ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արևելքի Ասորի Եկեղեցու պատվիրակությանը

Հոկտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արևելքի Ասորի Եկեղեցու պատվիրակությանը՝ առաջնորդությամբ Արևելքի Ասորի Եկեղեցու պատրիարքարանի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի պատասխանատու, Կալիֆորնիայի (ԱՄՆ) Արևելքի Ասորի Եկեղեցու առաջնորդ և Սինոդի քարտուղար եպիսկոպոս Մար Ավա Ռոյելի:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռի մամուլի ծառայությունից՝ պատվիրակության կազմում էին Իրանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մար Նասսայ Բենիամինը, Մելբուրնի և Նոր Զելանդիայի եպիսկոպոս Մար Բենիամին Էյան և Հայաստանում Արևելքի Ասորի Եկեղեցու սպասավոր Հայր Նիկոդեմոս Ցուխանաևը:

Հանդիպմանը Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը Նորին Սրբությանը ներկայացրեց հյուրերին: Ապա Արևելքի Ասորի Եկեղեցու Սինոդի քարտուղար եպիսկոպոս Մար Ավա Ռոյելը Վեհափառ Հայրապետին փոխանցեց Արևելքի Ասորի Եկեղեցու Նորին Սրբություն Գիվարգիզ Գ Սլիվա Կաթողիկոս-Պատրիարքի ողջույնները և գրությունը, որով Կաթողիկոս-Պատրիարքի և Եկեղեցու Սուրբ Սինոդի անունից պաշտոնապես տեղեկացվում է, որ Էրբիլում (Իրաք) 2019 թ. մայիսի 13-19-ը Նորին Սրբության նախագահությամբ տեղի ունեցած Սինոդի ժողովի ժամանակ Արևելքի Ասորի Եկեղեցին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ողջունելով պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Վեհափառ Հայրապետն իր փոխադարձ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց Արևելքի Ասորի Եկեղեցու պետին: Երախտագիտություն արտահայտելով Արևելքի Ասորի Եկեղեցու հովվապետի և Սուրբ Սինոդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ` Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարասկզբին հայերի դեմ գործված ոճրագործության դատապարտման կարևորությանը` հավելելով, որ Քույր Եկեղեցիները ևս ճանաչել ու դատապարտել են այն:

Հանդիպմանը Նորին Սրբությունը հաստատեց նաև, որ առիթներ ունեցել է այցելելու Հայաստանի ասորական տարբեր համայնքներ և շփվելու համայնքների անդամների հետ` ընդգծելով, որ վերջիններս պահպանում են իրենց լեզուն և մշակութային առանձնահատկությունները:

Ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսը հետաքրքրվեց Արևելքի Ասորի Եկեղեցու պատմությամբ և մերօրյա առաքելությամբ, Եկեղեցու հովվական իշխանության ներքո գտնվող աշխարհասփյուռ համայնքներով և տարբեր երկրներում հայկական համայնքների հետ ձևավորված կապերով:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: