ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Համահայկական խաղեր. կհաղթենք բոլորս!

Համահայկական խաղերի համար այս տարին հոբելյանական է . 20 տարի առաջ, 1999 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ն անցկացվեցին առաջին Համահայկական խաղերը, որոնց մասնակցում էին աշխարհի 23 երկրների 62 քաղաքների պատվիրակություններ: Խաղերի ծրագիրն ընդգրկում էր 7 մարզաձև՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թեթև աթլետիկա, թենիս, սեղանի թենիս և շախմատ:  Խաղերի կրակը վառելու պատիվը վստահվել էր սպորտային մարմնամարզության գծով օլիմպիական խաղերի եռակի  չեմպիոն  Ալբերտ Ազարյանին:

Համահայկական խաղերը միջազգային մրցումներ են, որոնք անցկացվում են 1999 թվականից: Խաղերին մասնակցում են հայ մարզիկներ համայն աշխարհից: Խաղերի նպատակն է տարբեր երկրների հայերի միավորումը սպորտի միջոցով, Հայաստանի և հայկական սփյուռքի միջև կապերի ամրապնդումը: Խաղերի կազմակերպմամբ զբաղվում է հատուկ այդ նպատակով ստեղծված Համաշխարհային կոմիտեն՝ Հայաստանի, հայկական սփյուռքի հասարակական կազմակերպությունների և առանձին բարերարների ֆինանսական և կազմակերպչական աջակցությամբ:

Աշխարհի տարբեր երկրներից հայ մարզիկների մասնակցությամբ  համահայկական խաղերի անցկացման գաղափարը պատկանում է հայ դիվանագետ Աշոտ Մելիք-Շահնազարյանին: 1996 թվականին, Հայկական ընդհանուր Բարեգործական Միության խաղերի ժամանակ, որոնց մասնակցում էին միայն հայկական սփյուռքի ներկայացուցիչները, Մելիք-Շահնազարյանը այսպիսի առաջարկ արեց, որը լայն արձագանք գտավ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:

1997 թվականի ապրիլին, առաջին հիմնադիր համագումարի ժամանակ, ստեղծվեց  Համահայկական խաղերի Համաշխարհային Կոմիտեն, իսկ որպես Խաղերի անցկացման ժամկետ հաստատվեց 1999 թվականը: Հաստատվեց նաև Խաղերի խորհրդանիշը, որն ինչ-որ առումներով ասոցացվում էր Օլիմպիական խաղերի հետ: Որպես էմբլեմա ընտրվել էին տարբեր գույների վեց միահյուսված օղակներ, որոնցից հինգը կրկնում են Օլիմպիական խաղերի էմբլեմայի օղակների գույները, իսկ վեցերորդը նարնջագույն է և խորհրդանշում է Հայաստանը:

Համահայկական խաղերն անցկացվում են չորս տարին մեկ անգամ: Ամեն անգամ ավելանում է Խաղերի մասնակիցների քանակը՝ ինչպես մարզիկների, այնպես էլ քաղաքների, որոնք ուղարկում են իրենց պատվիրակներին մրցումներին մասնակցելու համար: Այս տարի խաղերն առաջին անգամ անցկացվում են Արցախում: Աշխարհի տարբեր երկրներից  Արցախում հավաքված հազարավոր հայ մարզիկներ հերթական անգամ կցուցադրեն Արցախի, սփյուռքի և Մայր Հայաստանի եռամիասնությունը:

Համահայկական յոթերորդ հոբելյանական խաղերին կմասնակցեն ավելի քան հինգ հազար մարզիկներ: Կազմակերպիչներն սպասում են ավելի քան 10 հազար հյուրերի: Մրցումները կանցկացվեն օգոստոսի 6-17-ը: Բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտում:

4 օր խաղերը կանցկացվեն Արցախում, այնուհետև կշարունակվեն Հայաստանում: Մրցումների ծրագրում 17 մարզաձև է ներառված. ֆուտբոլ, մինի-ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, աթլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինտոն, լող, լողափի վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, ձեռքի գնդակ, բազկամարտ, հեծանվավազք և հրաձգություն: Դրանցից 14-ը օլիմպիական մարզաձևեր են համարվում:

 «Մեր կանոնադրության և 20-ամյա ավանդույթների համաձայն, վառվելու է 3 ջահ, որոնք խորհրդանշում են համայն աշխարհի հայերի միասնությունը՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի»-ասաց Համահայկական խաղերի Միջազգային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում:

«Համահայկական խաղերի առաջին ջահը վառվել է Մուսա-Դաղ լեռան ստորոտին գտնվող Սուրբ Աստվածամայր հայկական եկեղեցում (Արևմտյան Հայաստան), երկրորդը՝ Խոր Վիրապի Գրիգոր Լուսավորչի կանթեղից, իսկ երրորդ ջահը վառվել է հունիսի 22-ին հինավուրց Տիգրանակերտ (Արցախ) պատմամշակութային արգելոցում:  Բոլոր երեք ջահերը, Համաշխարհային խաղերի բացման  հանդիսավոր արարողության ժամանակ բերվեցին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտ՝ գլխավոր ջահը վառելու համար:  

Խաղերին կմասնակցեն մարզիկներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Իրանից, Թուրքիայից և այլ երկրներից: Մրցումներն ուղիղ եթերով կհեռարձակվեն Ստեփանակերտի տարբեր վայրերում տեղադրված մեծ էկրաններին, ապահովված կլինի որակյալ շարժական ինտերնետ կապ, իսկ միջհանրապետական նշանակության ճանապարհներին տեղադրված կլինեն գովազդային վահանակներ:

Մայրաքաղաքում և Արցախի մեծ քաղաքներում արդեն զբաղված են բոլոր հյուրանոցները: Մոտակա օրերին Արցախում կլսվեն աշխարհի տարբեր երկրների հայերենի բոլոր բարբառները: Դա կլինի սպորտի տոն և միաժամանակ՝ հայության տոն: Այդ մրցումները կունենան մի հաղթող՝ մենք բոլորս:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    17 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: