ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կաթողիկոսն ընդունեց ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների համաժողովի մասնակիցներին

Օգոստոսի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցներին և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Այս մասին հաղորդում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Իր խոսքում ՀՀ ԱԳ նախարարը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է համաժողովի աշխատանքների ընթացքը` անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին: Նա, մասնավորապես նշել է, որ որդեգրված արտաքին քաղաքականության սկզբունքների հիմքում ընկած են ազգային արժեքներն ու արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները: Այս ենթատեքստում նախարարը հատուկ անդրադարձել է նաև  Հայոց Եկեղեցու դերին` գոհունակությամբ ընդգծելով այն սերտ համագործակցությունը, որ առկա է նախարարության և Մայր Աթոռի, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և աշխարհասփյուռ եկեղեցական կառույցների միջև:

Այնուհետև դիվանագետներին իր հայրապետական օրհնությունն ու պատգամմն է փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Գոհունակություն է Հայրապետիս համար, որ հերթական անգամ համախմբվել եք  հայրենիքում` քննարկելու մեր երկրի արտաքին քաղաքականության հիմնախնդիրները և ուղենշելու այն ճանապարհները, որոնք առավել արդյունավորությամբ պիտի նպաստեն մեր երկրի զորացմանն ու առաջընթացին:

Մեծ է այն պատասխանատվությունը, որ կրում եք ձեր ուսերին: Ձեզ է վստահված տարբեր երկրներում ու միջազգային հարթակներում մեր երկիրը ներկայացնելու կարևոր առաքելությունը, որն իր արդյունքներով անմիջականորեն առնչվում է Հայաստանի վարկի ու հեղինակության, մեր հայրենիքի անվտանգության, մեր ժողովրդի բարօր ու ապահով կյանքի տեսլականի հետ: Մեծապես գնահատում ենք մեր երկրին ու ժողովրդին մատուցած ձեր նվիրյալ ծառայությունը և բերում ձեզ Մեր օրհնությունը` մաղթելով ուժ, եռանդ և նոր հաջողություններ ձեր հայրենանվեր գործունեության մեջ:

Խիստ խորհրդանշական ենք համարում անցկացվող համաժողովի շրջանակներում ձեր այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ աշխարհասփյուռ մեր ժողովրդի հոգևոր նվիրական կենտրոն: Հայոց Եկեղեցին հոգևոր իր առաքելությանը զուգընթաց շատ հաճախ ստանձնել է նաև քաղաքական պատասխանատվություն մեր ժողովրդի կյանքում: Մեր պատմության ընթացքում թե՜ պետականության գոյության և թե՜ բացակայության  պայմաններում Հայ Եկեղեցին ներգրավված է եղել հայրենիքի առջև ծառացած ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հիմնախնդիրների լուծման գործում՝ կոչմանը հավատարիմ իր հեղինակությունն ու կարողությունները ծառայեցնելով հայրենիքի և ազգի շահերին: Պատմությունը առատ է վկայություններով, որոնք մեզ են փոխանցում հանուն երկրի ու ժողովրդի ապահովության՝ իրենց անձնուրաց ծառայությունը մատուցած նշանավոր եկեղեցականների անուններ: Մեր եկեղեցու հովանու ներքո է կերտվել ու խնամվել ազատագրական պայքարի ոգին, մարմին առել ազգային իղձերի իրականացման տեսիլքները, սերնդե սերունդ փոխանցվել հայոց անկախ պետականության վերակերտման և ազատատենչության աննկուն կամքը:

Այսօր էլ մեր Եկեղեցին չի կարող անտարբեր և անհաղորդ մնալ մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, որոնք չափազանց մեծ կարևորություն ու ընդգրկում ունեն և պահանջում են առավել մեծ ուշադրություն և ուժերի համախմբում», - նշեց Վեհափառ Հայրապետը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ պետության, Եկեղեցու և համազգային կառույցների ներդաշնակ գործակցությունը մեծ ներուժ է պարունակում՝ բազմաթիվ խնդիրների ու հիմնահարցերի լուծման, մասնավորաբար՝ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման և Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացներում: Այս առումով Նորին Սրբությունը էական համարեց, որ պետության առաջնահերթությունների և արտաքին քաղաքական գերակայությունների սահմանումներում նկատի առնվեն  համահայկական կառույցների օրակարգերը, ինչը հնարավորություն կընձեռի ձևավորելու նաև արտաքին քաղաքական առաջնահերթությունների համազգային օրակարգը:

Նորին Սրբությունը, անդրադարձ կատարեց համընդհանուր ջանքերի կարոտ մի շարք խնդիրների, որոնց թվում և տարբեր երկրներում հայկական ժառանգության պահմանմանը: «Կարևոր խնդիր է նաև աշխարհով մեկ սփռված եկեղեցական և ազգային մշակութային ժառանգության խնամատարությունը: Մենք ուրախ ենք նշելու, որ այս ուղղությամբ միասնական ջանքերով կատարվել է մեծ աշխատանք, հարկ է, որ այն նախանձախնդրորեն շարունակենք՝ հետամուտ լինելով մեր ժառանգության անխաթար պահպանությանը: Արտերկրում մեր մշակութային մասունքներն ու սրբավայրերը յուրահատուկ և անփոխարինելի այցեքարտերն են մեր ժողովրդի, որոնց պատշաճ ներկայացումը և խնամքը նոր գրավչություն և առավել ընդարձակ  ճանաչողություն  կապահովի մեր երկրի համար», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Խոսքի վերջում Վեհափառ Հայրապետը մաղթել է, որ հայրերի հավատքով զորացած մեկնեն իրենց ծառայության վայրերը՝ առավել խանդավառությամբ ու արդյունավորությամբ իրագործելու իրենց առաքելությունը ի նպաստ մեր ժողովրդի և մեր երկրի բարօրության ու առաջընթացի:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: