ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 859,46 դրամ ԱՐԾԱԹ - 267,24 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 568,81 դրամ

Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացվեն ռազմավարական զորավարժություններ՝ պետական կառավարման մարմինների և ՏԻՄ կազմակերպությունների ընդգրկմամբ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ օրակարգի հարցերի քննարկման անցնելը վարչապետն անդրադարձել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու հարցին՝ նշելով. «Հարգելի գործընկերներ, ես կայացրել եմ որոշում՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու վերաբերյալ և ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ: Տեղեկացնեմ, որ սա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ է, և մեր գործընկերներն այդ կարգավիճակում ունեն լիարժեք լիազորություն՝ ղեկավարելու 2 համակարգերը, և ես ուզում եմ հաջողություն մաղթել և շնորհավորել մեր գործընկերներին: Մենք սպասում ենք նախագահի կողմից հրամանագրի ստորագրմանը և հրապարակմանը: Այս պահին կարող ենք մեր գործընկերներին շնորհավորել և հաջողություն մաղթել առաջիկա գործունեության մեջ»:

Կառավարությունն ընդունել է «Զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համաձայնեցված գործունեության կազմակերպման նպատակով ուսումնավարժական հավաքներ և պարապմունքներ անցկացնելու մասին» որոշում: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ նախատեսվում է 2019 թ. սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կազմակերպել և իրականացնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպությունների ընդգրկմամբ ռազմավարական զորավարժություններ, ընդ որում՝ ուսումնավարժական հավաքների և պարապմունքների անցկացման միջոցով, որի նպատակն է որոշել նշված մարմինների պատրաստությունը և ունակությունը պայմանական իրադրության պայմաններում զինված ուժերը և այլ զորքերը պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի փոխադրման ապահովման գործընթացում: Նախագծով սահմանվում են միջոցառման խնդիրները, իրավասու մարմինների կողմից իրականացվող գործողությունների շրջանակը: Նաև հայտարարվելու են պահեստազորայինների և տրանսպորտային միջոցների ներգրավման զորավարժություն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շատ մեծ մասշտաբային միջոցառում է նախապատրաստվում և հետաքրքրվել Պաշտպանության նախարարից՝ նախկինում այս մասշտաբի զորավարժություն ունեցե՞լ ենք, թե՞ սա աննախադեպ ծավալի զորավարժություն է: Դ. Տոնոյանն ասել է, որ այս մասշտաբում զորավարժություն չէ եղել, և նախատեսվող զորավարժությունը Հայաստանի միջազգային պարտավորությունների շրջանակում է:

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով զորավարժության կարևորությանը, նկատել է. «Ես ուզում եմ ընդգծել, որ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը մեր քաղաքացիները, ըստ ամենայնի, կտեսնեն, կնկատեն, որ տեղի են ունենում պրոցեսներ: Հույս ունենք, որ նրանք, ովքեր օրենքով սահմանված պարտականություն ունեն, նաև պիտի ներգրավվեն: Պաշտպանության նախարարի հրամանով նաև զորակոչային գործընթացներ են տեղի ունենալու, և քաղաքացիներին, մեր հայրենակիցներին կոչ եմ անում ակտիվ մասնակցել այդ գործընթացներին, որովհետև սա իրականում շատ կարևոր միջոցառում է, որի նպատակը մեր երկրի անվտանգության մակարդակը բարձրացնելն է, մեր զինված ուժերի մարտունակության մակարդակը ստուգելը և բարձրացնելն է: Սա պլանային, աննախադեպ, կարևոր միջոցառում է»:

Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել պետական բոլոր մարմինների ղեկավարներին նախապատրաստական փուլում ՊՆ-ին ցուցաբերած աջակցության համար՝ նշելով. «Ես ուզում եմ խնդրել և դիմել ձեզ, որ հանրային աշխատողներին, հասարակական կազմակերպություններին, ՊՕԱԿ-ներին, ՓԲԸ-ներին, որոնք ձեր գործունեության ոլորտում են գտնվում, կոչ անել, որպեսզի օրինակելի պահվածք ցուցաբերեն և հասկանան, թե ինչ է կատարվում: Ընդհանուր առմամբ ընդամենը 6 տոկոսն է մարտական ուսումնական հավաքներին ներգրավված, ընդամենը 6 տոկոսն է, որ ընդգրկվելու է 3-5 օրով, մնացած 96 տոկոսն ուղղակի ներկայանալու են հավաքակայաններ՝ 1 օրով: 6 տոկոսի ընտրությունը կատարվել է իրենց զինվորական մասնագիտությունների առումով, և իրենք արդեն տեղեկացված են դրա մասին: Սննդի կազմակերպման, տեղափոխման բոլոր խնդիրները լուծված են: Իրականում պահանջվում է, որպեսզի գիտակցաբար վերաբերվեն այդ հարցին, հատկապես հանրային ծառայողները»:

Վարչապետ Փաշինյանը ևս կարևորել է այդ հանգամանքը՝ նշելով. «Շատ կարևոր է, որպեսզի նաև նախորդ զորավարժությունների փորձը հաշվի առնելով՝ ֆորմալ մոտեցում չցուցաբերեն, որովհետև դա շատ կարևոր մկջոցառում է: Ֆորմալիզմը պետք է բացառել, իհարկե, չափից ավելի լրջացնել էլ պետք չէ, բայց պետք է պատշաճ վերաբերմունք լինի և պատշաճ արձագանք լինի այս միջոցառումներին»:

Մեկ այլ որոշման ընդունմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Հայկ Բենիամինի Սեխլիյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով կառավարությունը ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացրել է 9,436.8 հազ. դրամ՝ ՀՀ 2019 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Դեպքը տեղի է ունեցել 2016 թ. ապրիլին, Թալիշում: Գումարը ներառում է ստացիոնար պայմաններում բուժման և կեցության ծախսերը և ճանապարհածախսը: Առկա է Առողջապահության նախարարությունում գործող մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությունն առ այն, որ այս դեպքը հնարավոր չէ բուժել Հայաստանում:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ հարցը քննարկվել է բավական երկար և մանրամասն. «Կարևոր է արձանագրել, որ ընդհանուր առմամբ եկել ենք նման լուծման, որ բոլոր այն դեպքերում, երբ պատշաճ բուժումը հնարավոր է իրականացնել Հայասստանի Հանրապետությունում, ուրեմն մենք այսպիսի լուծումների չենք գնա՝ ուղղակի արտասահման ուղարկելու տրամաբանությամբ: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ կա մասնագիտորեն հիմնավորված անհրաժեշտություն, իհարկե, մենք այդ դեպքերն առանձին-առանձին կքննարկենք և կկայացնենք որոշում»:

 Գյումրիում ավտոմաքսատան կառուցման վերաբերյալ հերթական որոշումն է ընդունվել

Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում և ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, գնման ընթացակարգերի կազմակերպման և ՀՀ կառավարության 2019 թ. օգոստոսի 1-ի N 980-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: Որոշման նախագիծը վերաբերում է Գյումրիում ավտոմաքսազերծման գործառույթներն իրականացնելու համար նախատեսված ավտոմաքսատան կառուցման ծրագրին: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ սա արդեն 3-րդ փուլային նախագիծն է, որ ներկայացվում է կառավարության քննարկմանը: Նախագծով նախատեսվում է հատկացնել 970.4 մլն դրամ բետոնապատման և ասֆալտ բետոնե աշխատանքների համար՝ պայմանով որ սահմանված կարգով Ծրագրի իրականացման համար հաստատված և փորձաքննություն անցած ամփոփ նախագծանախահաշվային փաստաթղթերը կներկայացվեն ՀՀ կառավարություն: Գումարը նախատեսված է վերակառուցման աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար և իրականացվելու է մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով:

Ի պատասխան վարչապետ Փաշինյանի հարցադրման առ այն, որ հոկտեմբերին նախատեսված է ավտոմաքսատան բացումը Գյումրիում, և նախանշված ժամկետների առումով որևէ խնդիր կա՞, թե՞ ոչ, Դ. Անանյանը նշել է, որ ժամկետները կպահպանվեն: Կառավարության ղեկավարը հարցի առնչությամբ նշել է. «Այս մեխանիզմով սա արդեն մեր 3-րդ որոշումն է, որ կայացնում ենք և հաշվի ենք առնում, որ Գյումրիի մաքսատան կառուցումը տեղի է ունենում արտակարգ ռեժիմով: Այս պատճառով, և դա կարևոր է, որ հենց այդ ժամկետներում տեղի ունենա, որպեսզի նաև որոշակի ավտոմեքենաների ներկրման ակտիվ փուլում աշխատի»:


Կառավարությունը հավանություն է տվել 2019-2023 թթ. ոչխարաբուծության զարգացման ծրագրին

Գործադիրը որոշում է ընդունել ՀՀ-ում 2019-2023 թթ. ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին: Որոշման ընդունումը պայմանավորված է ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղի ռազմավարական նշանակությամբ և զարգացմամբ։ Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանի խոսքով՝ ոչխարաբուծությունն առավել մեծ ներուժ ունեցող ոլորտներից է, և միջազգային գները, ինչպես նաև ոլորտում տիրող իրավիճակը հուշում են, որ այս ներուժը հնարավոր է իրացնել առաջիկա տարիներին: Մասնավորապես, արդեն 2019 թ. դրությամբ, ըստ օպերատիվ տվյալների, արտահանման ցուցանիշների զգալի աճ է գրանցվել՝ հանրապետությունից արտահանվել է 9.5 հազար գլուխ ոչխար և 21 տոննա ոչխարի միս, իսկ գինը գրեթե 50 տոկոսով աճել է: Արտահանման հիմնական ուղղություններն են՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը, Քուվեյթը, Վրաստանը: Արտահանման ցուցանիշները վկայում են, որ արտաքին շուկայում նշված մթերքն ունի մեծ պահանջարկ, որը հուսալի երաշխիք է ճյուղի հիմնական արտադրատնտեսական ցուցանիշների բարելավման և մրցակցային դիրքեր գրավելու համար: Որոշման ընդունման նպատակն է՝ պետական աջակցության մեխանիզմների, մասնավորապես, մատչելի վարկավորման պայմանների կիրառման և կատարված ծախսերի փոխհատուցման միջոցով հանրապետությունում ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, որը կնպաստի արտաքին շուկայում Հայաստանի մրցունակության բարձրացմանը: Ծրագրի արդյունքում նախատեսվում է, որ տնտեսվարողներին հնարավորություն կընձեռվի մատչելի պայմաններով ձեռք բերել (ներկրել) շուրջ 30 հազար գլուխ տարբեր սեռահասակային խմբերի մանր եղջերավոր կենդանիներ, կբարձրանա ճյուղի շահութաբերության մակարդակը, կավելանան ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի և արտահանման ծավալները և այլն:

Վարչապետ Փաշինյանի առաջարկով Էկոնոմիկայի փոխնախարարը ներկայացրել է ընթացակարգերը, որպեսզի ծրագրով հետաքրքրվող տնտեսվարողները տեղյակ լինեն, թե ինչ քայլեր պետք է անել՝ ո՞ւմ դիմել, ի՞նչ ժամկետում և ի՞նչ պայմանների պետք է բավարարել՝ ծրագրից օգտվելու համար: Նշվել է նաև, որ Համաշխարհային բանկի հետ նախնական պայմանավորվածություն կա՝ տեղական տոհմային ոչխարաբուծության զարգացմանն ուղղված աշխատանքներն սկսելու համար:

Գործադիրը որոշում է ընդունել «Սրուրեան ակնաբուժական կենտրոն» ՍՊԸ կողմից՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու համար ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ակնաբուժական ծառայությունների մատուցման համար (ք. Երևան)։ Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշել է, որ ընկերությունն աշխատում է 2016 թվականից, ընդհանուր ներդրումային ծրագրի ծավալը կազմում է 170 մլն ՀՀ դրամ, արդեն իրականացվել է 120 մլն ՀՀ դրամի ներդրում: Ներկայում առկա է 6 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել ևս 3-ը: Ակնկալվում է, որ ծրագրով նախատեսված մատուցվող բժշկական ծառայությունների ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 60-70 մլն ՀՀ դրամ: 2018 թ. ընկերության կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 14 մլն դրամ, ընկերությունն արտադրանքը ձեռք է բերելու առաջնային արտադրողից, այսինքն՝ սարքավորումներն ամբողջապես նոր են:

Իսրայելում և Եթովպիայում կհիմնվեն Հայաստանի Հանրապետության դեսպանություններ

Կառավարությունը որոշումներ է ընդունել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին (նստավայրը` Թել Ավիվ) և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին (նստավայրը` Ադիս Աբեբա):

Իսրայելում ՀՀ դեսպանություն հիմնելու որոշման հիմնավորման համաձայն՝ Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992թ. ապրիլին, և վերջին տարիներին զգալիորեն ավելացել են երկկողմ գործակցության զարգացման դինամիկան, տարբեր մակարդակներում շփումները: Իսրայելում ՀՀ դեսպանության ստեղծումը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը, նոր հնարավորություններ կստեղծի համագործակցության մի շարք ոլորտների զարգացման համար՝ մեծացնելով մերձավորարևելյան տարածաշրջանում Հայաստանի ներկայությունը: Երկկողմ կապերի կայուն զարգացումն ապահովելու առումով կարևորվում է հնարավորինս սեղմ ժամկետներում (2019 թ. վերջ – 2020 թ. սկիզբ) Թել Ավիվում Հայաստանի դեսպանության ստեղծումը:

Ըստ Եթովպիայում Հայաստանի դեսպանություն հիմնելու որոշման հիմնավորման՝ Հայաստանի և Եթովպիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1993 թ. դեկտեմբերին: Ադիս Աբեբան աֆրիկյան մայրցամաքի քաղաքական հիմնական կենտրոններից է, որտեղ տեղակայված է Աֆրիկյան միության կենտրոնակայանը, իսկ Աֆրիկյան միությանն անդամակցում են աֆրիկյան մայրցամաքի բոլոր պետությունները: Ուստիև, Ադիս Աբեբայում դեսպանություն հիմնելը հնարավորություն կընձեռի ոչ միայն սերտ երկկողմ հարաբերություններ հաստատել Եթովպիայի հետ, այլև զարգացնել շփումները աֆրիկյան այլ երկրների հետ, ինչպես նաև խորացնել համագործակցությունը Աֆրիկյան միության հետ:

Կբարելավվի նախադպրոցական կրթության ոլորտի գործունեությունը

Կառավարությունը որոշում է ընդունել «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և այն սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու վերաբերյալ:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախընտրական ծրագրով և կառավարության ծրագրով նախադպրոցական կրթության ոլորտում ստանձնվել են մի շարք պարտավորություններ, և «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը միտված է ոլորտի գործունեության կանոնակարգմանն ու զարգացմանն ուղղված խնդիրների լուծմանը: Նախարարի խոսքով՝ օրենքն, ըստ էության, 80 տոկոսով փոփոխված է, և օրենքի ընդունմամբ ակնկալվում են մի շարք արդյունքներ՝ նախադպրոցական ծառայությունների շարունակականության ապահովման, մանկավարժական կադրերի վերապատրաստման, ատեստավորման, հաստատությունների գործունեության կանոնակարգման, վերահսկողության համակարգի ապահովման համար օրենսդրական հիմքերի ստեղծում, ոլորտում պետական քաղաքականության սկզբունքների սահմանում, կրթության պետական կառավարման լիազոր մարմնին, տարածքային կառավարման լիազոր մարմնին, ՏԻՄ-երին վերապահվող գործառույթների հստակեցում, ֆինանսավորման հստակ մեխանիզմների առկայություն, նախադպրոցական կրթության համընդհանուր ներառականության և մատչելիության ապահովում, երեխաների կյանքի և առողջության պայմանների բարելավման, խնամքի, սննդի կազմակերպման, ուսումնանյութական բազայի ամրապնդման համար իրավական երաշխիքների ապահովում և այլն: Նախագծով կարգավորվում է նաև նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում գործունեություն ծավալող ոչ պետական տարբեր կազմակերպությունների լիցենզավորման հարցը:

Հարցի առնչությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նաև նշել է, որ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը միտված համալիր ծրագրերի շրջանակում դիտարկվում է նաև նախադպրոցական և դպրոցական կրթական հաստատություններում երեխաների երկարօրյա խնամքի ապահովման հարցը, և մինչև տարեվերջ շահագրգիռ գերատեսչությունները պետք է համալիր առաջարկներ ներկայացնեն այս ուղղությամբ, որպեսզի 2020 թվականից ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրերը սկսեն իրականացվել նաև այս բաղադրիչի կիրառմամբ:

Այլ որոշումներ

Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների քանակի կտրուկ նվազման խնդրի կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 34 մլն 954 հազար դրամ գումար հատկացնել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ Արարատյան դաշտի Արարատի և Արմավիրի մարզերում 97 հորի կոնսերմացման և 8 հորի լուծարման նպատակով: Արարատյան դաշտի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման արդյունքում նախատեսվում է խնայել շուրջ 30.0 մլն խմ/տարի ջրաքանակ, ինչպես նաև կձեռնարկվեն համապատասխան միջոցներ՝ ապօրինի օգտագործվող, ինքնաշատրվանող և այդ հորերի լուծարման աշխատանքների համար ծախսված պետական միջոցները փաստացի սեփականատերերից գանձելու ուղղությամբ:

Մեկ այլ որոշման ընդունմամբ գործադիրը գումար է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ փոփոխություն կատարելով ՀՀ 2019 թ. պետական բյուջեում և փոփոխություններ և լրացումներ ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի N 1515-ն որոշման մեջ: Որոշման նախագծով նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ մարզերում իրականացվելիք ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքների համար նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերում, որի համար պահանջվող 268,103.6 հազ. դրամ գումարը ՀՀ պետբյուջեի լրացուցիչ եկամուտների հաշվին հատկացվելու է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, վերջինս էլ այդ գումարը նվիրաբերության պայմանագրով տրամադրելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ նախագիծը վարչապետի հանձնարարության շրջանակում է, այն է՝ 2020 թ. համար ներդրումային առումով ավելի կայուն և ծախսային մասն ապահովելու հնարավորություններ ընձեռող միջավայրի ստեղծում: Նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստելուց հետո նախատեսվում է մյուս տարի ՀՀ բնակավայրերի ջրամատակարարման համակարգում կատարել մոտ 8 մլրդ դրամի ներդրում՝ պետբյուջեի միջոցների հաշվին: Նախարարի խոսքով՝ գործընթացը «Վեոլիա» ընկերության հետ Հայաստանի պարտավորությունների շրջանակում է. խոսքն այն համայնքների մասին են, որոնք համաձայնեցված են «Վեոլիա» ընկերության հետ և գտնվում են «Վեոլիա»-ի սպասարկման տիրույթում, նաև կա ևս 4 համայնք, որոնք դուրս են այդ շրջանակից, բայց կարող են ընդգրկվել «Վեոլիա»-ի սպասարկման ներքո:

Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2014թ. հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ՝ նպատակ ունենալով բարձրացնել սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականությունը, մասնավորապես, թիրախավորելով ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքներին, պարզեցնել անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու ընթացակարգերը, ընդլայնելու սեզոնային զբաղվածության ծրագրերում ընդգրկվելու հնարավորությունները՝ առանց զրկվելու ընտանեկան կամ սոցիալական նպաստից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 35%
Քամի՝ 3 կմ/ժ
18 C°
 
12°  22° 
20.10.2019
12°  20° 
21.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: