ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը՝ աշխարհաքաղաքական զարգացումների առանցքում

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Քրուզի հեղինակած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը։ Այս բանաձևի ընդունմանը նախորդել էր դեռ հոկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից նմանօրինակ բանաձևի ընդունումը։ Սակայն եթե Կոնգրեսի ստորին պալատի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունվել էին նախկինում ևս, ապա Սենատի մակարդակով սա, ըստ էության, աննախադեպ էր։ Կարևոր է սակայն ամրագրել, որ ինչպես Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված փաստաթուղթը, նույնպես և Սենատի ընդունածը բանաձևեր են. դրանք օրենքի նախագիծ չեն և չի նախատեսվում դրանց հաստատումը/ ստորագրումը նախագահի կողմից։

Այսինքն Սենատի կողմից այս՝ թիվ 150 բանաձևի ընդունմամբ, կարող ենք փաստել, որ ԱՄՆ-ն օրենսդիր մարմնի մակարդակով վերջապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Անհերքելի է, որ Ցեղասպանության ճանաչման գործում բավական մեծ դեր ու ավանդ ունեն ԱՄՆ-ի հայկական կառույցները, սակայն ոչ միայն և, թերևս, ոչ առաջին հերթին։

Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատում թիվ 296 բանաձևի ընդունումից հետո, Սենատում այն անցնող մոտ երկու ամսվա ընթացքում երեք անգամ արգելափակվեց. վետոյի իրենց իրավունքից օգտվեցին սենատորներ Քեյվին Քրամերը, Դեյվիդ Փերդյուն և Լինսի Գրահամը՝ ըստ որում, նման ցուցում ստանալով Սպիտակ տնից (այս մասին խոստովանել է Հանրապետական սենատոր Լինդսի Գրահամը)։ Ի դեպ, Գրահամի կողմից բանաձևն արգելափակելու ժամանակ Վաշինգտոնում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Անշուշտ, թե՛ Ներկայացուցիչների պալատի, թե՛ Սենատի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունումը մեսիջ էր Թուրքիային՝ կապված Սիրիայում Անկարայի գործողությունների, ռուս-թուրքական մերձեցման և C-400-ների գործարքի հետ։ Բայց Թուրքիային «պատժելու» համար, թվում է, թե պիտի բավարար լիներ, օրինակ, միայն Ներկայացուցիչների պալատում նման բանաձևի ընդունումը։ Եթե սրան հավելենք և այն, որ տնտեսական պատժամիջոցներ Թուրքիայի նկատմամբ Վաշինգտոնը դեռ հոկտեմբերից է սահմանել։ Այսինքն օրենսդիր մարմնի մակարդակով Ցեղասպանության ճանաչմամբ ԱՄՆ-ն այլ, բոլորովին ուրիշ խնդիր է լուծել, կամ՝ փորձում լուծել։

Ըստ էության, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստն անհնար է դիտարկել՝ առանց աշխարհաքաղաքական արդի գործընթացները հաշվի առնելու: Եվ այստեղ շատ կարևոր է, թե արդյոք այս որոշումը մեր տարածաշրջանում այսօր առկա գործընթացների տրամաբանական շարունակությունն է, թե՞ նոր իրադարձություններ են նախապատրաստվում: Ամեն դեպքում, հայկական հարցը նորից աշխարհաքաղաքական զարգացումների առանցքում է, և մնում է հուսալ, որ հայկական դիվանագիտությունը կկարողանա ճիշտ կողմնորոշվել ու առավելագույնս նվազեցնելով մարտահրավերները՝ օգտվել հնարավորություններից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: