ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը պետք է աշխարհին ներկայանա որպես միջազգային իրավունքի սուբյեկտ. ԱԺ խոսնակ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել  ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

 

«Սիրելի՛ գործընկերներ,

ուրախ ենք հյուրընկալել ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին Ազգային ժողովի հարկի տակ: Այս հավաքն առաջինն է, որն անց է կացվում նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական հեղափոխությունից հետո, երբ մեր պետության քաղաքացիները ոտքի կանգնեցին կյանքի կոչելու մեր հավաքական իղձերը՝ ապրելու ինքնիշխան, ժողովրդավարական, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանող երկրում: Եվ սա այն պատգամն է, որ բոլորս՝ յուրաքանչյուր հանրային ծառայող, պարտավոր ենք կյանքի կոչել:

Սա անկախացումից ի վեր Հայաստանի Հանրապետության զարգացման կարևորագույն հանգրվաններից մեկն է: Այն պիտի առիթ դառնա, որպեսզի վերանայվեն, վերաիմաստավորվեն և արդյունքում վերահաստատվեն կամ անհրաժեշտության դեպքում էականորեն փոփոխվեն պետական ոլորտային քաղաքականությունները, այդ թվում արտաքին քաղաքականությունը: Այս ուղղությամբ, ինչպես և հայտարարվել էր, չեն եղել և չեն նախատեսվում աշխարհաքաղաքական ուղենիշների փոփոխություններ, բայց փոփոխության է ենթարկվում արտաքին քաղաքականություն վարելու ոճը թերևս, առնվազն որովհետև եթե դեսպանները, օրինակ, մի յուրօրինակ առաջնագծում առանց զենքի պաշտպանում են երկիրը, նրանք չեն կարող նույն փաստարկային բազայով կամ նույն դիրքերից հանդես գալով կամ նույն մեթոդով ու բառակազմով պաշտպանեն այն, ինչն էականորեն փոխվել է: Իսկ Հայաստանն, արդեն ասացի, էականորեն փոխվել է: Փոխվել է, դեռևս գուցե ոչ բոլոր ուղղություններով վերջնական արդյունքների առումով, բայց հաստատապես այն արժեքների, այն գաղափարական, փիլիսոփայական հենքի առումով, որի վրա կառուցվում է պետությունը և նրա բոլոր ինստիտուտները, այն հենքի առումով, որի վրա կառուցվում են հասարակական հարաբերությունները:

Ըստ այդմ՝ Հայաստանն աշխարհին պիտի ներկայանա որպես ինքնիշխան, սեփական շահերը գիտակցող և համարձակորեն պաշտպանող, միևնույն ժամանակ գործընկերային և հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարող միջազգային իրավունքի սուբյեկտ, որովհետև Հայաստանում արդեն ամրագրվել են ժողովրդավար պետություն կառուցելու երաշխիքները. Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտակցում է, որ հանդիսանում է իշխանության միակ աղբյուրը:

Օգտագործեք այս օրերին Հայաստանում գտնվելու փաստը և շփվեք փողոցում մեր քաղաքացիների հետ, այն քաղաքացիների հետ, որոնց ներկայացնում եք արտերկրում: Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատ է, քան երբևէ, զգում է իր` իշխանության աղբյուր լինելն ավելի, քան երբևէ, պահանջատեր է, քան երբևէ, հաստատակամ է, քան երբևէ: Սա մեր աշխատանքում պիտի լինի առաջ մղող և միևնույն ժամանակ պարտավորեցնող կարևորագույն գործոնը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին յուրաքանչյուրիցս ակնկալում է ամբողջապես այլ արժեքների վրա հիմնված գործողություններ: Այս առումով գտնում եմ, որ շատ խորհրդանշական է ընտրված դեսպանաժողովի անունը՝ «Արժեքներ գործողության մեջ: Հայաստանի շահերը արագ փոփոխվող աշխարհում»: Եվ իսկապես, այս արագ փոփոխվող աշխարհագրական փոփոխությունների համատեքստում Հայաստանի ինքնիշխանության շահերն առաջ մղելու համար անհրաժեշտ է անշեղորեն հետևել ազգային և ժողովրդավարական արժեքներին և չհապաղել մեր գործողություններում: Իսկ դիպուկ և տեղին գործելու համար անհրաժեշտ է զգալ մեր պետության զարկերակը, ինչպես նաև արձանագրել այն կարևորագույն իրադարձությունները, որոնք պայմանավորել են հայաստանյան հասարակական-քաղաքական զարգացումների ողջ տրամաբանությունը:

Այս համատեքստում կցանկանայի ևս մեկ անգամ ձեր ուշադրությունը հրավիրել նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած հանգրվանային երկու այլ իրադարձությունների, որոնք անկյունաքարային են հայկական ժողովրդավարության համար, որն արդարացիորեն ձեր դիվանագիտական զինանոցում գտնվող կարևորագույն գործիքներից մեկն է:

Առաջինը՝ Հայաստանի Հանրապետության անցումն է կառավարման խորհրդարանական մոդելին:

Երկրորդը՝ 2018 թվականի դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որոնք ոչ միայն բարձրագույն լեգիտիմություն ունեցան Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում, այլ նաև արժանացան ամենաբծախնդիր միջազգային գործընկերների ամենաբարձր գնահատականին:

Կարծում եմ՝ վերոնշյալ երկու իրադարձությունները պայմանավորում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` որպես ինստիտուտի և Ազգային ժողովի պատգամավորների` որպես այս ներկայացուցչակական մարմնի անդամների դերակատարությունը ոչ միայն Հայաստանի ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական կյանքում: Պատահական չէ, որ ելույթս սկսեցի հենց «հարգելի գործընկերներ» բառերով, որովհետև դահլիճում հավաքված թե՛ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, թե՛ Ազգային ժողովի պատգամավորները արտաքին քաղաքականության համատեքստում միևնույն գործն են անում՝ արտերկում ներկայացնելով մեր հայրենիքի շահերը: Վստահաբար տեղյակ եք, թե ինչ ծավալի աճ ունի և որքան է ինտենսիվացել խորհրդարանական դիվանագիտությունը, որն արդեն իսկ, թույլ տվեք ասել, մի քանի շոշափելի արդյունքներ է արձանագրել:

Փոխըմբռնում, փոխլրացում և փոխօգնություն: Ահա այն բանաձևը, որն, ըստ իս, մեր համատեղ արդյունավետ աշխատանքի գրավականն է: Այստեղ հավաքված պատգամավորներն իհարկե պետք է հետևեն արտգործնախարարության կողմից մշակված ուղենիշներին, առաջարկվող բանաձևերին ու զանազան ձևակերպումների իմաստային նրբություններին, բայց նրանք նաև պիտի մասնակից լինեն այդ ուղենիշների մշակմանը: Նրանք ներկայացնում են Հայաստանի Հանրապետության ժողովրդին: Կարող եմ վերաձևակերպել՝ նրա՛նք են իրենց առաջնային մանդատով ներկայացնում Հայաստանի Հանրապետության ժողովրդին: Գոհունակությամբ կարող եմ նշել, որ այս ամիսների ընթացքում արդեն իսկ ունենք արդյունավետ համագործակցության հաջողության պատմություններ և վստահ եմ, որ այսօրվա քննարկումը նույնպես կտա իր պտուղները:

Եվս մեկ անգամ թույլ տվեք ողջունել ձեզ, հարգելի գործընկերներ, և բոլորիս այսօր մաղթել բեղմնավոր քննարկումներ՝ ի կատարումն Հայաստանի Հանրապետության ազգային շահերի»,-ասել է ՀՀ խորհրդարանի ղեկավարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: