ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 30 552,72 դրամ ԱՐԾԱԹ - 426,41 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 122,18 դրամ

Լիբանան. քաղաքական ճգնաժամը չի հաջողվում հաղթահարել

yalibnan.com

Լիբանանում շարունակվում է քաղաքական ճգնաժամը, որը սկսվել է հոկտեմբերի կեսերին` իշխանությունների տնտեսական նոր քաղաքականության պատճառով: Նոր կառավարություն ձևավորելու և մասնավորապես՝ վարչապետի թեկնածության շուրջ խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցությունները մեկ շաբաթով հետաձգվել են նախագահ Միշել Աունի կողմից:

Նման խնդրանքով հանդես էին եկել խորհրդարանում ներկայացված կուսակցությունների մեծ մասն այն բանից հետո, երբ վարչապետի գլխավոր թեկնածու, գործարար Սամիր Խաթիբը, ում աջակցում էին բոլոր հիմնական խորհրդարանական խմբակցությունները, հայտարարեց իր թեկնածությունը հանելու մասին: Նման որոշման կայացման հարցում մեծ է եղել սուննի հոգևորականության դերը: Լիբանանում պետական  կառավարման համակարգը հիմնված է էթնոդավանական սկզբունիքի վրա, և երկրի վարչապետը պետք է լինի սուննի մուսուլման: Դեկտեմբերի 8-ին Խաթիբի հետ հանդիպմանը Լիբանանի գերագույն մուֆթի շեյխ Ադել Լատիֆ Դերայանը հայտարարել էր, որ սուննի քաղաքական գործիչների հետ քննարկումների արդյունքում իրենք աջակցում են «Ալ Մուսթակբալ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Սաադ Հարիրիի վերադարձը վարչապետի պաշտոնին: Նրա խոսքերով` Հարիրին ջանքեր է գործադրում Լիբանանի տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու համար և մեծ դերակատարում ունի արաբական աշխարհում և միջազգային ասպարեզում:

Հիշեցնենք, որ Սաադ Հարիրին, ով Լիբանանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2009 թվականից, հայտարարեց իր հրաժարականի մասին  հոկտեմբերի 29-ին` զանգվածային հակակառավարական բողոքի ակցիաների ֆոնին, որոնք ուղղված էին երկրի քաղաքական էլիտայի դեմ: Լիբանանցիները վերջինիս մեղադրում են կոռուպցիայի և երկրում տնտեսական վատ դրության համար: Եվ, բնականաբար, մուֆթիի այս հայտարարությունը լիբանանցիները ընդունել էին դժգոհությամբ` դուրս գալով փողոց: Ցուցարարները պահանջում են խորհրդարանն արձակել` նշանակելով արտահերթ ընտրություններ: Լիբանանյան ընդդիմության կարծիքով` նոր կառավարությունը պետք է առաջնորդի իշխող էլիտայի հետ կապ չունեցող չեզոք քաղաքական գործիչ:

Հարիրին դեռևս չի արձագանքել մուֆթիի կողմից իր թեկնածությունը պաշտպանելուն, սակայն ավելի վաղ հայտարարել էր, որ հրաժարականի մասին իր որոշումը վերջնական է և երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար անհրաժեշտ է տեխնոկրատների կառավարություն ձևավորել:

Նշենք, որ տեխնոկրատների կառավարության դեմ հանդես են գալիս շիական Հզբոլլահը և Ամալը, որոնց կարծիքով կառավարությունում պետք է ներկայացված լինեն քաղաքական ուժեր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 20%
Քամի՝ 5 կմ/ժ
29 C°
 
16°  30° 
19.09.2020
14°  27° 
20.09.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: