ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 528,19 դրամ ԱՐԾԱԹ - 255,88 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 222,19 դրամ

Լրագրողների գաղտնի այցը Բաքու էլ ավելի է խորացնում առկա խնդիրները

ԶԼՄ-երի փոխանցմամբ, այս օրերին տեղի են ունենում Արցախյան հակամարտության կողմերի լրագրողների փոխադարձ այցելությունները՝ Երևան և Բաքու: Տեղեկատվությունը ինչպես այցի, այնպես էլ պատվիրակությունների կազմերի մասին, գաղտնի է պահվում. թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ԱԳՆ-երը հրաժարվում են մեկնաբանել այդ լուրը: Միայն ադրբեջանական տեղեկատվական գործակալություններից մեկն է հայտնել այցերի մասին:

Լրագրողների փոխադարձ այցելություններ կազմակերպելու մասին պայմանավորվածությունը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև ձեռք էր բերվել ապրիլի 15-ին Մոսկվայում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Դա համաձայնեցված հումանիտար միջոցառումներից մեկն է՝ ուղղված հանրությունների միջև վստահության կառուցմանը: Սակայն նման կերպով այցի կազմակերպումն ավելի շատ ցույց է տալիս կողմերի միջև խոր անվստահությունը, Ադրբեջանում սեփական հանրությանը երակարատև սրսկված հայատյացության հետևանքների անկանխատեսելիությունը, դրա դեմ պայքարելու ցանկության բացակայությունը և մի շարք այլ խնդիրներ:

Վստահության կառուցման միջոցառումների ողջ իմաստն ու նպատակը դրանց հանրայնացումն է, հասարակության լայն շրջանակների համար տեսանելի լինելը: Հումանիտար շփումներն, իրենց էությամբ, ուղղված են ցույց տալու, որ երկու հանրությունները կարող են միմյանց հետ խաղաղ երկխոսել, տարբեր առնչություններ ունենալ և որոշակի օրինակ են մյուսների համար: Փակ ու գաղտնի պայմաններում նման այցերի կազմակերպումը հակասում է այս սկզբունքին: Փակությունը հարցականի տակ է դնում միջոցառման նպատակը, այն դարձնում ձևի համար իրականացված քայլ, որի մասին հետագայում միջնորդները կգրեն իրենց զեկույցներում, իսկ կողմերի իշխանություններն էլ ի ցույց կդնեն, որպես բարի կամքի դրսևորում, այս ուղղությամբ կատարված կարևոր քայլ, կառուցողականության դրսևորում, հանրություններին խաղաղության պատրաստելու պատրաստակամություն և այլն: Մինչդեռ դրա իրականացման ձևը վկայում է հակառակի մասին:

Ակնհայտ է, որ այս գատնիությունն Ադրբեջանի կողմից թելադրված պայման է, քանի որ Հայաստանը երբևէ խնդիր չի ունեցել ո՛չ ադրբեջանական պատվիրակությունների անվտանգության ապահովման, ո՛չ նման այցերին հանրության արձագանքի հետ կապված: Խնդիրները Բաքվում են, որտեղ տարիներ շարունակ սերմանվող հայատյացության ֆոնին իշխանությունները մի կողմից վստահ չեն, որ կկարողանան ապահովել հայկական պատվիրակության անվտանգությունը, մյուս կողմից չեն ցանկանում շեղվել իրենց քաղաքական գծից և դրական ուղերձ հղել իրենց հանրությանը, այլ կերպ ասած՝ պատրաստել նրան խաղաղության:

Ստացվում է, որ հայկական կողմը տուրք է տալիս ադրբեջանական այս քաղաքականությանը՝ հնարավորություն ընձեռելով պաշտոնական Բաքվին հետագայում դիվիդենտներ քաղել այս կեղծ կառուցողականությունից՝ միաժամանակ սպասարկելով իր շահերը: Հայաստանն ու Արցախը մշտապես ընդգծել են ժողովրդավարության և հասարակության համար թափանցիկության հարցում այն ահռելի տարբերությունը, որ կա Ադրբեջանի համեմատ: Փաստացի, մենք համաձայնում ենք խաղալ Բաքվի կանոններով՝ հարցականի տակ դնելով այդ տարբերությունը:

Ի սկզբանե խնդրահարույց էր գաղտնիություն պահպանելու վերաբերյալ նման պայմանավորվածություն ձեռք բերելը, սակայն ադրբեջանական կողմից այդ պայմանավորվածությունը խախտելուց և ԶԼՄ-երից մեկի միջոցով տեղեկատվություն հրապարակելուց հետո, պայմանավորվածություններն այլևս դադարել էին գործել և հայկական կողմն ազատ է հրապարակելու ավելի լայն տեղեկատվություն: Այժմ գաղտնիությունն պահելն արդեն առավել անտրամաբանական է:

Սակայն խնդիրը ոչ միայն գաղտնիությունն է, այլև սեփական ԶԼՄ-երի հանդեպ անվստահությունը, իսկ ավելի ճիշտ՝ անհասկանալի խտրական վերաբերմունքը: Ի՞նչ սկզբունքով են ընտրվել այցին մասնակցող ԶԼՄ-երի ներկայացուցիչները, ի՞նչ չափորոշիչով:

Առավել տրամաբանական կլիներ, եթե անցկացվեր բոլոր խոշոր մեդիաների ներկայացուցիչների հետ փակ քննարկում, հայտարարվեին չափորոշիչներն ու միասին կայացվեր որոշում պատվիրակության կազմի վերաբերյալ: Իսկ այն ինչ արվեց, մեդիաներին յուրայինների և ոչ յուրայինների, վստահելի և ոչ վստահելիների բաժանելու անառողջ քայլ էր, որն էլ ավելի է խորացնելու դաշտում առկա խնդիրները:

Փաստացի, ունենք մի իրավիճակ, երբ հայտարարված բարի նպատակը, դրական ու կառուցողական քայլը ոչ միայն չի ծառայում իր նպատակին, այլև ավելի շատ խնդիրներ է հանում ջրի երես: Հակամարտությանն առնչվող ցանկացած քայլ, այդ թվում՝ առաջին հայացքից, ամենապարզն ու անմեղը, շատ նուրբ է և բազմակողմանի ու խարքային պլանավորման, ռիսկերի գնահատման կարիք ունի:

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 85%
Քամի՝ 3 կմ/ժ
2 C°
 
   
15.12.2019
   
16.12.2019
Հարցում

Արդյոք Հայաստանի իշխանությունները բավարար չափո՞վ են տեղեկացնում մեր հասարակությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին: