ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 555,18 դրամ ԱՐԾԱԹ - 262,3 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 007,91 դրամ

Դիվանագիտական ծառայությունը պետք է օգնի մեր պետությանը և ժողովրդին՝ ավելի լավ հասկանալու աշխարհը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի հիմնադրման 10-ամյակին և երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը:

Վարչապետը նախ շրջայց է կատարել դիվանագիտական դպրոցում, ծանոթացել
դպրոցի տասնամյա գործունեությանը և միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության ներգրավմանը նվիրված ցուցանմուշներին:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Դիվանագիտական դպրոցի հոբելյանի կապակցությամբ և նշել, որ հայտնի ու հին հասկացությունների նշանակությունները ժամանակակից աշխարհում նոր նրբերանգներ են ստանում և կարևոր է, որպեսզի ժամանակ առ ժամանակ արձանագրենք, թե ինչ ակնկալիք և պահանջ ունենք մեր դիվանագիտական ծառայությունից, դիվանագետներից:

«Այժմ այնպես է ստացվել, որ եթե դիվանագիտություն ասելով հասկանանք զուտ արտաքին կապերը, ապա կպարզենք, որ դրանով պետական բոլոր կառույցներն են զբաղվում, ընդհուպ քաղաքապետարանները և գյուղապետարանները, որովհետև հիմա աշխարհում շփումների շրջանակը շատ է լայնացել: Մի ժամանակ էր, որ օտարերկրացի հիմնականում տեսնում էին դիվանագետները և օտարերկրացիների հետ շփվում էին հիմնականում դիվանագետները:

Եվ ուրեմն, նոր պայմաններում ո՞րն է դիվանագիտական համակարգի ամենամեծ ծառայությունը: Իմ համոզումն այն է, որ դիվանագիտական ծառայությունը պետք է օգնի մեր պետությանը, մեր ժողովրդին, որպեսզի աշխարհն ավելի լավ հասկանա մեզ և մենք ավելի լավ հասկանանք աշխարհը, որովհետև մեծապես սրանով է պայմանավորված, թե մենք ինչքանով համահունչ կլինենք այն պրոցեսներին, ինչքանով համահունչ կլինենք այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում աշխարհում, այն դեպքում, երբ այդ պրոցեսները համապատասխանում են մեր ազգային ու պետական շահերին, և ինչքանով կկարողանանք ճանաչել այդ պրոցեսներն ու կառավարել մեր շահերն այն դեպքում, երբ այդ գլոբալ պրոցեսները մեր շահերին հակադրվում են»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, այս առումով կարևոր է, որպեսզի մեր դիվանագիտական կրթությունը շրջանավարտներին տա աշխարհը, սեփական երկիրը և ժողովրդին ճանաչելու ավելի մեծ հմտություն: Հետևաբար, կառավարության ղեկավարի կարծիքով, վկայականները, դիպլոմները պետք է ոչ թե ընկալել որպես վկայություն, որ ունենք բավարար չափով գիտելիքներ, այլ վկայություն այն բանի, որ ունենք բավարար հմտություններ՝ զարգացող աշխարհում իմանալու այն ամենը, ինչ կապահովի մեզ ստանալ տեղեկատվություն, ունենալ կարողություն, հաղորդակից լինել այն գիտելիքին, հմտություններին և հատկություններին, որոնք ամեն օր տեղի են ունենում փոփոխվող աշխարհում:

«Այս առումով, կարծում եմ՝ հենց սա պետք է նկատի ունենանք, երբ ասում ենք, որ մեր պետությունը, երկիրը և ժողովուրդը պետք է լինեն մրցունակ: Մենք պետք է կարողանանք ժամանակակից աշխարհում ունենալ մեր տեղը, մեր ինքնությունը, պաշտպանել, պահպանել, զարգացնել մեր ինքնությունը: Եվ զարգացում ասելով՝ ես նկատի ունեմ հետևյալը. մեր հազարամյա պատմության մեջ հաջողված կարելի է համարել այն հատվածները, որտեղ մենք ոչ թե լուսանցքում ենք եղել, այլ եղել ենք աշխարհի մաս: Այդ աշխարհի ոչ բոլոր երևույթների հետ լինելով համաձայն, այդ աշխարհի ոչ բոլոր երևույթները մեզ համար համարելով ընդունելի, բայց այնուամենայնիվ, աշխարհի մաս լինելը և այս զգացողությամբ ոչ միայն ինքներս մեզ համակրելը, այլև ուրիշներին համակրելը, կարծում եմ՝ մեր մրցունակության բարձրացման ամենակարևոր ճանապարհն է:

Ահա այս գործոնն է, որ դիվանագիտությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունը, դիվանագիտական ծառայությունը, իսկապես շատ մեծ և տանող դերակատարում ունի: Ես ուզում եմ բոլորիդ հաջողություն մաղթել այս առաքելության իրականացման գործում: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ դիվանագիտական դպրոցին 10-րդ տարեդարձի կապակցությամբ և բոլոր շրջանավարտներին՝ դիվանագիտական ծառայության նոր փուլ, կամ գիտելիքի ձեռք բերման նոր փուլ մուտք գործելու կապակցությամբ»,- նշել է վարչապետ Փաշինյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 4 կմ/ժ
1 C°
 
-1°   
23.11.2019
-1°   
24.11.2019
Հարցում

Կո՞ղմ եք ՀՀ վարչապետի առաջարկած բանաձևին, ըստ որի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար։