ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայոց ցեղասպանության բանաձևը չի ընդգրկվել ԱՄՆ Սենատի օրակարգում

ԱՄՆ Սենատը երրորդ անգամ հրաժարվեց քննարկել սենատորներ Ռոբերտ Մենենդեսի ու Թեդ Քրուզի առաջադրած Հայոց ցեղասպանության վերաբերյալ համար 150 բանաձևը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը, ԱՄՆ Սենատի կանոնակարգի համաձայն, օրենսդիրները պետք է նախ կողմ քվեարկեն բանաձևի օրակարգում ընդգրկվելուն, որից հետո միայն անցնեն փաստաթղթի բուն քննարկմանն ու քվեարկությանը:

«Արդյոք մենք ճանաչում ենք Ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել, թե պետք է թույլ տանք, որ Թուրքիայի նման երկիրը որոշի մեր սեփական հայացքները, պատմության ընկալումը, բարոյական պարտավորություններն ու հանրային կարծիքը»,-նշել է ԱՄՆ Սենատում դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը՝ կրկին բարձրացնելով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի հարցը:

Սենատոր Մենենդեսը հիշեցրել է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերջերս ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձև և կոչ արել Սենատի իր գործընկերներին հետևել ստորին պալատի օրինակին՝ կողմ քվեարկելով Սենատի համար 150 բանաձևի ընդգրկմանն օրակարգում:

«Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել և դա փաստ է: Այն ժխտելը նշանակում է ժխտել ամենասարսափելի պատմական ոճրագործություններից մեկը»,- նշել է սենատոր Մենենդեսը:

Դեմոկրատ սենատորին միացավ իր հանրապետական գործընկեր, սենատոր Թեդ Քրուզը, ով ընդգծեց՝ Հայոց ցեղասպանությունը անհերքելի փաստ է, և ԱՄՆ-ը բարոյական պարտավորություն ունի անմեղ զոհերի հիշատակի առջև: Քննադատելով Թուրքիայի վարած քաղաքականությունը՝ հանրապետական սենատորը վստահություն հայտնեց, որ ճանաչումը որևէ բացասական հետևանք չի ունենա ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա:

«ՆԱՏՕ-ի անդամ 12 երկրներում Ցեղասպանությունն արդեն ճանաչված է։ Այո, Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է, սակայն դաշնակիցները պետք է ասեն ճշմարտությունը միմյանց»,- ընդգծել է սենատոր Քրուզը:

Բանաձևի առաջադրմանը, սակայն, դեմ  է հանդես եկել Հյուսիսային Դակոտա նահանգից հանրապետական սենատոր Քևին Քրամերը: Նախկին կոնգրեսական, իսկ 2018 թվականից սենատի անդամ Քրամերը գտնում է՝ այսօր ճիշտ ժամանակը չէ բանաձևի ընդունման համար:

«Ես կողմ եմ այս բանաձևի ոգուն ու վստահ եմ, որ իմ 99 մյուս գործընկերները ևս համամիտ են այս բանաձևի հետ: Մենք կարող ենք այն անցկացնել, սակայն հարցն այն է, թե ե՞րբ է պետք դա անել: Իմ կարծիքով այժմ հաստատ դրա ժամանակը չէ»,-ասել է նա:

Ըստ ԱՄՆ Սենատի կանոնակարգի՝ մեկ սենատոր կարող է արգելափակել յուրաքանչյուր հարցի քննարկում: Այսպիսով, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդգրկումը Սենատի օրակարգում դեկտեմբերի 5-ին արգելափակվել է  Հյուսիսային Դակոտայի սենատորի կողմից: Արձագանքելով դրան՝ սենատոր Մենենդեսն ընդգծել է, որ դժվար է ընտրել ճիշտ ժամանակ այս քայլի համար: Նա վստահեցրել է, որ կշարունակի պայքարել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: