ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չին-ամերիկյան առևտրային համաձայնագրի առաջին փուլ. ինչո՞ւ դեռ չի կարելի «պատերազմը» համարել ավարտված և ինչի՞ց են դժգոհ եվրոպացիները

Հունվարի 15-ին Սպիտակ տանը տեղի ունեցավ Չինաստանի և ԱՄՆ միջև առևտրային բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնագրի առաջին մասի ստորագրման արարողությունը:

2018թ.-ից սկսած, այն բանից հետո, երբ Թրամփը մոտ 25%-ով ավելացրեց Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը, երկու երկրների միջև տարիներ շարունակ տևող առևտրային անհամաձայնությունները թևակոխեցի որակապես նոր՝  «առևտրային պատերազմի» փուլ:  Շուրջ երկու տարի տևած միմյանց հաջորդող տարատեսակ առևտրային սահմանափակումների և փոխադարձ մաքսատուրքերի ավելացման արդյունքում Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրաշրջանառությունը նվազեց գրեթե 15%-ով:

2019-ի երկրորդ կեսից երկու երկրների միջև մեկնարկեցին բանակցություններ: Չնայած դրան՝ միմյանց նկատմամբ կիրառվող սանկցիոն գործիքակազմը շարունակվում էր գործարկվել, ընդուպ մինչև 2019թ. դեկտեմբեր, երբ ԱՄՆ նախագահը հայտարարեց Չինաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր հնարավոր փաթեթի մասին: Սակայն, դեկտեմբերի 13-ին կողմերը հայտարարեցին ձեռք բերված համաձայնության մասին, որը վերջ կդնի «առևտրային պատերազմին»:

Առևտրային գործարք. մաս առաջին

Փաստաթութղթը ենթադրում է, որ առաջիկա եկու տարվա ընթացքում Չինաստանը Միացյալ Նահանգներից կգնի ընդհանուր առմամբ 200 մլրդ դոլարի ապրանք և ծառայություններ: Այդ թվում՝ 77,7 մլրդը կուղղվի արդյունաբերական արտադրանքի, 52,4 –ը՝ էներգակիրների, 37,9 մլրդ դոլարը՝ ծառայությունների ձեռքբերմանը:

Միացյալ Նահանգները, փոխարենը, չեղարկել է դեկտեմբերին հրապարակված պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման մասին որոշումը:

Ինչ վերաբերում է արդեն իսկ եղած սահմանափակումներին, ապա, ըստ Թրամփի, դա Միացյալ Նահանգների կողմից կդիտարկվի՝ որպես խաղաթուղթ, և կչեղարկվի պայմանագրի երկրորդ փուլի կնքումից հետո միայն: Թրամփի գնահատականով, «առևտրային հաշտեցում» կլինի ամբողջական գործարքի երկրորդ մասի ստորագրումից հետո միայն:

Պետք է նշել, որ այս պահին ստորագրված համաձայնագիրը դիտարկում է նաև ինտելեկտուալ սեփականության պաշտպանության հզոր միջոցներ, ինչն, ըստ էության, Չինաստանի հետ հարաբերություններում Միացյալ Նահանգների առանցքային խնդիրներից մեկն էր: Մասնավորապես, փաստաթղթի համաձայն, Պեկինին արգելվում է կիրառել ամերիկյան ընկերություններին «մոտիվացնող և խթանող միջոցառումներ» ամերիկյան տեխնոլոգիաները փոխառելու նպատակով:

 Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեն, իր հերթին, նշել է, որ գործարքը շահավետ է ինչպես կողմերի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար:

Կան նաև դժգոհներ

Չինաստանում Եվրոպայի Առևտրի պալատն անհանգստություն է հայտնել: Կառույցը, մասնավորապես, նշել է, որ Չինաստանի կողմից առաջիկա երկու տարում նախատեսվող ապրանքների գնումները, փաստացի, կարգավորվող գնումներ են, այսինքն դրանք դուրս են եվրոպական մրցակցությունից: Մյուս կողմից, եվրոպացիների մոտ կա անհանգստություն, թե որքանով է առևտրային պայմանագիրը համապատասխանում Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոններին:

Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնն, իր հերթին, արձագանքել է պայմանագրի ստորագրմանը՝ հույս հայտնելով, որ դա բացասաբար չի անդրադառնա եվրոպական բիզնեսի վրա: Ի պատասխան, Չինաստանի փոխվարչապետը վստահեցրել է, որ այն ուղղված չէ եվրոպական բիզնեսի դեմ և համապատասխանում է ԱՀԿ կանոններին:

 Վե՞րջ առևտրային պատերազմին

Սույն գործարքն, իհարկե երկու կողմերի միջև առաջացած լարվածությունը որոշակիորեն կկոտրի, սակայն ամբողջական հաշտեցման մասին այս պահին դեռ վաղ է խոսել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առջևում դեռ նոր բանակցությունների փուլ է:

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայքլ Փենսն արդեն իսկ խոսել է գործարքի երկրորդ մասի շուրջ մեկնարկած քննարկումների մասին: Չնայած փակագծեր դեռ չեն բացվում, բայց հասկանալի է, որ առանցքում Միացյալ Նահանգների կողմից դեռևս պահպանվող մաքսային պատժամիջոցների չեղարկումն է:

 Եթե համարենք, որ մտավոր սեփականության խնդիրը համաձայնագրի առաջին մասով լուծվում է, ապա երկրորդ մասում, ամենայն հավանականությամբ, յուանի արհեստական արժեզրկման հարցը կարող է դրվել, ինչից մշտապես դժգոհել է ԱՄՆ-ն:

Մինչդեռ սա փոքր-ինչ ավելի խրթին հարց է, քանի  որ դա տարիներ ի վեր Պեկինի կողմից իրականացվող պետական քաղաքականություն է և ուղղված չէ միայն Միացյալ Նահանգների հետ առևտրատնտեսական հարաբերություններին:

Մինչ երկրորդ գործարքի կնքումը, կողմերը հավանաբար կփորձեն դիրքեր ամրացնել, ինչը չի բացառում այդ հարաբերություններում լարվածության նոր ալիքի առաջացումը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: