ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արարատ Միրզոյանն ընդունել է Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Արցախի Հանրապետության «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ նման հանդիպումները պետք է ավելի հաճախակի տեղի ունենան եւ Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության օրակարգերի անընդհատ սինխրոնացումը եւ ներդաշնակեցումը պետք է իրենց ամենօրյա գործունեության մի մասը լինեն: ՀՀ ԱԺ նախագահն արձանագրել է, որ Հայաստանի կողմից տարբեր ուղղություններով Արցախին հատկացվող ծրագրերը շեշտակիորեն աճել են՝ սկսած պաշտպանության ոլորտից վերջացրած սոցիալական զանազան ծրագրերով, եւ այս ջանքերը պետք է կրկնապատկվեն ու եռապատկվեն: Արարատ Միրզոյանը նշել է, որ ժամանակն է՝ տարբերակելու զանազան ինֆորմացիոն մանիպուլյացիաներն իրական գործընթացներից: Նա խոսել է Արցախում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների մասին, որոնց ընթացքում առաջին անգամ ՀՀ քաղաքացիական հասարակության ինստիտուտների կողմից դիտորդական առաքելություն իրականացվեց եւ որոնք, չնայած որոշ ապոկալիպտիկ կանխատեսումների, ճիշտ հակառակը ցույց տվեցին՝ հերթական անգամ ապացուցվեց, որ Արցախում ազատ, անկախ, ժողովրդավարական ընտրություններ են անցկացվում: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը կարեւորել է, որ Արցախում եկող տարի սպասվող նախագահական ընտրությունները եւս պետք է լինեն չափազանց թափանցիկ, ազատ, արդար, մրցակցային, ոչինչ չպետք է ստվերի այս ընտրությունների ժողովրդական բնույթը: «Եւ, ինչպես ասում են, թող հաղթի նա, ով կհավաքի Արցախի ընտրողների առավելագույն ձայները, ու մենք այս հարցում միանշանակ աջակցելու ենք Արցախին եւ կանգնած ենք արցախցիների կողքին»,- շեշտել է Արարատ Միրզոյանը:

«Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը, շնորհակալություն հայտնելով հանդիպման նախաձեռնության համար, նշել է, որ սա խմբակցության ձեւաչափով առաջին հանդիպումն է, եւ Արցախում սպասվող համապետական ընտրություններից առաջ հայաստանյան քաղաքական ուժերի հետ շփումը կարեւոր ու անհրաժեշտ է: Նա համաձայնել է, որ Արցախում եկող տարի սպասվող համապետական ընտրության արդյունքների վերաբերյալ ոչ մի կասկած չպետք է լինի: Նա ողջունել է ՀՀ-ի դիտորդական մասնակցությունը՝ շեշտելով, որ դա առաջին հերթին կարեւոր է Արցախի ժողովրդի համար:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն անշրջելի են, ՀՀ իշխանություններն ունեն անհրաժեշտ կամք եւ վճռականություն՝ ժողովրդավարական բոլոր բարեփոխումներն իրականացնելու համար: «Բոլոր այն ուժերը, որոնք կկանգնեն այս փոփոխությունների ճանապարհին, կխոչընդոտեն ժողովրդավարական բարեփոխումները եւ կփորձեն Հայաստանը հետ քաշել հետադիմության շրջապտույտի մեջ, կխոչընդոտեն Հայաստանի զարգացումը, վստահ եմ, քաղաքացիների գնահատմամբ, կհայտնվեն պատմության անցքերում, բայց ոչ ներկայում կամ ապագայում»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Արայիկ Հարությունյանը երկրորդել է, որ իրենք եւս շահագրգռված են ինտեգրման նոր հարթություն տեղափոխվելու առումով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրության մի շարք այլ հարցեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    19 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: