ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աննա Հակոբյանը Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում ներկա է գտնվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցած պատարագին

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 13-ին ներկա է գտնվել Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․ Տ․ Գարեգին Բ-ի մատուցած Սուրբ Պատարագին։ Ինչպես տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից, մատուցված պատարագով ազդարարվել է եկեղեցու կառուցման 50-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը։

Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին Շվեյցարիայի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Շվեյցարիայի տարբեր համայնքների վարչությունների անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, ուխտավոր հայորդիներ, ինչպես նաև Շամբեզիի Ուղղափառ եկեղեցուց Հայր Ռադի Բուշին, Կաթոլիկ եկեղեցու թեմից կանտոնի հովվական խնամքի խորհրդի նախագահ Քաթրին Ռիդլիգերը, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչներ Հայր Իոան Սոկան և դոկտ. Անի Ղազարյանը, Սոսա-Թղուանե բողոքական համայնքի ներկայացուցիչներ Ռոլանդ Վեբերը և Վերոնիկ Շոպֆեր-Օրելին և Ժնևի հրեական համայնքի գլխավոր րաբբի դոկտ. Իսահակ Դայանը:

«Փառք ենք վերառաքում Բարձրյալին, որ շնորհն է պարգևել հովվապետական այց կատարելու Շվեյցարիա, հանդիպելու ձեզ այս գեղատեսիլ վայրում՝ Լեմանի լճի ափին, և մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներիդ հետ միասին տոնախմբելու Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակը: Շվեյցարիայի օրհնյալ հողում քսաներորդ դարասկզբից մեր ժողովրդի զավակներ ապրել են մշտապես վառ պահելով հայրենիքի հանդեպ սերը և հայ քրիստոնեական իրենց ինքնությունը, որի վկայությունն ու պսակն է 1969 թ. երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և լուսահոգի Հակոբ Թոփալյան ազնվահոգի բարերարի ջանքերով կառուցված այս գեղեցիկ եկեղեցին։ Աղոթքով ենք հիշում հանգուցյալ բարերարին և ի պայծառություն եկեղեցու իրենց ջանքերը ներդրած բոլոր երախտավորներին: Եկեղեցու հոբելյանը մեծ իրադարձություն է ամենքիս համար: Ուրախալի այս առիթով բերում ենք ձեզ Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքները և համայն հայության նվիրական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լույսն ու օրհնությունը»,-իր խոսքում նշել է Վեհափառ Հայրապետը:

Ի հիշատակ հոբելյանական այս առիթով հայրապետական այցելության` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Հակոբ եկեղեցուն ընծայեց մարմարե խաչքար: ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն էլ համայնքին է փոխանցել ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի շնորհավորական ուղերձը

Ընդունելության ընթացքում իր ուրախությունն Ժնև այցի և հայ համայնքի հետ հանդիպման առիթով հայտնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Վերջինս իր շնորհավորանքներն է բերել շվեյցարահայ համայնքին` անդրադառնալով նաև Հայոց Եկեղեցու հայապահպան կարևոր առաքելությանը:

Աննա Հակոբյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Վեհափառ Տե՛ր,

Հարգելի՛ պարոն դեսպան,

Սիրելի՛ ժնևահայ բարեկամներ,

Տիկնայք և պարոնայք,

Անչափ ուրախ եմ ձեզ ողջունել Ժնևի հայկական կենտրոնի այս սրահում։ Ինձ համար պատիվ է ձեզ հետ միասին ներկա լինել այնպիսի կարևոր իրադարձության, ինչպիսին Հայ առաքելական եկեղեցու Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյա հոբելյանն է։ Պատմական հանգամանքների բերումով հայ ժողովրդի ստվար մի հատված ապրում է իր պատմական հայրենիքից դուրս՝ ստիպված լինելով անընդհատ ջանքեր գործադրել հանուն ազգային ինքնության պահպանման։ Բարեբախտաբար, կարող ենք վստահությամբ ասել, որ հայությունն արժանապատվությամբ է ընդունել այդ դժվարին մարտահրավերը և պատվով է դիմագրավում դրան։ Պետականության բացակայության պայմաններում այդ կարևորագույն ազգային առաքելության ծանրությունն ընկել է առաջին հերթին Հայ Առաքելական Եկեղեցու վրա՝ Հայաստանում ու հատկապես՝ Սփյուռքում։ Դարեր շարունակ այն իր շուրջ համախմբել է օտարության մեջ բնակվող հայությանը՝ կազմակերպելով գաղթօջախների մշակութային և կրթական կյանքը, նպաստելով հայապահպանությանը։ Այդ ահռելի դերակատարությունը հնարավոր չէ գերագնահատել, և մենք բոլորս երախտապարտ ենք դրա համար։ Ազգային կյանքի այդպիսի մի կարևորագույն կենտրոն է նաև Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցին, որի 50-ամյակն ենք այսօր տոնում։ Այն կառուցվել է պատմական այնպիսի իրավիճակում, երբ Շվեյցարիա տեղափոխված հայերի նոր սերունդները կանգնած էին ձուլման վտանգի հաղթահարման, ազգային ինքնությունը պահպանելու հրամայականի առջև։ Այսօր կարող ենք ուրախությամբ արձանագրել, որ  եկեղեցին հրաշալի է կատարել ու կատարում իրեն վերապահված պատմական և պատասխանատու առաքելությունը։ Այն դարձել է կենսական մի կենտրոն՝ Ժնևի հայության համայնքային կյանքի ու գործունեության առանցքը։ Եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի, մշակութային, երիտասարդական խմբերի և այլ կազմավորումների մեծագույն դերը և կարևորությունը հայ համայնքի կյանքում, վստահ եմ, կհաստատի ձեզնից յուրաքանչյուրը։ Որովհետև չկա ինքնությունը պահպանելու ավելի լավ միջոց, քան մայրենի լեզուն սովորելն ու կիրառելը, քան հայրենի մշակույթը ճանաչելը։

Սիրելի բարեկամներ,

Խոսքս ամբողջական չի լինի, եթե չարտահայտեմ իմ հիացմունքը շվեյցարահայ համայնքի նկատմամբ։ Սա արդեն իմ երկրորդ այցն է այս հրաշալի երկիր, և ես չափազանց տպավորված եմ հանգամանքների բերումով այստեղ բնակվող մեր հայրենակիցներով։ Ձեր աշխատասիրությունը, հաջողությունները, ինքնությունը պահպանելու, հայրենիքի հետ կապն ամրապնդելու ձգտումն անգնահատելի է և օրինակելի։ Շվեյցարահայ համայնքն իր հզոր մարդկային ներուժով մշտապես եղել է Հայաստանի և Արցախի կողքին՝ աջակցելով դժվարին իրավիճակներում և ոգեշնչվելով հաջողություններով՝ երկրաշարժից ու Արցախյան շարժումից առ այսօր։ Անուրանալի է ձեր ներդրումը Հայաստան-Շվեյցարիա երկկողմ համագործակցության ընդլայնման և հատկապես տնտեսական կապերի զարգացման հարցում: Ուրախությամբ պետք է նշեմ, որ խոսքը բացառիկ դրական երկկողմ հարաբերությունների մի ամբողջական խճանկարի մասին է, որի զարգացմանը մեծապես նպաստում եք դուք՝ այս երկրում ապրող հայ համայնքը: Վստահ եմ, որ այս հաջողություններում չափազանց մեծ է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու կեսդարյա գործունեության դերը: Վստահ եմ նաև, որ այդ դերը ոչ միայն չի նվազելու, այլև ավելի է ընդգծվելու, քանի որ հայապահպանության, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման մարտահրավերը այսօր պակաս արդիական չէ, քան 50 տարի առաջ՝  Հայաստանյայց առաքելական եկեղեցու Շվեյցարիայի հոգևոր հովվության ստեղծման պահին։  Լիահույս եմ, որ մեր եկեղեցին իր բոլոր թեմերով, պետության հետ ուս ուսի, շարունակելու է աշխարհի տարբեր ծայրերում հայկական համայնքների ինքնության պահպանման կարևորագույն առաքելության իրականացումը՝ հաղթահարելով բոլոր խնդիրները և հանդես գալով ավելի միաբան, քան երբևէ։ Հայկական սփյուռքի ինքնակազմակերպումն օրինակելի է, սակայն մեր զգոնությունը թուլացնելու իրավունք չունենք: Ընդհակառակը, պետք է հավելյալ ջանքեր գործադրենք՝ ամրապնդելու Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կապերը` նպաստելով մեր ինքնության պահպանմանը, ինքնագիտակցության ու հավաքական կարողությունների զարգացմանը: Խոսքս ամփոփելով՝ շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ հոբելյանի առթիվ, մաղթում նոր հաջողություններ և արգասաբեր աշխատանք` ի բարօրություն ժնևահայության և հանուն համայն հայության երազանքների իրականացման: Համոզված եմ, որ ձեր ներուժն ու կարողությունները մշտապես պահանջված են լինելու` գտնելով իրենց արժանի կիրառումը:

Շնորհակալություն»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: