ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ում համար լուծարվեց սփյուռքի նախարարությունը. նորանշանակ հանձնակատար Զարեհ Սինանյանը

Medialab

Հայաստանն ունի Սփյուռքի գործերով նոր հանձնակատար: Ավելի ճիշտ` ոչ թե նոր, այլ առաջին: Նախկինում այդ պաշտոնը կոչվում էր սփյուռքի նախարար: Հանձնակատար է նշանակվել ԱՄՆ Գլենդեյլ քաղաքի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը:

Թվում է` միանգամայն տրամաբանական է, որ սփյուռքի հետ աշխատանքների համակարգման կառույցը ներկայացնում է մարդ, ով գիտի սփյուռքը ներսից, անձամբ եղել է սփյուռքի ներկայացուցիչ և լսելով չէ, որ գիտի սփյուռքի խնդիրների մասին: Նրա նշանակումը կլիներ տրամաբանական, եթե  չլինեին որոշակի բայց-եր.

  • Այն պահից ի վեր, երբ անկախ Հայաստանը համակարգված կերպով աշխատում է սփյուռքի հետ, այդ պաշտոնին չեն նշանակվել հայկական սփյուռքի ներկայացուցիչներ: Պետք չէ լինել մեծ գիտակ կամ փորձագետ` հասկանալու համար, թե որքան բազմաշերտ ու տարբեր է հայկական սփյուռքը: Դա տարբեր կուսակցական կառույցներ են, տարբեր, հաճախ` միմյանց հակառակորդ երկրների ներկայացուցիչներ են, տարբեր ծագում ունեցող սփյուռքի ներկայացուցիչներ` նոր կամ հին, և այլն: Պետք չէ նաև թաքցնել, որ սփյուռքի տարբեր կառույցներ և միավորներ խանդով են վերաբերում միմյանց ոչ միայն սփյուռքում տեղի ունեցող իրադարձությունների, այլև Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների հարցերում: Այս իմաստով հեշտ չէ սփյուռքին բավարարելը, սակայն անվիճելի է, որ այս ոլորտում պետք է աշխատի մարդ, ով հավասարապես ընդունելի է սփյուռքի բոլոր կառույցների կողմից:
  • Երկրորդ բայց-ն առնչվում է ՀՀ սփյուռքի նախարարության վերակազմակերպմանը: Եթե այդպիսի կառույցն ամեն դեպքում անհրաժեշտ էր, և այն չէր ստեղծվում արտաքին գործերի նախարարության ներքո (ինչպես ակնկալվում էր), այլ դրա համար պիտի ստեղծվեր աշխատակիցների նոր հաստիքացուցակ (չնայած խոսվում էր օպտիմալացման մասին), ստեղծվում է տպավորություն, որ նախարարությունը լուծարել են միայն այն պատճառով, որ Զարեհ Սինանյանը չէր կարող նշանակվել նախարար քաղաքացիության ցենզի պատճառով: Դա նշանակում է, որ Սփյուռքի գործերով  հանձնակատարի գրասենյակը` որպես կառույց ստեղծվել է հենց Զարեհ Սինանյանի համար: Իսկ սա որևէ կերպ չի համապատասխանում այն վերափոխումների տրամաբանությանը, որոնք պիտի լինեին «նոր» Հայաստանում:

Կարծես Զարեհ Սինանյանն ինքն էլ է հասկանում իր նշանակման ոչ միանշանակ լինելը: Այդ իսկ պատճառով պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո նա հայտարարեց. «..., այո, ես 31 տարի բնակվել եմ ԱՄՆ-ում, բայց ես երևանցի եմ, ես շատ լավ տիրապետում եմ ռուսերենին, եթե ՌԴ-ի համար են անհանգստանում, իսկ Իրանի մասով, ով էլ լինես, բացառությամբ դրսում չապրած հայաստանցին, ամեն մի պետության համար խնդիր կարող է լինել: Ես սկզբունքային խնդիր չեմ տեսնում»,- նշել է Սինանյանը: Հնարավոր է` Սինանյանն ինքն էլ լավ հասկանում էր, որ ամերիկահայի նշանակումն այդ պաշտոնին կարող է ամենևին էլ հաճելի չլինել ռուսական, իրանական կամ, օրինակ` ֆրանսիական համայնքներին, որոնք կարող են տեսնել այդ նշանակման հարցում տարանջատման տարրեր: Հետաքրքիր է` նա հայտարարել  է, որ առաջին հերթին կկենտրոնանա Ռուսաստանում հայ համայնքի խնդիրների վրա, և իր առաջին այցը հանձնակատարի պաշտոնում կլինի հենց Ռուսաստան: Հետաքրքրական է նաև, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար դարձավ Սարա Անջարգոլյանը, նույնպես ամերիկահայ: Նշանակումների բալանսի մասին, թերևս, մոռացել են մտածել...

Զարեհ Սինանյանի կենսագրությունից

Զարեհ Սինանյանը ծնվել է Երևանում: Նա 14 տարեկան էր, երբ 1988թ. ընտանիքի հետ տեղափոխվեցին ԱՄՆ և հաստատվեցին Կալիֆորնիայի Բըրբենք քաղաքում: Մասնագիտությամբ քաղաքագետ է և իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր է: Ամուսնացած է, ունի 4 երեխա:

«Հայրս ծնվել է Ստամբուլում, 1946թ.-ին հայրենադարձվել են ընտանիքով և հաստատվել Երևանում: Մայրական կողմս Թալին քաղաքից է, իսկ արմատներով մշեցի են: Իսկ ԱՄՆ տեղափոխվեցինք 1988թ. մայիսին, քանի որ հայրս ու մայրս չէին հաշտվում կոմունիստական հասարակարգի հետ: Չնայած մենք լավ կենսամակարդակ ունեինք Խորհրդային Հայաստանում, այնուամենայնիվ, ծնողներս որոշեցին, որ ես ու քույրս ազատ հասարակարգում մեծանանք, և ինքներս որոշենք, թե որտեղ ենք ապրելու: Սովորել եմ Երևանի թիվ 172 դպրոցում՝ «Փոսի անգլիական» և Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցում: Այնուհետև ավարտել եմ Բուրբանկ քաղաքի միջին և ավագ դպրոցները: UCLA համալսարանում ստացել պատմագիտության և քաղաքագիտության բակալավրի կոչում, իսկ այնուհետև արդեն ավարտել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել եմ Վաշինգտոնի թանկարժեք պարտատոմսերի շուկան վերահսկող մարմնում և այնտեղ էլ ներգրավվեցի հայկական լոբբիստական ընկերություններից մեկում», - պատմել է Սինանյանը 2014թ. news.am-ին տված հարցազրույցում: 2013թ. Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամի թեկնածու Սինանյանը հայտնվել է սկանդալի կենտրոնում` կապված YouTube-ում «ռասիստական, կնատյաց և սպառնալից» մեկնաբանությունների հեղինակ լինելու մասին մեղադրանքների հետ:

Զարեհ Սինանյանը երկու անգամ զբաղեցրել է Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնը (2014-2015 և 2018-2019թթ.): Ղեկավարել է Հոլլիվուդի «Բըրբենք» օդանավակայանի աշխատակազմը:

Վարչապետին կից Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակն ունենալու է  25 աշխատակից: Սինանյանը կլինի վարչապետի ներկայացուցիչը սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ: Հանձնակատարի գործառույթները որոշում է վարչապետը: Հանձնակատարը հաշվետու է վարչապետին և միայն վարչապետին:

«Եկել է ժամանակը, որ բոլորս գործի լծվենք ու կերտենք այն երկիրը, որի մասին երազել ենք: Բարոյական չէր լինի, որ ես հեռու նստեի ու մասնակցություն չունենայի երկրի կայացմանը», - այս մասին «Ազատության» ուղիղ եթերում ասել է Սփյուռքի գործերի նորանշանակ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Ըստ նրա՝ նախ պետք է հասկանալ, թե ինչ են իրենցից ներկայացնում տարբեր երկրներում հայկական սփյուռքները:

Ինչևէ, մեկնարկը տրված է. կա նոր պաշտոն, ազատություն Զարեհ Սինանյանի գործողությունների համար և, ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, 4 լեզուների է տիրապետում (հայերեն, անգլերեն, ռուսերեն, մի փոքր իսպաներեն): Մնացել է միայն տիրապետել այդ լեզուները պատեհ օգտագործելու հմտություններին, որպեսզի լուծվեն ահռելի քանակությամբ խնդիրներ` կապված ինչպես սփյուռքի, այնպես էլ Հայաստան-Սփյուռք բազմաշերտ հարաբերությունների հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: