույցներով հանդես գալիս

 Զեկույցներով հանդես են գալիս բանախոսներ աշխարհի տարբեր երկրներից: Ներկայացնելով տարբեր գաղափարներ և հեռանկարներ` նրանք խթանում են ազատ երկխոսությանը:

Գագաթաժողովի բոլոր մասնակիցները տարբեր ոլորտների մասնագետներ են`քաղաքական գործիչներ, գիտնականներ, գործարար-ներդրողներ, խոշորագույն ընկերությունների և լրատվամիջոցների ղեկավարներ: 

Ի՞նչ է «The Monthly Barometer»-ը 

«The Monthly Barometer»-ը վերլուծական ամսագիր է, որում ներկայացված են այն մակրո խնդիրները, որոնցով հետաքրքրքված են ժամանակ չունեցող որոշումներ կայացնողները: Մենք ապրում ենք տեղեկատվության ծանրաբեռնվածության դարաշրջանում, որտեղ ավելի ու ավելի դժվար է դառնում առանձնացնել առաջնային ինֆորմացիան երկրորդականից:

Ամսագրի նպատակն է նվազեցնել այդ դժվարությունները` փոխանցելով պարզ (բայց ոչ պարզունակ) և հստակ ուղերձ:

 




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: