ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երիտասարդների բարեխոս Ս. Սարգսի տոնը կնշվի փետրվարի 8-ին. կմատուցվի պատարագ, կլինի քայլերթ և համերգ

Armenpress.am

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն կնշվի փետրվարի 8-ին: Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է, և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)՝ տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնելը տան տանիքին կամ պատշգամբին և սպասելը Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը: Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Արարատյան Հայրապետական թեմից հայտնում են, որ այդ օրը նախատեսված են մի շարք միջոցառումներ: Սուրբ Սարգսի մասունքակիր աջը, ինչպես նաև Մատենադարանից՝ 17-րդ դարում այստեղ ընդօրինակված Ավետարանը կբերվի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի: Բոլոր հավատացյալները կարող են առավոտից մինչ երեկո գնալ եկեղեցի, խոնարհվել աջի առաջ և ստանալ սրբի բարեխոսությունը: Եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ և կկատարվի երիտասարդների օրհնության կարգ:

Օրվա կարևոր միջոցառումներից է մեծ քայլերթը, որը նախատեսված է Ս. Սարգիս եկեղեցուց  դեպի Սիրահարների պուրակ: Կմասնակցեն բազմաթիվ հավատացյալներ, երիտասարդներ, զինվորականներ: Օրվա ավարտին Սիրահարների պուրակում կկայանա տոնական համերգ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: