ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտին-էրդողան հանդիպում. Թուրքիան դավաճանո՞ւմ է ՆԱՏՕ-ին

РИА Новости / Сергей Гунеев

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ էրդողանի՝ օգոստոսի 27-ին կայացած հանդիպումը վկայում է տարածաշրջանում աշխարհաքաղաքական վերադասավորումների մասին:

Չնայած Անկարայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռքբերելու հարցում ամերիկյան ճնշմանը՝ Թուրքիան մտադիր է խորացնել Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմական ոլորտում: Ս-400-ների ձեռքբերման պատճառով Թուրքիային հեռացնելը ամերիկյան նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրից, ինչպես և ենթադրում էր, վերջինիս ստիպում է դրան փոխարինող գտնել ռուսական շուկայում: էրդողանը մերձմոսկովյան ժուկովսկում տեղի ունեցած «MAKS-2019» միջազգային ավիատիեզերական տոնավաճառ-ցուցահանդեսի բացմանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ռուսական ռազմական ինքնաթիռների նկատմամբ: Կողմերը մասնավորապես քննարկել են համագործակցությունը ռուսական Սու-37 ինքնաթիռի հարցում, նոր Սու-57 ինքնաթիռների ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատանքը և այլն:

Ռազմական ավիացիայի ոլորտում ռուս-թուրքական համագործակցությունն էլ ավելի կխորացնի Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև տարաձայնությունները, իսկ ամերիկյան նոր պատժամիջոցները, որոնք սահմանելու կոչերով հանդես են գալիս ամերիկացի կոնգրեսականները, իրավիճակը միայն կարող են էլ ավելի բարդացնել՝ ՆԱՏՕ անդամ և տարածաշրջանում Արևմուտքի հիմնական դաշնակից Թուրքիային վերջնականապես կողմնորոշելով դեպի Ռուսաստան:

Ինչ վերաբերում է կանխատեսումներին, որ սիրիական Իդլիբի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա տարաձայնություններն առաջիկայում կխոչընդոտեն կողմերի առավել մերձեցմանը, ապա, ինչպես ցույց են տալիս նախօրեին կայացած բանակցությունների արդյունքով կողմերի հայտարարությունները,  դրանք քիչ հավանական են: Ռուսաստանն ու Թուրքիան բավականին արդյունավետ են համագործակցում Սիրիայում՝ ունենալով միանգամայն հակառակ մոտեցումներ սիրիական հակամարտության կարգավորման հարցում: Հակամարտության քաղաքական կարգավորման փուլում, իհարկե, կողմերի միջև առկա տարաձայնություններն իրենց ավելի շատ են զգացնել տալու, քան ռազմական փուլում, սակայն և՛ Մոսկվան, և՛ Անկարան, կարծես թե, պատրաստ են փոխզիջումների: Երկու երկրներն էլ ընդգծում են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի անհրաժեշտությունը: Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում Թուրքիայի անվտանգային մտավախությունների կապված Սիրիայի հյուսիսային շրջանների հետ: Այստեղ պետք է նկատել, որ Ռուսաստանն էրդողանի հիմնական թիրախ հանդիսացող Սիրիայի քրդերի նկատմամբ պարտավորություններ չունի, ի տարբերություն Միացյալ Նահանգներին,  և այդ հարցում ավելի շատ մանևրելու հնարավորություն ունի: Միևնույն ժամանակ, Թուրքիան այլևս նույն եռանդով չի պնդում Ասադի հեռանալու վրա: Ըստ էության, կողմերը դանդաղ, բայց քայլեր են ձեռնարկում առկա տարաձայնությունները հարթելու ուղղությամբ:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպրոպ
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 6,17 կմ/ժ
    16 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: