ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այն գումարները, որոնք քաղաքացիները վճարում են պետությանը, վճարում են իրենք իրենց, վճարում են մեր երկրում ենթակառուցվածքներ ունենալու համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնած «Ռազմավարական պլանավորման աշխատաժողովին»:

Միջոցառմանը ներկա են եղել և ելույթով հանդես են եկել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` վարչապետը նշել է, որ մեր պետականության զարգացման համատեքստում հիմնական խնդիրներից մեկն է եղել ոլորտային որակյալ ռազմավարությունների բացակայությունը և մյուս ոլորտային առկա ռազմավարությունների հետ փոխկապակցվածության բավարար մակարդակի բացակայությունը: «Մեր կառավարությունը խնդիր է դրել, որ մենք մեր գործունեութան հիմքում դնենք ռազմավարություններ, որոնց արդյունքում պետք է լինի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկրաժամկետ ռազմավարություն: Ուրախ եմ, որ Պետական եկամուտների կոմիտեն անընդհատ շարժվել է այս ուղղությամբ:

Ցանկանում եմ նշել, որ, ընդհանուր առմամբ, բավարարված եմ ՊԵԿ-ի աշխատանքով և ուզում եմ արձանագրել, որ ՊԵԿ-ն իմ առաջադրած խնդիրները մակրոմակարդակում լուծել է, սակայն միկրոմակարդակում դեռևս կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Այս առումով, ռազմավարության ընդունումը կարևոր է` լուծումներն իրականացնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` ռազմավարություն ասելով հասկացվում է վարչարարություն, ընթացակարգերի, ծառայությունների մատուցման բարելավում. «ՊԵԿ-ի խնդիրն է` փոխել քաղաքացու վերաբերմունքն իր վճարած հարկերի, հարկային պարտավորությունների նկատմամբ, բայց պետք է արձանագրել, որ սրա համար ՊԵԿ աշխատողները պետք է փոխեն իրենց վերաբերմունքն իրենց աշխատանքի նկատմամբ և փոխեն վերաբերմունքը քաղաքացիների հետ շփումներում:Սա երկկողմանի պրոցես է, և այն պետք է տեղի ունենա կառավարության հովանու ներքո, և կառավարությունը քաղաքացիներին ու ՊԵԿ աշխատողներին պետք է քաջալերի և դրդի, որ այդ փոփոխությունները տեղի ունենան:

Միաժամանակ, կարևոր եմ համարում, որ քաղաքացիները հստակ արձանագրեն` այն գումարները, որոնք նրանք ՊԵԿ-ի միջոցով վճարում են պետությանը, վճարում են իրենք իրենց, վճարում են իրենց երկրում, մեր երկրում ենթակառուցվածքներ, ծառայություններ, կրթություն ունենալու համար: Համաձայնեք` տարօրինակ կլիներ, եթե ամեն քաղաքացի ինքն իր համար ճանապարհ, դպրոց, պետական ինստիտուներ կառուցեր: Այն հարկերը, որ վճարում են` ներդրում է իրենց իսկ ապագայում, իրենց իսկ երեխաների ապագայում: Որպեսզի այս ընկալումը հասնի իր գագաթնակետին` շատ կարևոր է, որ հարկային և մաքսային ոլորտներում լինի որակական փոփոխություն և ընդհանրապես կառավարության աշխատանքում լինի որակական փոփոխություն: Թե ինչ հաճույքով են քաղաքացիները հարկեր վճարում, շատ առումով կապված է նրանից, թե ինչպես են ծախսվում այդ հարկերը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է` կառավարությունը կարևոր է համարում կոռուպցիայի դեմ պայքարը առանձնահատուկ հարկային և մաքսային ոլորտներում, բայց նաև գիտակցում է, որ այդ խնդիրը լուծելու համար բացի քաղաքական կամքից` անհրաժեշտ է գնալ այլ լուծումների, ընդհուպ աշխատավարձերի շարունակական բարձրացումների:

«Բայց դրան պետք է անխուսափելիորեն հետևի հարկային և մաքսային ոլորտների աշխատակիցների պրոֆեսիոնալ մակարդակի շարունակական բարձրացումը: Իհարկե մեզ համար առաջնահերթություն է, որպեսզի որակական փոփոխությունները գան առջևից, որովհետև դրանք այն գործոններն են, որ կառավարության և հանրության համար կլեգիտիմացնեն աշխատավարձերի բարձրացումը, և մենք պետք է գնանք այդ ճանապարհով»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը հաջողություն է մաղթել աշխատաժողովի աշխատանքներին, Պետական եկամուտների կոմիտեին և կառավարությանը վերոնշյալ խնդիրների լուծման գործում: «Մենք խոսում ենք ոչ միայն այն մասին, թե ինչ որակի ծառայություններ կմատուցենք, այլև, թե ինչ կապիտալ ներդրումներ անելու հնարավորություններ կունենանք, և դրանք ինչպես կխթանեն տնտեսական աճը, որպեսզի ամեն տարվա հետ մեր պետական եկամուտները մեծանան: Իհարկե, որևէ կերպ մեր օրակարգից չի կարող դուրս գալ ստվերի դեմ պայքարը, այս ընթացքում այդ ուղղությամբ ունենք աննախադեպ ձեռքբերումներ, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ այս հաջողություններն առավելագույնը չեմ համարում և մենք պետք է հետևողականորեն գնանք այդ ճանապարհով` շարունակակաբար ավելացնելով հարկեր-ՀՆԱ ցուցանիշը: Տնտեսական ակտիվության խթանումը պետք է լինի առաջնահերթություն, որն ունի ոչ միայն ֆինանսական, այլև հոգեբանական բաղադրիչ և տնտեսվարող սուբյեկտների տրամադրությունն ու տրամադրվածությունը մեծապես պայմանավորված է հարկային և մաքսային մարմինների հետ համագործակցությամբ: Վստահ եմ, որ այդ որակը կբարձրանա և բոլորիդ քաջալերում եմ հստակ ու աներկբա շարժվել այդ ճանապարհով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Աշխատաժողովի ընթացքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրել է «ՀՀ ՊԵԿ արդիականացման ճանապարհ, վերջին տարիների զարգացումներ» թեմայով շնորհանդեսը:

ՊԵԿ նախագահի խորհրդական Արամ Թանանյանը շնորհանդեսով ներկայացրել է Մեղրիի անցակետի արդիականացման ծրագիրը և Գյումրիում արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի ստեղծումը:

Աշխատաժողովի շրջանակում ներկայացվել է նաև ՀՀ ՊԵԿ 2020-2024թթ. զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագիրը: Մասնավորապես, ռազմավարությունը նախանշում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի առաջիկա հինգ տարիների զարգացման և իրականացվելիք բարեփոխումների հիմնական ուղղությունները, դրանց իրագործումն ապահովող նախագծերը և անհրաժեշտ միջոցառումները, ինչպես նաև մակրոտնտեսական ցուցանիշների վրա դրանց ազդեցությունը և կանխատեսումները։ Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը նպաստելու է հարկային և մաքսային ոլորտում վերլուծական գործիքներով վարչարարության արդյունավետության բարձրացմանը, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնմանը և տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ ընթացակարգերի օպտիմալացմանը։

Աշխատաժողովը կազմակերպվել է «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 100%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    5 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: