ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վահագն Տատրյան. Հայոց ցեղասպանության պատմության բնագավառի հզոր գործիչը

Ցեղասպանությունը միանգամից չի իրագործվում, այն երկարատև նախապատրաստություն է ունենում, և դահիճը սպասում է հարմար պահի. այդպես էր և Հայոց ցեղասպանության պարագայում: Այս մասին 2002 թվականին Երևանում ունեցած իր դասախոսության ընթացքում ասել էր ամերիկահայ ճանաչված գիտնական, իրավագետ, սոցիոլոգ, պատմաբան, մաթեմատիկոս Վահագն Տատրյանը (Vahakn Dadrian):   

Վահագն Տատրյանը ծնվել է 1926 թվականին Կոստանդնուպոլիս քաղաքում: Ավարտել է Բեռլինի համալսարանի մաթեմատիկայի, Վիեննայի համալսարանի պատմության և Ցյուրիխի համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետները։ 1947-ին տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, իսկ 1961-ին` ստացել ԱՄՆ քաղաքացիություն:

1970-91թթ. Տատրյանը սոցիոլոգիա է դասավանդել Նյու Յորքի համալսարանում, միաժամանակ եղել է Հարվարդի համալսարանի Միջին Արևելքի ուսումնասիրությունների և Մասսաչուսեթսի Տեխնոլոգիայի միջազգային ուսումնասիրությունների կենտրոնների ավագ գիտաշխատող: 1990-ական թվականներին եղել է Գուգենհեյմի ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրի տնօրենը, 1991թ-ից՝ Զորյան ինստիտուտի (Տորոնտո և Քեմբրիջ) ցեղասպանության հետազոտությունների ծրագրի գիտական տնօրենը։ Իր գիտական գործունեության կենտրոնում դնելով ցեղասպանությունների և, հատկապես, Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը՝ հեղինակել է մի շարք գիտական հոդվածներ ու գրքեր, դասախոսություններով է հանդես եկել աշխարհի շատ համալսարաններում, հանդիսացել է համեմատական ցեղասպանագիտության հիմնադիրներից։ 

Ջինեսեոյի քոլեջում (State University College at Geneseo) աշխատելու տարիներին՝ 1991-ին, պրոֆեսոր Տատրյանը սկանդալի կենտրոնում է հայտնվում: Քոլեջի ուսանողուհիներից մեկի դիմումի հիման վրա Տատրյանը մեղադրվում է սեռական ոտնձգության մեջ և ազատվում աշխատանքից:   

Վահագն Տատրյանը 1998թ-ից եղել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: 1995թ. արժանացել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչման, մի շարք մեդալների, 2005 թվականին՝ Ցեղասպանագետ գիտնականների միջազգային ասոցիացիայի մրցանակին, իսկ 2009 թվականին՝ ՀՀ նախագահի ոսկե մեդալի:

Հայտնի գիտնական, Կանադայի Օնտարիոյի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Բրյուս Մակդոնալդը Տատրյանին բնութագրել է՝ որպես «Հայոց ցեղասպանության պատմության բնագավառի վեր խոյացող, հզոր գործիչ» ("towering figure in the field of Armenian genocide history"):

Վահագն Տատրյանը վախճանվեց 2019 թվականի օգոստոսի 3-ին՝ 93 տարեկան հասակում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 56%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    4 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: