ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 911,13 դրամ ԱՐԾԱԹ - 272,06 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 656,56 դրամ

Կառավարությունը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձը 13 հազար դրամով բարձրացնելու նախագծին

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ դարձնելու նախագծին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստի ընթացքում «Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի  նախագիծը քննարկման ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմոֆին Գասպարյանը:

«Օրենսդիրի մեր գործընկերները՝ պարոն Թունյանը (Բաբկեն Թունյան) և պարոն Կարապետյանը (Վարազդատ Կարապետյան), առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացնել և դարձնել 63 հազար: Հիմնավորումը Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2018 թվականի առաջին եռամսյակից հրապարակված միջին ընթացիկ գներով նվազագույն սպառողական արժեքի հիմքով է, որը 63 հազար 550 դրամ է: Sa փոփոխվող մեծություն է: Մինչև իրենց ներկայացրած նախագիծը մենք շուրջ երեք ամիս առաջ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտին պատվիրակել էինք հետազոտություն, որպեսզի կարողանանք նվազագույն աշխատավարձի սոցիալ-տնտեսական օրինաչափ մեծությունը գնահատել: 4 մեթոդով իրականացրել ենք հետազոտությունը և ունենք արդյունքները: Կիրառվել է սոցիալ-ներառական նվազագույն աշխատավարձի մեթոդը, որն ասում է, որ Հայաստանում, որպեսզի միջին աշխատողների թվով և միջին անդամների թվով ընտանիքը գտնվի աղքատության ստորին, միջին և վերին գծերից վերև, պետք է նվազագույն աշխատավարձը լինի 67 հազար 660 դրամ: Երկրորդ մեթոդը, որ կիրառել ենք, դա ընտրված 23 երկրների նվազագույն աշխատավարձի և մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի հարաբերակցության եղանակով հաշվարկն է, որով մենք ստացել ենք 64 հազար 600 դրամ: Նվազագույն աշխատավարձի և միջին աշխատավարձի հարաբերության եղանակով ստացել ենք 70 հազար 142 դրամ, և 2019 թվականի ապրիլ-մայիսին մենք հարցում ենք իրականացրել շուրջ 1580 գործատուների մոտ.  իրենց առաջադրած միջին մեծությունը՝ 70 հազար 254 դրամ էր: Մենք այս թվերից վերցրել ենք նվազագույն աշխատավարձի միջին թիվ՝ 68 հազար դրամ: Եվ մենք առաջարկում ենք, որպեսզի նախագծին ոչ թե 63 հազար դրամով դրական կարծիք տանք, այլ 68 հազար դրամով: Հետո, երբ արդեն Ազգային ժողովում կքննարկվի այս հարցը, մենք լինելու ենք հարակից զեկուցող, կաշխատենք մեր գործընկերների հետ վերջնական փաթեթի վրա»,- մանրամասնեց փոխնախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ գործնական խնդիր են լուծում՝ բարձրացնելով նվազագույն աշխատավարձը, ի՞նչ է դա փոխում մարդկանց կյանքում:

Գեմոֆին Գասպարյանը պատասխանեց, որ 45 մարդ մասնավոր ոլորտում և 35 հազար մարդ պետական ոլորտում ստանում է նվազագույն աշխատավարձ՝ 55 հազար դրամ, կառավարությունն առաջարկում է, որ նվազագույն աշխատավարձը դառնա 68 հազար դրամ՝ բարձրանալով 23.6 տոկոսով: «Կան նաև բարելավման իմաստով  այլ ազդեցություններ, որոնք Ազգային ժողովում կքննարկենք մեր գործընկերների հետ»,- մանրամասնեց Գասպարյանը:  

Հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 44%
Քամի՝ 6 կմ/ժ
11 C°
 
10°  23° 
16.10.2019
12°  24° 
17.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: