ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արարատ Միրզոյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և միգրացիայի նախարարին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և միգրացիայի նախարար Այման Սաֆադիին:

Աժ նախագահը, ողջունելով հյուրին, վստահություն է հայտնել, որ նրա այցը կնպաստի երկու երկրների հարաբերությունների զարգացմանը: Արարատ Միրզոյանն իր ողջույններն է փոխանցել նաև Հորդանանի խորհրդարանի երկու պալատների նախագահներին և տեղեկացրել, որ Հորդանանի Ներկայացուցիչների պալատի խոսնակը վերջերս նամակով առաջարկել էր Հայաստանի կրթական ծրագրի շրջանակներում ավելացնել մեր երկրի բուհերում սովորող հորդանանցի ուսանողների քանակը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ այս հարցին սիրով դրական լուծում է տրվել: ԱԺ նախագահը նշել է, որ ուսանողների փոխանակման այս ծրագիրը հրաշալի հնարավորություն է՝ երկու երկրների հարաբերությունները զարգացնելու և մեր ժողովուրդներին ծանոթացնելու մեր մշակույթին: Նա նաև շեշտել է, որ Հայաստանն ու Հորդանանը չպետք է բավարարվեն այս կրթական ծրագրերով, դրանք, իհարկե, պետք է զարգացնել և ընդլայնել, բայց կան բազմաթիվ այլ ոլորտներ ևս, որտեղ երկու երկրներն ունեն հարաբերությունների զարգացման մեծ պոտենցիալ: Արարատ Միրզոյանը, խոսելով միջխորհրդարանական համագործակցության մասին, նշել է, որ երկու երկրների խորհրդարաններն ունեն բարեկամական խմբեր, ինչը խորհրդարանական հարաբերությունները զարգացնելու շատ լավ հարթակ է, թեև առայժմ փոխայցեր չեն եղել: Աժ նախագահը վերահաստատել է ՀՀ Ազգային ժողովի հրավերը հորդանանցի պատգամավորներին՝ այցելելու Հայաստան: Նա խոսել է նաև Հայաստանի համար զգայուն հարցերի մասին. անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանի իշխանությունները հավատարիմ են խաղաղ բանակցությունների ճանապարհով խնդրի լուծմանը: ՀՀ ԱԺ նախագահը նաև շեշտել է, որ բոլոր մյուս երկրների դիրքորոշումները, բանաձևերը, որոնք կարող են ընդունվել այս կամ այն հարթակում, պետք է լինեն առավելագույնս հավասարակշռված, հակառակ դեպքում կարող է խաթարվել ներկայիս փխրուն, հարաբերական խաղաղությունը:

Այման Սաֆադին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստանում է՝ երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Նա ընդգծել է, որ Հորդանանն ու Հայաստանն իսկապես հարաբերությունների զարգացման մեծ պոտենցիալ ունեն և առանձնացրել է հատկապես մի քանի ոլորտներ՝ ագրոբիզնեսը, զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, նաև խոսել է ուղիղ չվերթներ բացելու և բյուջետային ավիաընկերությունների մասին: Նա հայտնել է, որ այժմ Հայաստանում սովորում Է հորդանանցի 120 ուսանող և վստահություն է հայտնել, որ երկու երկրները մշակութային լավ հարաբերություններ կկառուցեն: Այման Սաֆադին տեղեկացրել է, որ Արարատ Միրզոյանին Հորդանան այցելելու հրավեր կուղարկվի, իսկ առաջիկայում սպասվում է Հորդանանի թագավորի այցը Հայաստան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: