ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը համաձայնել է իր դաշնակից քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը

Getty Images

Միացյալ Նահանգներն սկսել է դուրս հանել իր զորքերը Սիրիայի հյուսիս-արևելքից, որտեղ Անկարան նախատեսում է ռազմական գործողություն իրականացնել անվտանգության գոտի ստեղծելու համար:

«Մեր բանակցություններից հետո [ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ] սկսվել է [ամերիկյան] զորքերի դուրսբերման գործընթացը, ինչպես և խոստացել էր նախագահը: Այժմ մեր պատկան մարմիններն աշխատանք են իրականացնում [այս ուղղությամբ]», - այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը:

Հոկտեմբերի 6-ին էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են թուրք-ամերիկյան  երկկողմ օրակարգն, ինչպես նաև անդրադարձել են Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու հարցին:

Անկարան և Վաշինգտոնն ամիսներ շարունակ բանակցություններ էին վարում Սիրիայի հյուսիսում համատեղ անվտանգության գոտի ստեղծելու շուրջ և նույնիսկ որոշ գործնական պայմանավորվածություններ էին ձեռք բերել՝ համատեղ պարեկություն իրականացնելու մասով, սակայն, ընդհանուր առմամբ, Անկարան դժգոհ էր բանակցությունների ընթացքից և շարունակում էր պնդել ռազմական գործողության անհրաժեշտության վրա, քանի որ ամերիկյան կողմը փորձում էր ամեն կերպ պաշտպանել իր դաշնակից սիրիացի քրդերին, որոնց վերհսկողության տակ է գտնվում Սիրիայի հյուսիսային մասը:

Սակայն Թուրքիային, այնուամենայնիվ, հաջողվել է ստանալ  Միացյալ Նահանգների համաձայնությունը Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ գործողություն իրականացնելու հարցում:

Հոկտեմբերի 6-ի բանակցությունների արդյունքով Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի աջակցելու կամ որևէ կերպ մասնակցություն չի ունենալ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությանը, իսկ ամերիկացի զինվորականները մոտ չեն գտնվելու ռազմական գործողության անցկացման վայրին: Միաժամանակ, Վաշինգտոնը վերջին երկու տարում Սիրիայում պատանդ վերցված ԻՊ զինյալների համար պատասխանատվությունն ամբողջությամբ դրել է Թուրքիայի վրա:

Նշենք, որ թեև հայտարարվում է Սիրիայում և Իրաքում ԻՊ դեմ հաղթանակի մասին, խմբավորումը պահպանում է իր ներկայությունն այս երկրներում և վերջին շրջանում նույնիսկ ակտիվություն է դրսևորում: Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերի դուրսբերման և թուրք-քրդական բախումների պայմաններում չի բացառվում, որ այդ շրջանում կրկին ակտիվանան ահաբեկչական խմավորումները:

Այսպիսով, Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ ռազմական գործողությունը կարող է վերաճել Սիրիայում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման:

«Ռազմական գործողությունների վերսկսումը Սիրիայի հյուսիս-արևելքում ոչ միայն կվատացնի քաղաքացիական բնակչության վիճակը, այլև կխափանի հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները: ԵՄ-ն ամբողջությամբ աջակցում է Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը», - ասվում է այս կապակցությամբ ԵՄ տարածած հաղորդագրությունում:

Ի տարբերություն ԵՄ-ի, Ռուսաստանն ու Իրանն ավելի հանդուրժողաբար են մոտեցել Սիրիայի քրդերի դեմ ռազմական գործողություն սկսելու Թուրքիայի պլաններին: Վերջիններիս  համար կարևոր է Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը: Թուրքիան հավաստում է, որ չի պատրաստվում խախտել այդ սկզբունքը:

Ինչ վերաբերում է սիրիացի քրդերի արձագանքին, ապա «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» քրդական զինված խմբավորման ներկայացուցիչն Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում, նշելով, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը կհանգեցնի Թուրքիայի հետ քրդերի առճակատման, ընդգծել է, որ իրենք ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայից օգնություն չեն խնդրել:

Պետք է նկատել, որ նույնիսկ նման խնդրանքի պարագայում դժվար թե Միացյալ Նահանգները կհամաձայներ ռազմական ուղիղ առճակատման մեջ մտնել ՆԱՏՕ իր դաշնակցի հետ: Թեև Վաշինգտոնի համար Սիրիայի քրդաբնակ հյուսիսային շրջաններն այդ երկրում իր ադեցության վերջին գոտիներից էին, այս հարցում Թուրքիային չզիջելու դեպքում Միացյալ Նահանգները կկորցներ ավելին՝ տարածաշրջանում և ՆԱՏՕ-ում իր ռազմավարական գործընկերոջը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: