ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արա Դարզին կոչ է արել Մեծ Բրիտանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Բրիտանահայ ականավոր վիրաբույժ, Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի նախագահ, Մեծ Բրիտանիայի  առողջապահության նախկին նախարար Արա Դարզին իր մտահոգությունն է հայտնել այն առնչությամբ, որ Մեծ Բրիտանիան չի հետևել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին: «The Guardian»-ում հրապարակված հոդվածում Արա Դարզին նշել է, որ ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը և մտահոգված է նման գործընթացի բացակայությամբ Բրիտանիայի կառավարության կողմից: Այս մասին հայտնում է Արմենպրեսը:

«Որպես Բրիտանիայի խորհրդարանում առաջին հայ, անչափ ուրախ եմ, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկությամբ ճանաչեց մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Բայց ես հիասթափված եմ, որ բրիտանական կառավարությունը հրաժարվում է ճանաչել մոտ 1,5 միլիոն հայերի սպանդը: Հայոց ցեղասպանության առնչությամբ ընդհանուր լռությունը ժամանակին մեջբերել էր Հիտլերը, երբ ծրագրում էր Եվրոպայի հրեական բնակչության բնաջնջումը: Իմ և իմ հայրենակիցների համար ուժգին ցավի աղբյուր է այն, որ մեր կառավարությունը համառորեն ժխտում է ցեղասպանությունը՝ ելնելով Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի գործընկերոջը, նեղացնելու մտավախությունից»,- նշել է Արա Դարզին:

Նա հիշեցրել է, որ աշխարհի առնվազն 20 երկիր պաշտոնապես կոտորածը ճանաչել է որպես ցեղասպանություն, այդ թվում Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, Եվրոպական խորհրդարանը: Այժմ էլ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն է միացել նրանց:

«Իմ մեծ պապը և նրա որդիները մահապատժի են ենթարկվել Օսմանյան կառավարական ուժերի կողմից 1915 թվականին: Նրա աղջիկը՝ իմ տատիկը, որն այդ ժամանակ դեռահաս էր, կարողացել է փրկվել: Նա իր մոր հետ շաբաթներ շարունակ Էրզրումից, որտեղ ապրել է նրա ընտանիքը, քայլել է դեպի Մոսուլ: Ես ծնվել եմ Բաղդադում, որտեղ ապրել ենք որպես փախստականներ»,-գրել է Արա Դարզին: Նա անազնիվ է համարում այն, որ Բրիտանիայի կառավարությունը շարունակում է մերժել Հայոց ցեղասպանությունը: Արա Դարզին ընդգծել է, որ ցեղասպանությունը համընդհանուր հարց է՝ հիշեցնելով, որ մարդկությունը տեսել է Ռուանդայում, Դարֆուրում տեղի ունեցածը, այն, ինչ կատարվեց քրիստոնյա համայնքի հետ «Իսլամական պետության» ձեռքով Սիրիայում, Իրաքում:

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևում ասվում է, որ կառավարությունը չպետք է իրեն ասոցացնի «հայերի կամ այլ ցեղասպանությունների ժխտման հետ»: Մեր խորհրդարանը պետք է անի նույնը»,-գրել է Արա Դարզին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: