ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանի և Հայաստանի միջև բացարձակ անկեղծ և սերտ համագործակցության հիմքերում ընկած են նահատակության միմյանց նման իրողությունները. Պրոկոպիոս Պավլոպուլոս

Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ նոյեմբերի 5-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այցին ընդառաջ Պրոկոպիոս Պավլոպուլոսը բացառիկ հայտարարություն է տրամադրել «Արմենպրես» գործակալությանը: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև:

«Հույն-հայկական հարաբերությունները, որոնք հասել են բացառիկ մակարդակի, արմատներով գնում են դեպի հեռավոր անցյալ և հիմնված են ամուր բարեկամության, փոխըմբռնման, ինչպես նաև ստեղծարար ու արդյունավետ համագործակցության վրա: Մեր հարաբերություններն իրավամբ հասել են այն աստիճանի ներդաշնակության, որ դրանք ձգվում են երկկողմ հարաբերություններից անդին՝ դեպի միջազգային համագործակցության ավելի լայն դաշտ, քանի որ մի շարք կարևոր միջազգային հարցերի վերաբերյալ մեր համապատասխան տեսակետներն էականորեն համընկնում են, հատկապես այն հարցերում, որոնք առնչվում են Խաղաղության, Մարդու հիմնարար իրավունքների ու Սոցիալական արդարության պաշտպանությանը և ամրացմանը: Այս ուղղությամբ մեր ջանքերի հիմնական քաղաքական ու ինստիտուցիոնալ հենարանը միջազգային իրավունքի համապարփակ կիրառումն է:

Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի միջև եռակողմ համագործակցությունն ամրապնդում է մեր համատեղ աշխատանքի վերը թվարկված պարամետրերը: Չնայած յուրաքանչյուր երկրի Սփյուռքի հարցերն այդ համագործակցության ելակետն են, այն միևնույն ժամանակ ստացավ ավելի լայն խթան և հանգեցրեց երեք երկրների միջև բազմակողմ համագործակցության: Այդուհանդերձ, Հունաստանի և Հայաստանի միջև բացարձակ անկեղծ և սերտ համագործակցության հիմքերում ընկած են նահատակության միմյանց նման իրողությունները:

Թեպետ մենք չենք սնում վրեժխնդրության որևէ զգացմունք հանցագործների հանդեպ, սակայն մենք չենք կարող մեզ թույլ տալ անգամ մի պահ մոռանալ այն, ինչ տեղի է ունեցել: Այդ փորձառության հիշողությունն ու հուշերն են, որ ստիպում են մեզ առաջ մղել «այլևս երբեք»-ի սկզբունքը: Նահատակվելու այս իրողությունը ներծծված է երկու վայրագ ցեղասպանությունների զոհերի արյան մեջ, մի կողմից՝ Հայոց ցեղասպանության, իսկ մյուս կողմից՝ Պոնտոսի հույների ցեղասպանության:

Բոլորի համար հայտնի է, որ այս հարցում Հունաստանը գլխավորեց ճանապարհը՝ 1996 թվականին ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և 2014 թվականին քրեականացնելով դրա ժխտումը: Մենք՝ հույներս, ուրախությամբ ողջունում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման տպավորիչ ընդլայնումը, որի ամենանշանավոր օրինակներից էր վերջերս Միացյալ Նահանգների Կոնգրեսի բանաձևը: Հայաստան կատարելիք այս այցի առթիվ իմ պարտքն եմ համարում հայտարարել, որ Հունաստանը վճռականորեն ու համառորեն հանդես է գալիս հանուն խաղաղության, բարգավաճման և մարդու հիմնարար իրավունքների ամեն երկրում, այլ ոչ թե միայն իր դաշնակիցների ու հարևանների մոտ: Այս սկզբունքները պաշտպանելու գործում մեզ առաջնորդող միակ սկզբունքը Միջազգային և եվրոպական իրավունքի հստակ ու բազմակողմ կիրառումն է:

Առաջնորդվելով այս քաղաքականությամբ՝ Հունաստանը.

Նախ և առաջ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունն ու աջակցում է դրա լուծմանը՝ հիմնված բացառապես միջազգային իրավունքի վրա: Հետևաբար, խաղաղ կարգավորման որոնման հարցում այն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Եվ երկրորդը, Հունաստանը վճռականորեն հանդես է գալիս հօգուտ Եվրամիության և Հայաստանի ավելի սերտ մերձեցման: Այն բացառիկ առաջնահերթությունը, որը մենք տվել ենք Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ընթացակարգերը նախաձեռնելուն, հաստատում է այն կարևորությունը, որը մենք հատկացնում ենք հույն-հայկական հարաբերություններին»,-նշում է Նախագահ Պավլոպուլոսն իր հայտարարության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: