ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է սոցիալական ապահովության նոր համակարգի ներդրմանը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով պայմանավորված: Օրենքով՝ սահմանվել է, որ թաղման նպաստ է վճարվում նաև հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` 3 ամսվա ընթացքում, վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը անձի մահանալու դեպքում: Սահմանվել է նաև, որ ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանքը կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից 6 ամիս հետո ներկայացվելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնվում է գրավոր դիմելու օրվանից: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել վերանայել կառավարության համապատասխան որոշումը և փոփոխել նոր իրավակարգավորումներին առնչվող դրույթները: Որոշմամբ լուծում է տրվել նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած մի շարք խնդիրների: Մասնավորապես` հստակեցվել է, որ hաշմանդամ երեխա ճանաչված անձի հաշմանդամության նպաստն ստանալու իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում հաշմանդամության նպաստի վճարումը վերականգնվում և նպաստը վճարվում է մյուս ծնողին, եթե այդ ծնողն իր գրավոր դիմումը և մահացած ծնողի մահվան վկայականը ներկայացրել է տարածքային բաժին: Հստակեցվել է նաև, որ նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելու համար անձը կարող է ներկայացնել նաև նպաստառուի մահվան փաստը հավաստող` օտարերկրյա պետության տված փաստաթուղթը` վավերացված ապոստիլով:

Անդրադառնալով սոցիալական աջակցության ծրագրերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անցկացվել է խորհրդակցություն սոցիալական ապահովության նոր համակարգի ներդրման վերաբերյալ: «Սոցիալական աջակցության գործող համակարգը մարդկանց, այսպես ասած, տնտեսական ակտիվության չի խրախուսում, չի դրդում: Երեկ մենք քննարկում ունեցանք և կարող ենք արձանագրել, որ առնվազն նախնական մակարդակով կոնկրետացրել ենք մեր հայեցակարգային պատկերացումները, թե ինչ պետք է անենք»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ դեռ պետք է շարունակվեն համակարգի վերջնական ձևավորման շուրջ աշխատանքները, որին, բացի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, պետք է ներգրավվեն այլ գերատեսչություններ նույնպես:

«Մենք արձանագրեցինք, որ սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան Հայաստանի Հանրապետությունում այն մարդիկ, ովքեր աշխատունակ չեն: Այսինքն՝ իրենք ունեն սահմանափակումներ, օբյեկտիվորեն այդ մարդիկ իրենք իրենց կարիքները չեն կարող հոգալ: Իսկ աշխատունակ մարդկանց մենք պետք է կարողանանք քաջալերել և համակարգային պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք ավելի շատ շահագրգռված լինեն աշխատել, քան թե ավելի շատ շահագրգռված լինեն չաշխատել»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ սա է հայեցակարգային մոտեցումը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առաջարկվող համակարգը նախնական է, որը դեռ պետք է քննարկվի: «Առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան այն ընտանիքները, որտեղ երեխաներ կան, և առանձնահատուկ ուշադրության պետք է արժանանան ընտանիքների կրթական կարիքները: Այսինքն՝ միշտ չէ, որ մենք պետք է ուղղակի մարդկանց ասենք՝ ամսական ձեզ այսքան վճար ենք վճարում, այլ շատ դեպքերում պետք է ճշգրտենք, թե այդ ընտանիքի զարգացման համար ինչ է անհրաժեշտ, որ հոգանք, աջակցենք նրանց, որպեսզի երեխաները կամ հենց թեկուզ մեծահասակները ստանան կրթություն, ստանան հմտություններ՝ մասնագիտական և այդպես շարունակ: Քանի որ դա շատ կարևոր թեմա է, և մինչև հիմա, իհարկե, զուտ աշխատանքային մակարդակում են եղել քննարկումները, կարծում եմ՝ աշխատանքին զուգընթաց մենք պետք է նաև որոշակի հանրային քննարկումներ սկսենք այս ուղղությամբ: Դա պետք է արվի, որպեսզի հանրությունը մեզ հետ զուգընթաց քայլի, որովհետև շատ դեպքերում, երբ մենք աշխատանքային մակարդակում քննարկում ենք և վերջնական ինչ-որ տարբերակ ենք մատուցում, քանի որ մտքի աշխատանքի այդ ողջ ճանապարհը զուգահեռ չի երևացել, ընկալումը միշտ չէ, որ բավարար արագությամբ է գալիս: Այնպես որ, պետք է նաև այս խնդրի մասին մտածել»,-ասել է կառավարության ղեկավարը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: