ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կառավարությունը լուծում է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 227 ընտանիքների բնակարանային խնդիրները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականը՝ կառավարությունն ընդունել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը վերաբերող որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է կարգավորել պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված և բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի տրամադրման տարբերակը նախընտրած ընտանիքների բնակարանային խնդիրները: Հիմնավորման համաձայն՝ ծրագրի շրջանակում ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում 2018 թ. տարեվերջի դրությամբ շահառու ճանաչված 5396 ընտանիքից 2008-2017 թթ.-ին՝ մոտ 65 մլրդ դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր: 2018 թ. պետբյուջեով հատկացված 458.0 մլն դրամի հաշվին մինչև 2019 թ. դեկտեմբերի 1-ը կլուծվի ՀՀ Լոռու մարզի գյուղական բնակավայրերում թվով 44 ընտանիքի բնակարանային խնդիր՝ նրանց կիսակառույց բնակելի տների ավարտման միջոցով: 2019 թ. պետբյուջեով հատկացված 560.0 մլն դրամի հաշվին լուծման ընթացքում է գտնվում ծրագրի շահառու ճանաչված 61 ընտանիքի բնակարանային խնդիր (24-ը՝ կիսակառույցների ավարտման, 22-ը՝ բնակարանի գնման վկայագրի տրամադրման, 15-ն՝ ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրման միջոցով): Մնացած 453 ընտանիքների շրջանում նրանց կողմից նախընտրելի բնակապահովման տարբերակի (բնակարակային շինարարություն կամ վկայագրի տրամադրում) վերաբերյալ հարցում կազմակերպելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեn մշակել և ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզպետներին է ուղարկվել համապատասխան հարցման թերթիկ և ձևաչափ: Միաժամանակ, հարցման ընթացքում քաղաքացիներին կողմնորոշիչ տեղեկատվություն տրամադրելու նպատակով հաշվարկվել է նաև ընտանիքներին հասանելիք ֆինանսական աջակցության հաշվարկային չափը: Հարցմանը մասնակցած ընտանիքներից 227-ը նախընտրել է բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու տարբերակը: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է ծախսել 1,291,572.0 մլրդ դրամ:

Անդրադառնալով ծրագրին՝ վարչապետը մի քանի արձանագրումներ է արել. «Այս պահի դրությամբ ՀՀ-ում կա 453 ընտանիք, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունը՝ բնակարանով ապահովելու, դե յուրե արձանագրված է: Մենք, բնականաբար, քաղաքական խնդիր էինք դրել, որ հնարավորինս արագ լուծենք մեր հայրենակիցների հարցը, և նաև 2020թ. բյուջեում մենք այս նպատակով հատկացվող գումարները մոտավորապես 6 անգամ ավելացրել ենք, 400 մլն-ից ավելի շատ ենք ավելացրել: Մյուս տարի նախատեսված է 3 մլրդ դրամ այդ նպատակի համար»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թեմային նվիրված խորհրդակցությունների ժամանակ ներկայացվել է տեսակետ, թե այս քաղաքացիների խնդիրը բնակարանների գնման վկայագրերով լուծել չի լինի. «Եկանք պարզ լուծման՝ եկեք իրենց հարցնենք, ինչու ենք այստեղ փակ քննարկման արդյունքում որոշում, թե ինչ լուծում պետք է լինի: Արդյունքները, անկեղծ ասած, այդ քննարկումները որ ես հիշում եմ, սենսացիոն են, որովհետև այնտեղ կարծիքը, կանխատեսումն այն էր, որ այս տրամաբանությամբ շատ քիչ թվով մարդիկ կարող են ցանկություն հայտնել: Հիմա, ըստ էության, այդ քաղաքացիների ուղիղ կեսը ցանկություն է հայտնել, որպեսզի բնակարանների գնման վկայագրով ձեռք բերի բնակարան: Սա շատ լավ նորություն է»:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև գյուղական համայնքների խնդրի լուծման հետագա ռազմավարությանը: «Մեր խնդիրը պետք է լինի ապահովել Գյումրի քաղաքի բնականոն քաղաքաշինական, տնտեսական զարգացումը, որը, ըստ էության, Շիրակի մարզի աղքատության հաղթահարման միակ գործիքն է: Մեր կայացրած որոշումներով արդեն տնտեսական որոշ ակտիվություն նկատվում է, նաև արտաքին տնտեսական գոտու ստեղծման և գործունեության համատեքստում կընդլայնվի: Գիտեք, առաջիկայում «Ryan Air»-ը չվերթներ է սկսելու Գյումրի ու Գյումրին պետք է դառնա տուրիստական շատ աշխույժ վայր: Մեր բոլոր գործողությունները պետք է միտված լինեն Գյումրիի ռազմավարական զարգացման հեռանկարին: Այս հարցը շատ բազմաթիվ նրբություններ ունի, այս հարցին պետք է շատ նուրբ մոտենալ , բայց նաև չպետք է տեղում կանգնած մնալ, պետք է քայլ քայլ հաստատակամ, վճռական քայլերով գնանք առաջ»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով, իսկ պատշաճ աշխատանք հնարավոր է ունենալ միայն կրթության միջոցով:

Հաստատվել է Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը

Գործադիրը հաստատել է Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը: Ջերմատնային տնտեսությունները տնտեսվարողներին հնարավորություն են ընձեռում ամբողջ տարվա ընթացքում, բնակլիմայական պայմանների հետ կապված նվազագույն ռիսկերով, միավոր տարածքից ստանալ կայուն և երաշխավորված բարձր բերք։ Առաջարկվող փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրումը կխթանի գյուղացիական տնտեսություններին անցնել ցածրարժեքից դեպի բարձրարժեք գյուղատնտեսության, որն իրենից ենթադրում է գյուղատնտեսություն՝ ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին համապատասխան։ Միաժամանակ, ջերմատնային տնտեսությունների վարումը և մրցունակ արտադրանքի ստացումը պահանջում է գիտելիքների իմացություն և ժամանակին համահունչ նորարարությունների կիրառում։ Ծրագրի նպատակն է փոքր և միջին ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով ավելացնել ջերմատնային տնտեսությունների մակերեսն ու արտադրանքի արտադրության ծավալները, բարձրացնել արտադրված արտադրանքի մրցունակության մակարդակը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։ Ծրագրի իրականացման 3 տարիների ընթացքում նախատեսվում է արդիական չափորոշիչներով ջերմատնային տնտեսությունների կառուցում՝ շուրջ 35.0 հա ընդհանուր մակերեսով, բերքատվության բարձրացում և ջերմատնային արտադրանքի ծավալների ավելացում՝ տարեկան շուրջ 3600 տոննայով, ինքնարժեքի իջեցում՝ արտադրության արդյունավետության և արտադրողականության բարձրացման հաշվին, տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացում, մրցունակության մակարդակի բարձրացում և այլն:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծրագրի իրականացումը և նշել. «Մեր հայրենակիցներին մենք ասում ենք՝ այս մոդելներով եթե դուք ջերմատուն կառուցեք, մենք ձեր ծախսերի ընդհուպ մինչև 50 տոկոսը կվերադարձնենք կանխիկ գումարով: Այսինքն՝ մարդը, չգիտեմ, վարկ է վերցնում, սեփական միջոցներն է ներդնում, կառուցում է դա համապատասխան չափանիշներով, մենք այդ գումարի 30, ընդհուպ մինչև 50 տոկոսը վերադարձնում ենք: Սա շատ լավ ծրագիր է, և մենք նախկինում էլ այսպիսի ծրագրեր ունեցել ենք»:

Վարչապետը հանձնարարել է ծրագրի մանրամասների վերաբերյալ լայնորեն իրազեկել հանրությանը, շահառուներին: «Մենք այսօր այդ ծրագրերի իրազեկվածության մասով թերակատարումներ ունենք: Ծրագրերն այն ծավալներով չեն իրականացվում, ինչ մենք ակնկալում ենք, և դրա պատճառներից մեկը, ենթադրում եմ, համենայն դեպս, իմ շփումներից, որ մարդիկ ուղղակի տեղյակ չեն»,- ասել է կառավարության ղեկավարը:


Կբարձրանա զբաղվածության պետական ծրագրերի իրականացման արդյունավետությունը

Զբաղվածության պետական ծրագրերի իրականացման ընթացակարգերով սահմանված գործընթացները պարզեցնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել զբաղվածության պետական ծրագրերի արդյունավետությունը` սահմանափակ ռեսուրսներով ավելի մեծ քանակությամբ շահառուների զբաղվածության ապահովման համար, ինչպես նաև պարզեցնել զբաղվածության պետական ծրագրերի իրականացման ընթացակարգերը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի իրականացման մեխանիզմների հստակեցում, պարզեցում, ծրագրերում նոր թիրախային խմբերի ներգրավման միջոցով վերջիններիս զբաղվածության ապահովում: Ակնկալվում է նաև զբաղվածության ամենամյա պետական ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացում:

Մասնավորապես, առաջարկվում է` «Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում», «Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» և «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում» ծրագրերից հանել «առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակ» ունենալու պահանջը:

«Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում» ծրագրի տևողությունը սահմանել 2 տարի` 3 տարվա փոխարեն: բացի այդ, «Աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրի շահառու դիտարկել աշխատաշուկայում անմրցունակ մայրերին` անկախ տարիքից և հանել առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու հանգամանքը: Ծրագրի շրջանակում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի փոխհատուցումը տրամադրել մեկ տարի` 6 ամսվա փոխարեն, իսկ ուղեկցողի համար հաշմանդամություն ունեցող անձին տրամադրել դրամական օգնություն` ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածի համար: Որոշմամբ առաջարկվում է նաև ազատազրկման վայրերից վերադարձած անմրցունակ անձանց դիտարկել որպես ծրագրի շահառու: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտներին և սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ներկայացված անձանց ճանաչել աշխատաշուկայում անմրցունակ և հնարավորություն տալ առաջնահերթության կարգով ընդգրկվելու զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում և այլն:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նշված ծրագրերի իրականացումը: «Որոշումը բավական ծավալուն է, և ինչպես նախկինում տարբեր առիթներով խոսել ենք՝ շատ կարևոր է, որ պոտենցիալ շահառուները և նաև հանրությունը մանրամասն իրազեկվեն որոշման բովանդակության մասին և նաև պոտենցիալ շահառուները հստակ պատկերացում ունենան իրենց գործողությունների մասին, թե ինչպես իրենք պետք է ընդգրկվեն այս ծրագրում և ինչպես պետք է տեղորոշեն, թե որ ծրագիրն է հատկապես իրենց հարմար»,- նշել է կառավարության ղեկավարը:

Խրախուսվում են հերթական ներդումային ծրագրերը. կստեղծվեն նոր աշխատատեղեր

Կառավարությունը բավարարել է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի հայտերը՝ ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու և մաքսատուրքից ազատելու արտոնություններից օգտվելու վերաբերյալ: 2002 թ. հիմնադրված ընկերությունը Արարատի մարզում զբաղվում է ալյուրի արտադրությամբ և բեռնափոխադրությամբ: Լիարժեք աշխատանքային ռեժիմով ապահովելու, միաժամանակ ցորենի պահեստավորման, ինչպես նաև բեռնափոխադրման ծառայության մատուցման համար, ընկերությունը պլանավորում է ներկրել 200 հատ «Եվրո-5» էկոլոգիական դասակարգչին համապատասխանող Եվրոպական ծագման քարշակ բեռնատար ավտոմեքենաներ և նույն քանակությամբ բեռնատար ավտոմեքենայի կիսակցորդիչներ: Այդ նպատակով ընկերությունը նախատեսում է կատարել ընդհանուր շուրջ 2.5 մլրդ դրամի չափով ներդրում: Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 205-215 նոր աշխատատեղ` 160-170 հազար դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1 մլրդ 152 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.5 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1.1 մլրդ դրամ:

Գործադիրի որոշմամբ մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվի նաև «Տեքսաս փրոդաքշն» ՓԲԸ-ն: Ընկերությունը ներմուծվող ապրանքները օգտագործելու է հագուստի արտադրության համար՝ իրականացնելով 385 մլն դրամի ներդրում: Ներկայումս առկա է 86 աշխատատեղ և ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ` 130,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 774 մլն դրամ, որից 50 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 680 մլն դրամի արտադրանքը` Ռուսաստանի Դաշնությունում, 44 մլն դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 387 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 24 մլն դրամ:

Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել «Արթիկի ՓՀԿ» ՍՊԸ-ին ԱԱՀ վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և մաքսատուրքից ազատելու արտոնություններ տրամադրելու վերաբերյալ որոշումների մեջ՝ ներմուծվող ապրանքների ցանկում փոփոխման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է ՀՀ Շիրակի մարզի ք. Մարալիկում զբաղվել տեքստիլի արտադրությամբ արդեն իսկ վերանորոգած բամբակամանվածքային ֆաբրիկայի շենքում, որտեղ կարտադրի թել և բժշկական բամբակ, նաև կզբաղվի կտորների թափվածքների վերամշակմամբ: Ընկերությունում իրականացվել է 50 մլն ՀՀ դրամի կապիտալ ներդրում, սակայն մինչ օրս աշխատատեղեր չեն ստեղծվել: Հարկ է նշել նաև, որ նշված լրացումների և փոփոխությունների արդյունքում, ընկերությունում կստեղծվի 10 նոր աշխատատեղ և կիրականացվի մոտ 3.8 մլրդ ՀՀ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 160 նոր աշխատատեղ` 185 հազ․ դրամ միջին աշխատավարձով:


Կապահովվի սուբվենցիոն ծրագրերի իրականացումը

Կառավարության որոշմամբ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Վայոց ձորի մարզպետարաններին նախատեսվում է հատկացնել 454,944.1 հազար դրամ՝ ՀՀ համայնքներին 2019 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ համայնքների կողմից ներկայացվել են թվով 518 ծրագրային հայտեր, որոնցից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած ութ նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 483-ը: Ներկայումս ընթանում է հավանության արժանացած ծրագրերի մրցութային գործընթացը կամ արդեն իսկ իրականացվում է շինարարական աշխատանքները։ Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը, գիշերային լուսավորության անցկացմանը, գազիֆիկացմանը: ՀՀ 19 համայնքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացրել են 28 ծրագրերի գնումների գործընթացը: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1,093,465.927 ՀՀ դրամ և մրցույթների արդյունքներում այն կազմել է 795,609.624 ՀՀ դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման մասը կազմում է 454,944.062 ՀՀ դրամ:

Մեկ այլ որոշմամբ էլ 600,198.5 հազար դրամ կհատկացվի Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզպետարաններին: ՀՀ 20 համայնքներն անցկացրել են 28 ծրագրերի գնումների գործընթաց: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1,203,604.939 ՀՀ դրամ և մրցույթների արդյունքներում այն կազմել է 999,421.017 ՀՀ դրամ, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման մասը կազմում է 600,198.499 ՀՀ դրամ: Այդ համայնքներում արդեն իսկ իրականացվում են ծրագրերը` համայնքային բյուջեների հաշվին և ներկայում առաջացել է ՀՀ պետբյուջեից համաֆինասավորման միջոցների հատկացման անհրաժեշտություն:

Կառավարության ղեկավարը, անդրադառնալով սուբվենցիոն ծրագրերի իրականացման որակին, նշել է. «Սա շատ լավ առիթ է, որպեսզի մենք առաջիկայում, առանց նախնական պլանավորման գնանք և տեսնենք, թե այդ ծրագրերն ինչպես են իրականացվել: Նախորդ կիրակի օրը մենք Գորիսում, Վայքում և Եղեգնաձորում եղանք և խառը տպավորություններով վերադարձանք այնտեղից: Քաղաքական եզրակացություն կա ի վերջո, որ, այնուամենայնիվ, խոշորացված համայնքներում այդ ամեն ինչը՝ աշխատանքի և՛ որակը, և՛ ծավալը, բոլորովին այլ մակարդակի վրա են: Այստեղ, իհարկե, չի բացառվում այդ սուբյեկտիվ գործոնը, և այդ գործոնների սուբյեկտիվությունը պարզելու համար ես հանձնարարական եմ տվել Պետական վերահսկողական ծառայությանը՝ ուսումնասիրություններ իրականացնելու Եղեգնաձորի քաղաքապետարանում, որպեսզի մենք պարզենք, թե ինչ է կատարվում»:

Վարչապետը հորդորել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին նույնպես չնախատեսված այցերով լինել մարզերում և ծանոթանալ սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին: «Եթե հանկարծ պարզվեց, որ ինչ-որ բան այն չէ, ուրեմն ընդունող հանձնաժողովը, ընդունող պաշտոնյաները պետք է իմանան, որ հավասարազոր պատասխանատվություն են կրելու»- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Օրենսդրական նախաձեռնություններ. առաջարկվում է ՍԴ դատավորների բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ

Գործադիրը հավանություն է տվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և ՀՀ սահմանադրական օրենքի և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին և այն համարել անհետաձգելի: Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է իրավական նախադրյալներ ստեղծել Սահմանադրական դատարանի կազմավորման վերաբերյալ 2015 թ.-ի սահմանադրական փոփոխություններով ամրագրվածը կյանքի կոչելու համար: Օրինագծերով առաջարկվում է ՍԴ դատավորների բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ բոլոր սոցիալական երաշխիքների պահպանմամբ: Մասնավորապես, առաջարկվում է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը ՍԴ դատարանի անդամ նշանակված և «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թ.-ի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած ՍԴ դատավորի կողմից մինչև 2020 թ. հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: Այդ իրավունքից չեն կարող օգտվել «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թ. հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված ՍԴ դատավորները: Այս կարգավորումից բխող համապատասխան լրացում է նախատեսվում նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում: Միևնույն ժամանակ, մեծ թվով դատավորների կողմից հրաժարական ներկայացվելու դեպքում հնարավոր ճգնաժամը կանխելու նպատակով Նախագծով առաջարկվում է կարգավորում: Ըստ այդմ, եթե վաղ կենսաթոշակի անցնելու նպատակով հրաժարական է ներկայացրել Սահմանադրական դատարանի ավելի, քան երեք դատավոր, ապա ՍԴ դատավորի թափուր տեղի համար ընտրությունն անցկացվում է սահմանված ՍԴ դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրումներ կատարելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո 15 օրյա ժամկետում:

Ինչպես նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, 2015 թ. Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ 9 դատավորները պետք է ընտրվեն ԱԺ-ի կողմից: «Ընդ որում, 3 դատավորի ներկայացնում է կառավարությունը, 3-ին՝ ՀՀ նախագահը և 3-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովը: Ըստ էության, ստացվում է այնպես, որ հնարավոր է՝ առհասարակ կյանքի չկոչվի այս մոդելը, որովհետև ՍԴ-ում պաշտոնավարում են անդամներ, որոնք ընտրվել էին հին կարգով»,- նշել է Ռուստամ Բադասյանը:

Անդրադառնալով օրինագծերի փաթեթին Նիկոլ Փաշինյանը նշել է. «2015թ. սահմանադրական փոփոխություններով հիմնադրվել է Սահմանադրական դատարանի մոդել: Ընդ որում, այդ Սահմանադրական դատարանի մոդելը լայնորեն քարոզվել է նաև այդ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի և այլնի ընթացքում: Այդ մոդելը հետևյալն է. Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետ է սահմանված 12 տարի: 2-րդը՝ նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանի նախագահին պետք է ընտրի Սահմանարական դատարանը: Հաջորդը՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետ է սահմանված 6 տարի: Եվ հիմա այս բոլոր դրույթներն ուժի մեջ են մտել սահմանադրական մյուս դրույթների հետ: Այսօր գործող Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտած է, բայց այս սահմանադրական փոփոխություններով նախատեսված դրույթները հնարավոր չէ այս ընթացիկ պայմաններում իրականացնել առնվազն մինչև 2035թ.: Փաստորեն, սահմանադրական փոփոխությունների հեղինակները մի կողմից ասել են՝ ժողովորդ ջան, տեսեք՝ երազանքի Սահմանադրական դատարանի մոդելը գտել ենք, որը մեր պրոբլեմները լուծելու է, մյուս կողմից արել են գործողություններ, որոնք Հայաստանի Հանրապետությանը մինչև 2035թ. առնվազն թույլ չեն տալու ունենալ երազանքի Սահմանադրական դատարան: Ավելին ասեմ, եթե հիմա նայում ենք մեր վիճակագրությունը, զուտ քաղաքական վիճակագրություն, 10 տարին մեկ Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների հարց է բարձրացվում: Մի անգամ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե եղել է 2003թ., որը չի անցել, մի անգամ 2005թ. և 2015թ.-ին: Եթե այդ տրամաբանությամբ գնանք, մոտավոր վիճակագրական, ասենք կարող է 2025թ., 2027թ. կամ երբևէ լինի սահմանադրական փոփոխություններ, որ այս դրույթները նորից փոփոխվեն: Կստացվի, որ ՀՀ-ում ուժի մեջ սահմանադրական դրույթները չեն կիրառվում: Սա թերևս Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ընդունված է ասել, իրավակիրառ պրակտիկայի ամենամեծ աբսուրդներից մեկն է: Հիմա մենք այս օրենքով հնարավորություն են տալիս, որպեսզի այս խնդիրը լուծվի և հաշվի առնելով նաև, որ Սահմանադրական դատարանի դատավորների առնվազն մի մասը շատ ակտիվ մասնակցություն է ունեցել այդ երազանքի Սահմանադրական դատարանի ձևակերպմանը, մենք հիմա սրանով հնարավորություն ենք տալիս, որ մարդիկ աջակցեն իրենց իսկ երազած Սահմանադրական դատարանի հաստատմանը՝ առանց սոցիալական երաշխիքների կորստի»:

Հավանության է արժանացել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջակվում է նոր ուղղությամբ չվերթների պարագայում հանել օդի տուրքը: Օրինագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկա դրությամբ մոտ 11-12 մլրդ դրամ պետական բյուջե մուտքագրվող օդի տուրքի ձևավորված մակարդակի վրա բացասական ազդեցությունը կլինի ոչ նշանակալի, հնարավոր է նաև բացառվի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ կարգավորումը նպաստելու է նոր շուկաների ձևավորմանը և առկա շուկաների խթանմանը: Ըստ գնահատումների և հաշվարկների, մուլտիպլիկատիվ էֆեկտի շնորհիվ պետական բյուջեն կհամալրվի լրացուցիչ եկամուտներով, որոնք վերոնշյալ կարգավորման չկիրառման դեպքում չէին գեներացվի: Առաջարկվող արտոնությունը կիրառվելու է ոչ թե կոնկրետ ավիափոխադրողների համար, այլ միայն նոր ուղղություններով ավիափոխադրումների նկատմամբ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ խոսքը նոր ուղղությունների մասին է, որոնք վերջին 12 ամիսներին չեն սպասարկվել:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրինագծին, նշել է, որ կայացվել է քաղաքական որոշում: «Այդ որոշման արդյունքում մենք այս պահին ունենք մեկ ավիաընկերություն, որը կայացրել է որոշում՝ Երևան և Գյումրի չվերթներ իրականացնելու: Արտոնությունը վերաբերում է բոլորին, մենք բոլոր ավիաընկերություններին հրավիրում ենք գալ ու այս նույն պայմաններից օգտվել: Սա ազդեցություն է ունենալու ավիատոմսերի գնագոյացման և ընդհանրապես տնտեսական ակտիվության զարգացման առումով»,-ասել է վարչապետը:

Քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտնել է, որ հայկական ավիաշուկա մուտք են գործելու նոր ավիաընկերություններ: «Ունենք հաստատված 8 նոր ուղղություններ, բայց նախատեսում ենք, որ մինչև ամառային սեզոնի բացումը՝ դրանց թիվը կլինի 10-ից ավելի: Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը բացում է չվերթ դեպի Կալուգա, դիմել է մեզ. չվերթները սկսվելու են դեկտեմբերի 14-ից», - ասել է Տաթևիկ Ռևազյանը:

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելել է, որ տեղական շուկայից էլ հետաքրքրվածություն կա, խոսքը 10-ից ավելի ուղղությունների մասին է:

«Շատ ավելի լավ։ Եթե այդ բոլորն իրականություն դառնա, ավիափոխադրումների ոլորտում հեղափոխություն կլինի», - ասել է Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետը կարևորել է թվային տեխնոլոգիաների վերաբերյալ հանրային իրազեկվացության բարձրացումը

Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացը կարգավորելու, ինչպես նաև գործընթացում վարչարարությունը նվազեցնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։ Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է «Սիրողական ձկնորսության և որսի հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացը։ Փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման մասին պայմանագրերի կնքման թղթային և էլեկտրոնային հայտերի միասնական ձևի պահպանման, գործընթացն առավել ճկուն և դյուրին իրականացնելու պահանջից։ Առաջարկվող փոփոխությունները նպատակաուղղված են սիրողական ձկնորսության և որսի հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի միջոցով Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգմանը։

Վարչապետը կարևորել է էլեկտրոնային համակարգերի և թվային տեխնոլոգիաների շարունակական ներդրումը տարբեր ոլորտներում՝ հանձնարարելով գործուն քայլեր ձեռնարկել դրանց վերաբերյալ հանրային իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ: «Այսօր Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի բազմաթիվ գործող նորամուծություններ և ծառայություններ կան, որոնց մասով էլի մարդկանց իրազեկման խնդիր կա: Օրինակ՝ ի՞նչ է QR կոդը, ինչո՞ւ է դա օգտագործվում: Մենք այսքան խոսում ենք, որ Հայաստանում օնլայն բանկինգը բավարար տեմպերով չի զարգանում, դրա պատճառներից մեկն էլ նույնպես էլի իրազեկվածության պակասությունն է, էլեկտրոնային դրամի համակարգը, որ այսօր ՀՀ-ում գործում է, էլի իրազեկվածության խնդիր կա: Իհարկե, այդ գործառույթների մի մասը վերաբերում է Կենտրոնական բանկին, և ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որպեսզի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Կենտրոնական բանկի հետ այս հարցում նույնպես տեղեկատվական որոշակի հայեցակարգ մշակի, որպեսզի մարդիկ իմանան, որ այդ ծառայությունները հասանելի են, որովհետև հաստատ այդ ծառայություններն ավելի հարմար են մարդուն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը, մեկ անգամ ևս կարևորելով հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը, ընդգծել է. «Իրազեկման հայեցակարգ պետք է գոյություն ունենա, անհրաժեշտության դեպքում՝ իրազեկման ռազմավարություն պետք է լինի, ընդ որում՝ մարդիկ պետք է տեղյակ լինեն: Երբ խոսում ենք մարդու կյանքի փոփոխության մասին, մարդու կյանքի փոփոխությունը մենակ այն չէ, թե հացը խանութում ինչ արժե: Մարդու կյանքի փոփոխություն է նաև այն, թե այս ծառայություններն ինչքանով են հասանելի, և ինքն ինչքանով է իրազեկված այս ծառայություններից օգտվելու համար՝ ընդհուպ ի՞նչ ծրագիր որտեղի՞ց պետք է ներբեռնել, ինչպե՞ս պետք է օգտագործի և այլն: Զուգահեռաբար պետք է, իհարկե, նաև ԿԲ-ն բանկերի հետ աշխատի, որպեսզի օնլայն բանկինգի ծրագրերն անխափան աշխատեն, որովհետև շատ են դեպքերը, որ դրանք հայտարարված են, կան, առկա են, բայց դրանք միշտ չէ, որ անխափան աշխատում են, և այս հարցը նույնպես պետք է անպայման լուծել: Այնպես որ պետք է սրանով լուրջ զբաղվել և հաշվի առնել նաև ռիսկերը, ռիսկերի մասին էլ տեղեկացնել և ամենայն խորությամբ ուսումնասիրել՝ QR կոդն ի վերջո սատանայի հետ որևէ կապ ունի՞, թե՞ չունի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը հայտնել է, որ իրոք ԱԱԾ-ին հանձնարարական է տվել՝ պարզելու որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները. «Նախորդ հարցն, իհարկե, մի քիչ հումորով ընկալվեց, բայց ուզում եմ ասել, որ ամենայն լրջությամբ է այդ հանձնարարականը տրված, որովհետև ի վերջո, եթե կան մտահոգություններ հանրության շրջանում և հնչում են, պետք է հասկանալ՝ այդպիսի թեմա ընդհանրապես գոյություն ունի՞, թե՞ գոյություն չունի: Այսինքն՝ ինչքանո՞վ է լուրջ այդ թեման, ինչքանո՞վ է լուրջ, որ այդտեղ կան ինչ-որ տոտալիտար գաղափարներ, գաղափարախոսություններ, որոնք կարող են փորձ արվել, այդ թվում նաև պետական ռեսուրսներ օգտագործելով, տարածել և այդպես շարունակ: Իհարկե, դա պետք է պարզել, և հանրությունը պետք է իմանա, որ մենք, ընդհանրապես կառավարությունը ոչ մի ահազանգ ուղղակի անհետևանք չենք թողնում, և հանրությունը պետք է պատասխան ստանա: Ընդ որում, այս հարցում մենք 100 տոկոս պետք է անկեղծ լինենք: Այո, գնանք նայենք՝ եթե կա այդպիսի խնդիր, արձանագրենք այդ խնդիրը, իրեն տանք պարամետր, ձևակերպում, որպեսզի նաև երբ մեր տարբեր նախարարությունները, գերատեսչությունները, հանրությունը, մշակութային օջախները հնարավոր առնչություն կարող է ունենան, իրենք իմանան՝ դա ի՞նչ է: Որովետև երբ գիտենք թմրանյութ է, թմրանյութը կարողանում ենք ձևակերպել դա ինչ է, երբ գիտենք զենք, զինամթերք է, արգելված իր է, դա գիտենք թե ինչ է: Եթե կա այդպիսի պրոբլեմ, որի մասին խոսում են մեր սիրելի որոշ հայրենակիցներ, ուրեմն մենք դա էլ պետք է հասկանանք: Եթե կա այդպիսի խնդիր՝ պետք է մոտեցում ցուցաբերենք այդ խնդրի վերաբերյալ, եթե չկա այդ խնդիրը՝ զուտ ազգային անվտանգության տրամաբանությամբ: Իսկ եթե դա ընդհամենը գեղագիտական ճաշակի կամ ոճի խնդիր է, մենք դա էլ պետք է հանրությանը ասենք և շատ պարզ այս թեմաներով խոսենք: Այնպես որ, ես ուզում եմ այս առումով արձանագրել, որ որևէ ահազանգ մենք անարձագանք չենք թողնում, որովհետև մեզ համար կարևոր է, որ մենք ստանանք բոլոր հարցերի պատասխանը, և մեր միջոցով նաև հանրությունը ստանա բոլոր հարցերի պատասխանը»:

Կանխիկի շրջանառությունը ոչ միայն պետք է կրճատել, այլև՝ վերացնել. Վարչապետը դա կարևորել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում

Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀԴՄ-ին և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջների ցանկում ներառել էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հնարավորության ապահովման պահանջը: Ինչպես նաև վերջնաժամկետ է սահմանվել պլաստիկ քարտերի, այդ թվում՝ վճարային քարտերի միջոցով (չիպային, անհպում և մագնիսական), առկայության դեպքում նաև այլ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքներով դրամական հաշվարկների իրականացման և հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հնարավորության ապահովման համար:

Ինչպես նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, նոր սերնդի ՀԴՄ սարքերը պետք է ունենան նաև POS տերմինալի ֆունկցիա: «Փոփոխությամբ առաջարկում ենք սահմանել, որ եթե բոլոր մնացած տեխնիկական պահանջները բավարարված են և ՀԴՄ-ն համապատասխանում է տեխնիկական պահանջներին, ապա պայման ենք դնում, որ 6 ամսվա ընթացքում POS տերմինալի ֆունկցիան պետք է ևս ակտիվացվի: Սրանով մենք հնարավորություն կտանք, որ ոլորտի ազատականացման գործընթացում տնտեսավարողներն օր առաջ կարողանան գործունեություն ծավալել»,- ասել է ՊԵԿ նախագահը:

Ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, այդ համատեքստում անհրաժեշտ է հասկանալ, թե որքանո՞վ է դա համապատասխանում կանխիկի շրջանառությունը կրճատելուն, ապա ընդհանրապես այն վերացնելուն:

«Պետք է խոստովանենք, որ ՀԴՄ-ների ոլորտում մենք խնդիր ենք ստեղծել: Երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունում քննարկվում էր այն խնդիրը, որ պետք է ոլորտում պետական մենաշնորհ չլինի և պետք է շուկան ազատականացվի: Մենք, ըստ էության, շուկան ազատականացրեցինք, ինչի արդյունքում առաջացավ ՀԴՄ-ների դեֆիցիտ: Մեր ունեցած ՀԴՄ-ները շատ արագ սպառվեցին՝ նաև կապված նրա հետ, որ մենք գներն էականորեն իջեցրեցինք: Եվ հետո շուկայում դեֆիցիտ առաջացավ, և փաստորեն մասնավոր հատվածը մինչև հիմա այդ դեֆիցիտը չի կարողանում լրացնել»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետն ընդգծել է կանխիկի շրջանառությունը ընդհանրապես վերացնելու ռազմավարական խնդրի լուծման կարևորությունը: «Կանխիկի շրջանառությունը ոչ միայն պետք է կրճատել, այլև՝ վերացնել: Դա կարևոր է նաև կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում, որպեսզի դրամաշրջանառության հետևելիությունը լինի մաքսիմալ ամենաբարձր աստիճանի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դավիթ Անանյանը տեղեկացրել է նաև, որ ԿԲ-ի հետ աշխատում են, որպեսզի բանկերը պատրաստ լինեն իրենց ծառայությունների վճարն իջեցնելու, որոշ դեպքերում վերացնելու. դա կխթանի անկանխիկ շրջանառությունը:


Այլ որոշումներ. կստեղծվեն բավարար և նպաստավոր պայմաններ կրթության իրականացման համար

ՀՀ կառավարության և Եվրոպական միության միջև 2016 թ.-ին ստորագրված «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» համաձայնագրի շրջանակում նախատեսված միջին մասնագիտական գյուղատնտեսական ուսումնական հաստատությունների շինարարական աշխատանքների կազմակերպման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Մասնավորապես, գումար կհատկացվի Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջի մասնաշենքի շինարարական, Գեղարքունիքի մարզի Ն. Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցին նախագծային աշխատանքների համար:

Գործադիրի հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 45.8 մլն եվրո գումարի չափով: Նշված միջոցներն ուղղվելու են «ՀՀ 2019 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, ուստի վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից: Ծրագրի հիմնական նպատակներն են մրցակցության, առևտրի և որակի կանոնակարգերի և գործընթացների ամրապնդումը, հարկային համապատասխանության և կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության և քաղաքացիական ծառայության գործունեության ամրապնդումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: