ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԵՊԲՀ շրջանավարտներին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտխորհրդի հանդիսավոր նիստին: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի համալսարանական հիվանդանոցի բակում կայացած բացօթյա միջոցառման ընթացքում բժշկական համալսարանն ավարտող ապագա բժիշկները, այդ թվում՝ ռազմական, ընթերցել են Հիպոկրատի երդումը և ստացել ավարտական դիպլոմները: Ի դեպ, այս տարի լրանում է համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակը:

Իր խոսքում, վարչապետը նշել է.

«Հարգելի՛ ներկաներ, 
պետական այրեր, 
դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, 
պարոնայք սպաներ, 
հարգելի՛ շրջանավարտներ,

Շնորհավորում եմ բոլորիս այսօրվա իրադարձության կապակցությամբ: Առաջինը՝ ռազմաբժշկական ֆակուլտետի և շրջանավարտների վերաբերյալ. խիստ խորհրդանշական է ավարտել բժշկական համալսարանը և հագնել զինվորական համազգեստ, խիստ պատասխանատու է ծառայել կրկնակի երդման ներքո՝ Հիպոկրատի երդումը և զինվորական ծառայության երդումը: Եվ այս պատասխանատվությունը եռակի մեծանում է մեկ ուրիշ հանգամանքով: Ընդհանրապես, Հայաստանի Հանրապետությունում, հայ ժողովրդի շրջանում յուրաքանչյուր բժիշկ հիվանդի հետ առնչվելիս զգում է նրա ընտանիքի շատ ուժեղ ճնշումը: Ռազմաբժշկական գործի մասնագետների համար այդ ճնշումը տասնապատիկ է, որովհետև յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի յուրաքանչյուր հայ ընտանիք համարում է իր անդամը, իր անբաժանելի մասը: Հետևաբար, մեր այն շրջանավարտները, ովքեր կայացրել են որոշում միանգամից կրկնակի երդման և կրկնակի համազգեստի ներքո ծառայություն ստանձնել՝ աներկբա ուժեղ և պատասխանատու են և նրանց ցանկանում եմ պատվով կատարել իրենց պատասխանատու առաքելությունը:

Երկրորդը՝ բժշկական համալսարանի շրջանավարտների, ինչպես ասում են՝ քաղաքացիական բժիշկների մասին: Դեռ այն ժամանակ, երբ Հայաստանում չկար ռազմաբժշկական ֆակուլտետ, այդ ժամանակներում մեր երկրի քաղաքացիական մասնագիտություն ունեցող բժիշկները արցախյան հերոսամարտի ընթացքում ճակատում էին, նրանք բուժօգնություն էին ցույց տալիս մեր ազատամարտիկներին և զինվորներին: Բայց ես մեր քաղաքացիական բժիշկներին ցանկանում եմ, որ նրանց աշխատանքը լինի ամբողջությամբ քաղաքացիական կյանքում, որ հայրենիքը երբեք հավելյալ օգնության կարիք չունենա: Ես ցանկանում եմ, որ նրանք մասնագիտանան մեր քաղաքացիներին ստեղծարար կյանքի, արժանապատիվ ու երջանիկ կյանքի վերադարձնելու գործում: Ես ցանկանում եմ, որ Հայաստանում բժշկական չափանիշները, բժշկական ծառայության որակն ամեն օրվա, ամեն տարվա հետ բարձրանա և մեծանանա ու Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի զգա, որ բժշկական այդ ծառայությունները հասանելի են իրեն և այդպես լինի իրականում: Ինչպես տեսնում եք՝ մեր կառավարության համար սա առաջնահերթություն է, շարունակական առաջնահերթություն, որպեսզի որևէ քաղաքացի որևէ առողջապահական հիմնարկի մուտքից ձեռնունայն ետ չվերադառնա: Ես ցանկանում եմ, որ մենք միասին կարողանանք ստեղծել այնպիսի իրավիճակ, որ յուրաքանչյուր բժշկի ձեռքը մշտապես պարզած լինի և օգնության պատրաստ ոչ միայն դե յուրե, այլ նաև դե ֆակտո, այդ պատրաստակամությունն իրականություն դարձնելու իրական հնարավորություն լինի: Սա մեր հավաքական գործն է, որը մենք պետք է անենք:

Երրորդը՝ մեր օտարերկրյա շրջանավարտների վերաբերյալ. հույս ունեմ, որ նրանք Հայաստանի Հանրապետությունում ստացել են անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ, հմտացել են բավարար պրոֆեսիոնալիզմով և այս տարիներին ապրել են հարազատ միջավայրում: Ուզում եմ հավատալ, որ նրանք այսուհետ դառնում են Հայաստանի Հանրապետության դեսպանն իրենց երկրներում: Ես ուզում եմ հավատալ, որ նրանք իրենց երկրներում կհասնեն այնպիսի հաջողությունների, իրենց ժողովուրդներին կմատուցեն այնպիսի ծառայություններ, որ իրենցով հպարտ կլինեն ոչ միայն իրենց ծնողները, ոչ միայն հազարատներն ու բարեկամները, այլ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը: Եվ ես հույս ունեմ, որ նրանց օրինակը, պրոֆեսիոնալիզմը տեսնելով՝ նրանց ավելի ու ավելի շատ հայրենակիցներ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն կունենան:

Եվ չորրորդը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի վերաբերյալ. նախորդ տարի էլ այս օրվա առիթով ասել եմ, որ բժշկական համալսարանն, ըստ էության, այսօր միակ կամ ամենահաջողված պետական բուհն է, որն արտահայտում է մեր բարձրագույն կրթական համակարգի ապագայի վերաբերյալ մեր պատկերացումը: Խոսքը մեր բարձրագույն կրթական համակարգը միջազգայնացնելու մասին է, որպեսզի մեր բոլոր բուհերն ունենան շոշափելի տոկոսով արտասահմանցի ուսանողներ: Եվ մենք հույս ունենք, որ ԵՊԲՀ-ն ոչ միայն իր այս պրակտիկան կշարունակի և կլընդլայնի, այլ նաև Հայաստանի ավելի ու ավելի շատ բուհեր ավելի ու ավելի գրավիչ կլինեն օտարերկրացի ուսանողների համար:

Հարգելի՛ ներկաներ,

ԵՊԲՀ-ի հարգելի՛ դասախոսներ, աշխատակիցներ, շրջանավարտների սիրելի ծնողներ, սիրելի շրջանավարտներ,

շնորհավորում եմ ձեզ այսօրվա, բժշկի բարձր մասնագիտական ճանապարհին առաջին քայլն անելու կապակցությամբ և հույս ունեմ, համոզված եմ, որ ձեր այդ առաջին քայլին կհաջորդի երկրորդը, երրորդը, ձեր մասնագիտական ճանապարհը կլինի երկար և կպսակվի փառքով»:

ԵՊԲՀ-ն 2018-2019 ուսումնական տարում ունի շուրջ 1000 շրջանավարտ, նրանցից 27-ը՝ ռազմական բժիշկներ են:

13845_b.jpg (1670×1113)

13843_b.jpg (1670×1113)

13842_b.jpg (1670×1113)

13836_b.jpg (1670×1113)

13834_b.jpg (1670×1113)

13832_b.jpg (1670×1113)


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: