ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի և «ադրբեջանական համայնքի» միջև հավասարության նշան դնելու փորձերը անհեռանկարային են. Մասիս Մայիլյան

Պետության՝ Արցախի Հանրապետության և հասարակական կազմակերպության՝ այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» միջև հավասարության նշան դնելու փորձերը անհեռանկարային են և խեղաթյուրում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը: Այս մասին «Առավոտի» հետ հարցազրույցի ժամանակ ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Արցախի Հանրապետությունն Արցախը, ինչպես նաև այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» բանակցային սեղանի շուրջ բերելու հարցի վերաբերյալ:

«Անհրաժեշտ է նշել, որ եռակողմ բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտության, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումներն ամբողջությամբ համընկնում են։ Մեր կարծիքով, Ադրբեջանի հակազդումը բանակցությունների ամենաարդյունավետ եռակողմ ձևաչափի վերականգնմանը հավասարազոր է կարգավորման գործընթացի արհեստական ձգձգմանը: Ադրբեջանի նման դիրքորոշումը վկայում է հակամարտության վերջնական կարգավորման հասնելու նրա չկամության մասին: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միակ շոշափելի ձեռքբերումը՝ 1994 թ. մայիսի 12-ի զինադադարը,  հենց եռակողմ բանակցությունների շրջանակներում է արձանագրվել:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի պնդումներին, թե իբր «Հայաստանը և Ադրբեջանը հանդես են գալիս որպես հակամարտության կողմեր, իսկ Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքները՝ որպես շահագրգիռ կողմեր», ապա այդ պնդումները  միակողմանի են և չեն արտացոլում բանակցային գործընթացի ձևաչափի մասին հարցի հետագա էվոլյուցիան։ Տվյալ հարցը երկար քննարկումների առարկա է եղել խաղաղ գործընթացի շրջանակներում։ 1993 թ. սեպտեմբերին ԵԱՀԽ (1994 թ. դեկտեմբերից՝ ԵԱՀԿ) Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես հակամարտության կողմ։ Հակամարտության և բանակցությունների ձևաչափի հարցում վերջնականապես պարզություն է մտցվել 1994 թ. Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ։ Համաձայն Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթի՝ հակամարտության կողմեր են հանդիսանում հրադադարի մասին 1994 թ. մայիսի 12-ին ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատած կողմերը։

Բուդապեշտի գագաթաժողովից հետո ադրբեջանական կողմի՝ հակամարտության կողմերի թեման շահարկելու փորձերի պատճառով ԵԱՀԿ գործող նախագահ, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Լասլո Կովաչը 1995 թ. մարտի 31-ին Պրահայում կայացած ԵԱՀԿ Ղեկավար խորհրդի նիստի ժամանակ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ և «վերահաստատել ԵԱՀԿ նախորդ որոշումները կողմերի կարգավիճակի մասին, ինչը ենթադրում է հակամարտության մեջ ներգրավված  երկու անդամ պետությունների, ինչպես նաև հակամարտության երրորդ կողմի (Լեռնային Ղարաբաղի) մասնակցությունն ամբողջ բանակցային գործընթացին, ներառյալ Մինսկի համաժողովը»։ Ընդհուպ մինչև 1999 թվականը ԵԱՀԿ-ն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկկողմ շփումները դիտարկում էր ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունների փոխարինող, այլ որպես «Հարավային Կովկասում մշտապես գործող քաղաքական գործոն, որը պետք է նպաստի կարգավորմանը»: Պետության՝ Արցախի Հանրապետության և հասարակական կազմակերպության՝ այսպես կոչված, «ադրբեջանական համայնքի» միջև հավասարության նշան դնելու փորձերը անհեռանկարային են և խեղաթյուրում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը»,- ասել է Մասիս Մայիլյանը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: