ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության նախարարի հետ

Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությանը մասնակցելու նպատակով նոյեմբերի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Ստոկհոլմ կատարած աշխատանքային այցը մեկնարկեց Շվեդիայի Միջազգային զարգացման և համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի հետ հանդիպումով։

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ կատարեցին հայ-շվեդական երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի: Զոհրաբ Մնացականյանը և Փիթեր Էրիքսոնն ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունը` գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ համագործակցության առավել ընդլայնման և հարստացման ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների վերընթաց զարգացումը կհանգեցնի առավել շոշափելի արդյունքների: Այս առնչությամբ կարևորվեց տարբեր մակարդակներում առկա քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանումը, խորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք կիրառումը: 

Որպես ավանդական թիրախային ուղղություններ` առանձնացվեցին նորարարության, բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության բնագավառում փորձի փոխանակումը, առողջապահության, զբոսաշրջության ոլորտները, ինչպես նաև աղբի վերամշակման  ուղղությամբ համագործակցության խթանումը։ Զոհրաբ Մնացականյանը և Փիթեր Էրիքսոնն ուղենշեցին այլընտրանքային և վերականգնվող էներգիայի արտադրության բնագավառում համագործակցության հեռանկարները: Կարևորվեց Հայաստանի և Շվեդիայի միջև նաև մարզային փոխգործակցության խթանումը: 

Նախարարներ Մնացականյանը և Էրիքսոնը կարևորեցին ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ իրավական նոր հենք հանդիսացող Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

Նախարար Մնացականյանը Փիթեր Էրիքսոնին ներկայացրեց Հայաստանում իրականացվող բարեփոխումների հավակնոտ օրակարգը՝ վերահաստատելով կառավարության հստակ հանձնառությունն՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների կարողությունների ամրապնդմանը, օրենքի գերակայության ապահովմանը և կոռուպցիայի դեմ պայքարին: Այդ գործընթացում Զոհրաբ Մնացականյանը բարձր գնահատեց Շվեդիայի կառավարության կողմից ցուցաբերված շարունակական աջակցությունը: Երկուստեք կարևորվեց Հայաստանի հետ Շվեդիայի զարգացման համագործակցության երկկողմ ծրագրի մեկնարկը: 

Հանդիպման ավարտին զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: