ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության․ Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ներկա է գտնվել Ստեփանակերտում «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի բացմանը և հանդես եկել այնտեղ ելույթով, որում նշել է.

«Համաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Թանկագի՛ն բարեկամներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ի սրտե ողջունում եմ բոլորիդ Արցախի Հանրապետությունում:
Այսօրվա միջոցառումը բավականին յուրահատուկ է թե՛ իր բովանդակությամբ, թե՛ մասնակիցների առումով: Առաջին անգամ տեղի է ունենում Արցախի բարեկամների համաժողով, որը մեկ հարկի տակ է հավաքել մեր երկրին սատարող քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, իրավապաշտպանների, գիտնականների, վերլուծաբանների և լրագրողների տարբեր պետություններից: Այստեղ են Արցախի հետ բարեկամության խմբերի և շրջանակների անդամներ, մեր հանրապետության անկախությունը ճանաչած կամ մեզ հետ համագործակցող վարչական միավորների և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
Ժողովրդավարական սկզբունքներին և մարդասիրական արժեքներին նվիրվածությամբ դուք տարիներ շարունակ քրտնաջան աշխատանք եք տանում՝ ուղղված Արցախի սատարմանը, միջազգային տարբեր հարթակներում մեր երկրի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացմանը, երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը:
Մենք շնորհակալ ու երախտապարտ ենք ձեզ այս ամենի համար, բարձր ենք գնահատում ձեր առաքելությունը և ուրախ ենք, որ ունենք ձեզ նման ընկերներ ու բարեկամներ:
Համաժողովում քննարկվելիք թեմաներն առնչվում են մեր հանրապետության կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներին, և նման ձևաչափը հնարավորություն է տալիս ավելի լավ պատկերացնել իրականությունը, նախանշել ու հստակեցնել անելիքները:
Այս համատեքստում կարևոր է ևս մեկ անգամ ներկայացնել Արցախի Հանրապետության պետականաշինության տեսլականը և մեր արտաքին քաղաքական հրամայականները, ինչը յուրահատուկ ուղենիշ է հանդիսանում նաև ձեր աշխատանքում:
Անկախ, ինքիշխան, հզոր պետություն կերտելը մեզ համար եղել և մնում է մեր պետականաշինության հիմքը, որի հիմնասյուներից են Հայաստանի և Սփյուռքի հետ մեր եռամիասնությունն ու ժողովրդավարական արժեքներին ու սկզբունքներին հավատարիմ լինելը:
Մեզ համար կարևորագույն հրամայական է Արցախի անվտանգության լիարժեք ապահովումը բոլոր հարթություններում: Մեր անվտանգության չնչին իսկ թուլացումը հակառակորդի մոտ առաջացնելու է նոր ագրեսիայի դիմելու գայթակղություն, ինչը ինքնին հղի է անկանխատեսելի հետևանքներով: Այդ իսկ պատճառով՝ անվտանգության խնդիրներն առաջնային են նաև բանակցային գործընթացում:
Խոսելով բանակցային գործընթացից՝ ուզում եմ կրկին վերահաստատել, որ մենք կողմնակից ենք Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների խաղաղ կարգավորմանը բանակցային սեղանի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Այստեղ լուրջ հաջողությունների գրանցումն անհնարին է առանց բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման՝ Արցախի լիիրավ մասնակցությամբ: Ակնհայտ է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի թե սահմանների առումով:
Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմքում շարունակում են մնալ հավասարակշռվածության և բազմաուղղվածության սկզբունքները:
Մեզ համար հրամայական է հավասարապես բարիդրացիական հարաբերությունների պահպանումը ինչպես Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, այնպես էլ տարածաշրջանային պետությունների հետ: Դա պայմանավորված է ինչպես մեր տարածաշրջանի յուրահատկությամբ, այնպես էլ հայկական սփյուռքի առկայությամբ:
Արտաքին քաղաքական ասպարեզում պաշտոնական Ստեփանակերտը շարունակելու է հատուկ տեղ հատկացնել տարբեր երկրների ու պետությունների և նրանց վարչական միավորների հետ կապերի հաստատմանն ու խորացմանը:

Թանկագի՛ն բարեկամներ,

Յուրաքանչյուր ժամանակահատված առաջադրում է նոր խնդիրներ, պահանջում է տարբեր մարտահրավերների դիմակայելու ռազմավարության և մարտավարության հստակեցում ու ճշգրտում: Այստեղ առանցքային դերակատարություն ունի Հայաստան-Արցախ-Սփյուռք սերտ փոխգործակցությունը, Արցախի և նրա բարեկամների միջև մշտական գործնական կապերի ամրապնդումը:
Անելիքներն ու խնդիրները բազմազան են, բայց միանգամայն իրատեսական: Համոզված եմ, որ մեզ հաջողվելու է արդյունավետորեն լուծել դրանք, և այս ճանապարհին հատուկ նշանակություն ունի նման միջոցառումների անցկացումը:
Համաժողովին մաղթում եմ արդյունավետ աշխատանք, նրա մասնակիցներին՝ քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք:

Շնորհակալություն»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: