ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի Հանրապետության վրա. Փաշինյան

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ, որտեղ «Տևական համագործակցություն նոր նախանշանների ներքո, Հայաստան-Գերմանիա հարաբերություններ» խորագրով հանդիպում է ունեցել ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ:

Հիմնադրամի համանախագահ, նախագահության խորհրդի անդամ Կլարա Գեյվիցը շնորհակալություն է հայտնել վարչապետին հիմնադրամ այցելելու և փորձագիտական շրջանակներին Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները ներկայացնելու պատրաստակամության համար: «Հայաստանը միշտ եղել է տարբեր մշակույթների խաչմերուկում, սակայն պահպանել է իր ինքնությունը։ Այսօր էլ Հայաստանը քաղաքական կարևոր դերակատարում ունի։ Տեսնում ենք, որ բարի դրացիական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, ԵԱՏՄ֊ի անդամ երկիր է և միաժամանակ ԵՄ֊ի հետ ունի ստորագրած համապատասխան համաձայնագիր»,- ասել է Կլարա Գեյվիցը` արձանագրելով, որ Գերմանիան լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ և կարևոր է համարում համագործակցության խորացման հնարավորությունները։ Կլարա Գեյվիցը նկատել է, որ Հայաստանը կարող է դառնալ գրավիչ երկիր արտասահմանյան ներդրողների համար։ «Նոր կառավարությունը, ստանձնելով պարտավորություններ, առճակատվում է հին բեռի հետ։ Համոզված ենք, որ դյուրին չէ փոփոխություններին հասնելը, և մենք կարող ենք մեր նպաստը բերել այդ զարգացումներին», - ֊ասել է Կլարա Գեյվիցը` հիշեցնելով, որ հիմնադրամն ունի ներկայացուցչություն Հայաստանում և տարբեր միջոցառումների շրջանակում իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին։

Իր խոսքում վարչապետ Փաշինյանըն անդրադարձել է Հայաստանի տնտեսության ոլորտում տեղի ունեցող դրական զարգացումներին, տարբեր ուղղություններով կառավարության քաղաքականությանը, դատաիրավական բարեփոխումներին և այլ թեմաների:

Մասնավորապես, վարչապետը նշել է.

«Հարգելի՛ բարեկամներ,
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հարգելի՛ ներկայացուցիչներ,
Մեծարգո՛ տիկին Գեյվից,
Տիկնա՛յք և պարոնյա՛ք,

Ուրախ եմ այսօրվա հնարավորության համար: Ուղիղ մեկ տարի առաջ իմ առաջին պաշտոնական այցն եմ կատարել Գերմանիա և ուրախ եմ, որ մեր հարաբերություններն այսպիսի ինտենսիվություն են ձեռք բերում: Նախորդ տարի իմ այցի շրջանակում հնարավորություն ունեցա հանդիպում ունենալ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում և այս անգամ ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալվել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ հնարավորություն ունեմ վերջին մեկ տարվա ընթացքում շփվել գերմանական թինկ թանկների ամենախոշոր և նշանակալից երկու ներկայացուցիչների հետ և թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ այսպիսի հնարավորության համար:

Այո՛, 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխություն, որի հիմնական ասելիքը և բովանդակությունն ամփոփված է հենց այդ բառերի մեջ՝ սիրո և համերաշխության հեղափոխություն: Բայց այդ հեղափոխության ամբողջ կոնտեքստը ժողովրդավարությունն էր, օրենքի իշխանությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, և այն շարունակում է այսօր լինել մեր հիմնական օրակարգը:

Շատ կարևոր է արձանագրել, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ է տեղի ունեցել հեղափոխությունից հետո` վերջին մեկուկես տարվա ընթացքում, և ինչպիսին են արդյունքները Հայաստանում հեղափոխությունից հետո: 2019 թվականն այս առումով շատ կարևոր տարի էր, որովհետև առաջին ամբողջական տարին էր, երբ Հայաստանում կառավարման ղեկին է հայտնվել հեղափոխության արդյունքներով ձևավորված իշխանություն, կառավարություն, խորհրդարան: 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և այդ խորհրդարանական ընտրություններն առաջինն էին, որոնց արդյունքներն ընդհանրապես չվիճարկվեց որևէ մեկի կողմից ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո, ոչ հանրային կարծիքի առումով: Դրանից առաջ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած բոլոր խորհրդարանական ընտրությունները վիճարկվել էին, արժանացել միջազգային դիտորդների ծանր քննադատությանը: Եվ այս անգամ ոչ միայն հայ հանրությունը, այլ նաև միջազգային հանրությունը ոչ միայն որևէ քննադատություն չհնչեցրեց խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, այլև արձանագրեց, որ այն տեղի է ունեցել միջազգային ստանդարտներին համապատասխան: Սա հեղափոխության առաջին և ամենակարևոր արդյունքն էր:

Բայց դրանից հետո էլ 2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունն առաջընթաց է արձանագրել քաղաքական և մարդու իրավունքների հետ առնչվող բոլոր վարկանիշային ցուցակներում: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունն առաջընթաց է արձանագրել ժողովրդավարության համաշխարհային ինդեքսում, խոսքի ազատության համաշխարհային ինդեքսում: Այսօր Հայաստանի Հանրապետությունն համացանցի ազատության առումով զբաղեցնում է 8-րդ տեղը վարկանիշային ցուցակում՝ կիսելով այդ հորիզոնականը Ֆրանսիայի հետ: Մենք հակակոռուպցիայի ընկալման վարկանիշում հսկայական առաջընթաց ենք արձանագրել և այս պրոցեսն աներկբա շարունակվելու է Հայաստանի Հանրեպությունում:

Ուզում եմ արձանագրել, որ նաև 2019 թվականին Հայաստանի Հարապետությունում տնտեսական առումով շատ նշանակալի տարի էր: Նախ երկար տարիների ընդմիջումից հետո տնտեսական վարկանիշային երկու կազմակերպությունները՝ «Ֆիթչը» և «Մուդիսը» բարձրացրեցին Հայաստանի վարկանիշը, տեղի ունեցավ եվրոբոնդերի թողարկում, որն աննախադեպ էր իր պահանջարկով և ցածր տոկոսադրույքներով: Բացի այս, 2019 թվականին և՛ Համաշխարհային բանկը, և՛ Արժույթի միջազգային հիմնադրամը փոխեցին Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարի վերաբերյալ իրենց գնահատականները՝ այն էականորեն բարելավելով, այսինքն դարձնելով ավելի բարենպաստ: Այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունն իսկապես վայելում է այն պտուղները, որոնք պիտի վայելեր հեղափոխությունից հետո: Իհարկե, չեմ ասում, թե ամեն ինչ կատարյալ է Հայաստանի Հանրապետությունում, բայց կարող եմ ասել, որ մենք ձգտում ենք կատարելության և ոչ միայն ձգտում ենք, այլև կոնկրետ գործունեություն ենք ծավալում դրա համար:

Բայց այնուամենայնիվ, ձեր թույլտվությամբ, ես ուզում եմ մի քանի տնտեսական արդյունքների մասին խոսել: 2019 թվականի արդյունքներով մենք սպասում ենք 7,9-8 տոկոս տնտեսական աճ, և Արժույթի միջազգային հիմնադրամի արձանագրմամբ` սա լավագույն ցուցանիշն է ամբողջ եվրոպական տարածաշրջանում՝ ներառյալ նախկին խորհրդային հանրապետությունների շրջանում: Մենք ունեցել ենք ընդամենը 1,4 տոկոսի գնաճ 2019թ.: Բացի այդ, գործազրկությունը 2,2 տոկոսով անկում է ապրել: Արտահանումն ավելացել է 9 տոկոսով: 2018 թվականից ի վեր մենք կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում 105 մլն դոլարի գումար ենք վերադարձրել պետական բյուջե: Բայց պետք է ասեմ, որ և՛ անձամբ ես, և՛ մեր հանրությունն այս ցուցանիշից դժգոհ ենք, որովհետև մենք կարծում ենք, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի շատ ավելի էֆեկտիվ: Հակակոռուպցիոն պայքարի հետ կապված, ցանկանում եմ մի այսպիսի նրբություն ընդգծել, որը կարևոր է Հայաստանում տեղի ունեցող երևույթները, իրականությունը գնահատելու համար:

Մենք ասում ենք, որ սովորաբար, հեղափոխություններից հետո գալիս է նոր իշխանություն և պայքարում է նախորդ իշխանության կոռուպցիայի դեմ: Բայց մենք ասում ենք, որ մեզ համար գոյություն չունի նախկին և ներկա կոռուպցիա, և մեզ համար նույնն է գործող պաշտոնյաների կոռուպցիան, ինչ նախկին պաշտոնյաների կոռուպցիան: Եվ 2018 թվականից ի վեր իմ կողմից նշանակված մի քանի փոխնախարարներ են ձերբակալվել, ընդամենը մեկ շաբաթ առաջ կոռուպցիոն մեղադրանքով ձերբակալվեց Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը, և այդ ձերբակալությունը երրորդ հանրապետության պատմության մեջ ամենաբարձրաստիճան գործող պաշտոնյայի ձերբակալությունն էր: Այսինքն, մեր երկրի պատմության մեջ երբեք նման ռանգի գործող պաշտոնյա չի ձերբակալվել: Զուգահեռ տեղի ունեցավ մաքսանենգության մի խոշոր դեպքի բացահայտում, որում ներգրավված էին Մաքսային կոմիտեի պաշտոնյաներ: Եվ սա ընդգծում եմ` ցույց տալու համար, որովհետև սա կարծում եմ կարևոր նրբություն է, որ մեզ համար կոռուպցիայի դեմ պայքարը չի եղել, չի և չի լինելու որևէ քաղաքական խնդիր լուծելու գործիք: Որովհետև ես հրապարակային էլ ասել եմ, որ գործող պաշտոնյաներն ավելի վտանգավոր են, քան նախկինում գործած պաշտոնյաները հենց այն հիմնավորմամբ, որ նրանք գործում են այսօր, մանավանդ Հայաստանում տեղի ունեցած հսկայական քաղաքական փոփոխություններից հետո և նրանց գործողություններն այդ առումով շատ ավելի վտանգավոր են:

Շարունակելով տնտեսական մեր հաջողությունների թվարկումը, ուզում եմ ընդգծել, որ 2018-2019 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներն ավելացել են ավելի քան 1 մլրդ դոլարով: Մենք 1 մլրդ դոլարով մեկուկես տարվա ընթացքում 2018-2019 թվականների արդյունքներով բարձրացրել ենք բյուջեի եկամուտները: Կամ մեկ այլ ուրախալի փաստ, որ մենք արդեն 2 տարի անընդմեջ տուրիզմի ոլորտում երկնիշ աճ ենք արձանագրում: 2018-ին զբոսաշրջության ոլորտն աճել էր 12 տոկոսով, 2019-ին` 15 տոկոսով: Եվ ես համոզված եմ, որ այս պրոցեսը կշարունակվի, մանավանդ, որ մեր կառավարության կողմից ձեռնարկած բարեփոխումների շնորհիվ Հայաստան են մուտք գործել բյուջետային ավիաընկերությունները, այնպիսին, ինչպիսին «Ryanair»-ը, որն ի դեպ շատ շուտով ուղիղ չվերթներ կսկսի Բեռլինից դեպի Երևան, Մեմինգեմից դեպի Գյումրի, որը Հայաստանի երկրորդ քաղաքն է: Համոզված եմ, որ Գերմանիայից զբոսաշրջիկների աճի տեմպը ոչ միայն կպահպանվի, այլև կավելանա:

Շատ կարևոր է արձանագրել այն գաղափարախոսությունը, որն այսօր ընկած է Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության հիմքում: Ընդհանրապես, հեղափոխությունը հիմնված էր շատ երկար տարիներ մեր կողմից բարձրաձայնվող մի կարգախոսի վրա:

Երբ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ասում էինք, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես: Մենք ուզում ենք, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի որդեգրի հենց այս կարգախոսը, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ես եմ: Երբ տեղի ունեցավ քաղաքական հեղափոխությունը` մենք որդեգրեցինք տնտեսական հեղափոխության օրակարգը և ըստ էության նույն հայեցակարգը դնում ենք տնտեսական հեղափոխության հիմքում` քաջալերելով մեր քաղաքացիներին տնտեսական գործունեություն ծավալել և հավատալ աշխատանքով սեփական բարեկեցությունը և երկրի բարեկեցությունը ապահովելու ուժին: Եվ մենք մեր քաղաքացիներին, այդ թվում, իհարկե օտարերկրյա ներդրողներին կոչ ենք անում տնտեսական գործունեություն ծավալել Հայաստանի Հանրապետությունում և այսպիսով հարստանալ և հարստացնել:

Երբ մենք այս քաղաքականանությունը, հայեցակարգը առաջարկում էինք, դա 2018 թվականն էր` անմիջապես հեղափոխությունից հետո: Շատ մեծ հոռետեսություն կար, թե ինչպես դա կարող է որևէ տնտեսական արդյունքի բերել և 2019 թվականն այս առումով շատ կարևոր էր, որովհետև ցույց տվեց, որ տնտեսական հեղափոխությունը նույնպես հնարավոր է իրականացնել այն պայմաններում, երբ յուրաքանչյուր քաղաքացի քաջալերվում է հավատալ իր ուժերին, իր ստեղծարար տաղանդին և իհարկե կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում այդ ստեղծարար տաղանդի իրացման համար պայմաններ ստեղծելու առումով:

Մեր այսօրվա տնտեսական քաղաքականության առանցքը հենց դա է, մենք ասում ենք, որ անհատական ջանքն է այն կարևոր գործոնը, որ ի վերջո հանգեցնելու է Հայաստանում տնտեսական հեղափոխության, որը մեր համոզմամբ և արձանագրված ցուցանիշներով արդեն իսկ սկսվել է: Բայց այս առումով մեզ համար շատ կարևոր է, որպեսզի քաջալերենք կրթությունը: Առաջիկայում ես պատրաստվում եմ հրապարակել մինչև 2050 թվականը մեր ռազմավարական տեսլականը Հայաստանի վերաբերյալ և այնտեղ ձևակերպված են լինելու այն խնդիրները, որոնք մենք ձևակերպում ենք որպես ռազմավարական նպատակ մեր երկրի համար: Եվ այնտեղ կա մի կետ, որը կապված է կրթության հետ, որը ես շատ կարևորում եմ և այդ կետը հնչում է մոտավորապես այսպես, որ մենք խնդիր ունենք` կրթությունը Հայաստանի Հանրապետությունում դարձնել ազգային ապրելակերպ:

Ի՞նչ է դա նշանակում. սովորաբար շատ տեղերում կամ շատ դեպքերում կրթություն ասելով հասկանում են նախակրթարան, դպրոց, բուհական կրթություն, բայց մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կրթության նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխվի, որովհետև կարծում ենք, որ կրթությունը մի պրոցես է, որ մարդ պետք է ապրի ամբողջ կյանքի ընթացքում: Ես ինքս էլ որպես վարչապետ մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ ես հենց այդպես եմ վերաբերվում հարցերին, որովհետև մեզնից յուրաքանչյուրի կրթական մակարդակը, ինտելեկտուալ մակարդակը, մասնագիտական մակարդակը ամեն յուրաքանյուր օրը պետք է ավելի բարձր լինի, քան նախորդ օրը: Եվ սա է այն մոդելը, որ մենք ուզում ենք դնել մեր հասարակության հիմքում:

Ընդ որում, կրթություն ասելով մենք չենք հասկանում գիտելիք, որովհետև կարծում ենք, որ ենթադրենք` նույնիսկ փականագործը ամեն հաջորդ օրը պետք է լինի ավելի լավ փականագործ, քան նախորդ օրը, ավելի պրոֆեսիոնալ փականագործ, քան նախորդ օրը: Ազգային ժողովի պատգամավորն ամեն հաջորդ օր պետք է լինի ավելի լավ պատգամավոր, քան նախորդ օրը, վարչապետն ամեն հաջորդ օր պետք է լինի ավելի լավ վարչապետ, քան նախորդ օրը, իսկ սա հնարավոր է այն պարագայում, երբ մեզնից յուրաքանչյուրը գիտակցում է, որ կրությունը մեր ամենօրյա աշխատանքի անբաժանելի և անսակարկելի մասը պետք է դառնա:

Հարգելի ներկաներ, ցանկանում եմ խոսել մեր այսօրվա օրակարգի ամենահրատապ հարցի վերաբերյալ, որովհետև կա մի ոլորտ, որտեղ վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք չենք կարող պարծենալ մեծ հաջողություններ ունենալով և դա դատաիրավական համակարգն է, որովհետև մեր գործող դատական համակարգը` ներառյալ Սահմանադրական դատարանը ձևավորվել է հին քաղաքական պայմաններում և 2018 թվականի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո այդտեղ մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել և սրա պատճառներից մեկն այն է, որ մենք առաջնորդվել ենք և շարունակում ենք առաջնորդվել Հայաստանի Հանրապետությունում ինստիտուցիոնալ քայլերով առաջ գնալու ճանապարհով, որպեսզի մեր գործողությունները չլինեն տարերային, իներցիոն և մեր գործողությունների արդյունքում մենք համոզված լինենք, որ բերելու ենք օգուտ, այլ ոչ թե վնաս: Որովհետև մեր երկիրը, ցավոք սրտի, երկար ժամանակ ապրել է կառավարության կողմից վերահսկելի դատական համակարգի պայմաններում: Եվ մեր խնդիրն է ոչ թե վերահսկողություն հաստատել դատական համակարգի վրա, այլ ստեղծել երաշխիքներ, որ երկրում կա իսկապես անկախ և անկողմնակալ դատական համակարգ, որը չի գտնվում ոչ միայն կառավարության, այլև որևէ այլ արտաքին, ներքին ուժի ազդեցության ներքո:

Եվ այս առումով շատ կարևոր է, որ մենք սկսենք գործնականացնել դատաիրավական համակարգի բարեփոխումները, այդ թվում` Եվրամիության աջակցությամբ: Մենք ընդունել ենք դատաիրավական համակարգի բարեփոխումների ռազմավարությունը, հակակոռուպցիոն ռազմավարությունը և այս առումով մենք սերտորեն համագործակցում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ և շնորհակալ ենք, որ նրանք աջակցում ենք մեզ և պատրաստ են աջակցել, ընդ որում տեխնիկապես, ֆինանսապես և գործնական աջակցությամբ:

Ընթացիկ շրջանի ամենակարևոր նորությունը սակայն այն իրադարձություններն են, որոնք տեղի են ունենում Հայաստանի Հանրապետության Սահմանդրական դատարանի շուրջ: Վերջերս Հայաստանի խորհրդարնը հսկայական մեծամասնությամբ ընդունեց որոշում 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակել հանրաքվե Սահմանադրական դատարանի հարցով: Հանրապետության նախագահն արդեն ստորագրել է հանրքվե անցկացնելու որոշումը և մենք Սահմանադրական դատարանի հարցով կունենանք հանրաքվե 2020 թվականի ապրիլ 5-ին: Ես ուզում եմ ավելի մանրամասն ներկայացնել, թե ինչն է նման որոշման պատճառը և ինչ բովանդակություն ունի սահմանդրական հանրաքվեն:

2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում ընդունվեց նոր Սահմանադրություն, որն ամբողջապես ուժի մեջ մտավ 2018 թվականի ապրիլի 9-ին: Այդ Սահմանադրության մեջ նկարագրված է Սահմանադրական դատարանի բոլորովին նոր մոդել, քան գոյություն է ունեցել նախկինում Հայաստանի Հանրապետությունում և ընդ որում այդ մոդելը լայնորեն արժանացել է միջազգային մեր գործընկերների հավանությանը և դրվատանքին: Ի՞նչ է նախատեսված այդ մոդելում. նախատեսված է, որ ի տարբերություն նախկինի` Սահմանադրական դատարանը պետք է լինի հավասարակշռված և Սահմանադրական դատարանը պետք է ձևավորվի հետևյալ սկզբունքով` երեքական թեկնածուներ պետք է առաջադրեն Հանրապետության նախագահը, կառավարությունը և դատավորների ընդհանուր ժողովը և այդ թեկնածուների ընտրությունը պետք է տեղի ունենա խորհրդարանում: Սա առաջին կարևոր սկզբունքն է, այսինքն իշխանության երեք տարբեր ճյուղերը պետք է ներկայացնեն թեկնածուներ և խորհրդարանը պետք է ընտրի: Հաջորդ կարևոր սկզբունքը` Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետ է սահմանված 12 տարին, ընդ որում մեկ անձը կարող է Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվել միայն մեկ անգամ: Երորդ կարևոր սկզնունքը` Սահմանդրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրական դատարանի կողմից 6 տարի ժամկետով: Ընդ որում, նույն անձը չի կարող ավելի քան մեկ անգամ, այսինքն ավելի քան 6 տարի լինել Սահմանադրական դատարանի նախագահ: Սա է այն մոդելը, որ գործում է մեր ներկայիս Սահմանդրությամբ:

Հարց, արդյոք մենք ունենք այսօր այդպիսի Սահմանադրական դատարան: Ոչ, մենք այսօր չունենք այդպիսի Սահմանադրական դատարան, որովհետև նախորդ խորհրդարանի և կառավարության օրոք նոր Սահմանադրությունը ուժի մեջ մտնելուց ընդամենը 19,20,30 օր առաջ տեղի են ուեցել օրենսդրական մանիպուլյացիաներ, որով մենք այսօր գործող Սահմանադրությամբ Սահմանադրական դատարան չոնենք: Հարց, իսկ ե՞րբ կունենանք մենք այդպիսի Սահմանդրական դատարան, մեր Սահմանդրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան, եթե որևէ բան չփոխենք: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, մեր Սահմանդրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան 2035 թվականին, ոչ մի օր շուտ: Ինչո՞ւ, որովհետև նախորդ կառավարության ներկայացուցիչները որոշակի օրենսդրական մանիպուլյացիաների արդյունքում, օրինակ ընտրել են Սահմանադրական դատարանի նախագահ, որը պետք է պաշտոնավարի մինչև 2035 թվականը:

Այսինքն, ի հեճուկս մեր Սահմանադրության` 18 տարի Հայաստանում Սահմանադրական դատարանի նախագահի ընտրություններ տեղի չեն ունենալու: Այսինքն, սա մոտավորապես նույնն է, եթե մենք հիմա օրենսդրական փոփոխություններ անենք, մանավանդ, որ մենք խորհրդարանում ունենք սահմանադրական մեծամասնություն և որոշենք, որ մինչև 2035թ. Հայաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունենալու և վարչապետը չի փոխվելու: Չնայած Սահմանադրությամբ նախատեսված է, որ հինգ տարին մեկ պետք է լինի խորհրդարանական ընտրություն: Հաջորդը. չնայած մեր Սահմանադրությամբ նախատեսված է, որ Սահմանադրական դատարանի դատավորները կարող են պաշտոնավարել 12 տարի, մեր Սահմանադրական դատարանի անդամների մեծ մասը, եթե ոչինչ չփոխվի, այդ օրենսդրական մանիպուլյացիանների արդյունքում պետք է ունենա պաշտոնավարման 25-30 տարի ժամկետ: Սա ուղղակի անընդունելի իրավիճակ է մեզ համար, որովհետև այսպիսի Սահմանադրական դատարանի գոյությունը, ընդհանրապես կասկածի տակ է դնում ինստիտուցիոնալ բարեփոխումների ողջ օրակարգը Հայաստանի Հանրապետությունում, որովհետև դա կուսակցականացված Սահմանադրական դատարան է և այդ կուսակցությունն այն կուսակցությունն է, որը Հայաստանի Հանրապետությանն առաջնորդել է դեպի կոռուպցիոն համակարգ, որն այսօր ըստ էության երազում է Հայաստանում ժովրդավարության ձախողում: Մենք այսպիսի իրավիճակ չենք կարող հանդուրժել և ի՞նչ ենք արել՝ մենք հարցը հանել ենք հանրաքվեի, համաժողովրդական հանրաքվեի և այդ հանրաքվեով մենք առաջարկում ենք հետևյալը. Սահմանադրական դատարանի այն անդամների, որոնց պաշտոնավարումը չի համապատասխանում գործող Սահմանադրությամբ առաջադրված պայմաններին և պահանջներին, լիազորությունը դադարեցվի և մենք կունենանք նոր, մեր Սահմանադրությանը համապատասխանող Սահմանադրական դատարան: Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ հանրաքվեի բարեհաջող արդյունքի պարագայում Հանրապետության նախագահը, կառավարությունը և դատավորների ընդհանուր ժողովը կառաջադրեն Սահմանադրական դատարանի թեկնածուներ, և մենք կունենանք մեր Սահմանադրությանը համապատասխան Սահմանադրական դատարան: ԸՆդ որում, հիմա խորհրդարանի օրակարգում են դատական օրենսգրքի բարեփոխումները, համաձայն որոնց, բոլոր նորանշանակ դատավորները, ներառյալ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուները, կանցնեն բարեվարքության ստուգում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, որն ի դեպ նույնպես նոր է ձևավորվել և տեղի է ունեցել աննախադեպ բան:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այսօր ղեկավարում է մի թեկնածու, որն առաջադրվել է ընդդիմության կողմից: Սա կարծում եմ` կարևոր փաստ է արձանագրելու համար և ահա այդ հանձնաժողովը, օրենքի ընդունումից հետո, որը վստահ եմ մինչ այդ կնդունվի, կստուգի բոլոր դատավորների թեկնածուների համապատասխանությունը, որովհետև մեր օրենսդրության համաձայն, այդ թվում` Սահմանադրական դատարանի դատավորների անաչառությունը և չքաղաքականացված լինելը պարտադիր պայման են: Եվ մենք պետք է անպայման ապահովենք այդպիսի պայմաններ:

Հարգելի գործընկերներ, ուզում եմ ընդգծել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում բարեփոխումների օրակարգի շրջանակներում Եվրամիությունը դարձել է Հայաստանի Հանրապետության հիմնական գործընկերը և դա շատ կարևոր է, բայց ես ուզում եմ ընդգծել Գերմանիայի առանձնահատուկ դերը այս ողջ պրոցեսում: Բացի այն ամենից, ինչ հրապարակային ասվում է, ես ուզում եմ ընդգծել, որ մենք, կոնկրետ մեր կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը և համոզված եմ նաև շատ ընդիմադիր ուժեր` Գերմանիայի հետ հարաբերություններում ունեն ևս մեկ հետաքրքրություն:

Ինչպես արդեն ասացի, 2018թ ապրիլից Հայաստանը կառավարական կիսանախագահական համակարգից անցնում է խորհրդարանական համակարգի: Եվ մենք դիտում ենք Գերմանիան որպես խորհրդարանական կայացած կառավարում ունեցող երկիր, որտեղ այդ կառավարման համակարգի հաջողությ ունն ապացուցվել է և մեզ համար շատ կարևոր է հնարավորություն ունենալ ուսումնասիրել Գերմանիայի փորձը, տեսնել հակակշիռների և փոխզսպումների այն համակարգը, որը թույլ է տվել կառուցել անշրջելի ժողովրդավարություն` հակակշիռների և փոխզսպումների հուսալի համակարգով, դատական անկախ համակարգով և որը նաև խթանել է տնտեսական զարգացումը և մրցունակ տնտեսությունը:

Այս առումով, կարևոր եմ համարում Գերմանիայի հետ մեր համագործակցությունը և շատ ուրախ եմ այս հնարավորության համար: Իհարկե մեր բարեփոխումների օրակարգն, ըստ էության գծագրված է, և նկարագրված է Եվրամիության հետ ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում: Եվ մենք հետևողականորեն իրականացնլու ենք այդ համաձայնագրով նախատեսված բարեփոխումները: Ոզում եմ ասել, որ մեզ համար շատ կարևոր է տնտեսական համագործակցության հնարավորությունը Եվրամիության հետ և Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, կարևորում է համագործակցությունը տնտեսական ու քաղաքական համագործակցության հաստատումը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև: Նախորդ տարի Հայաստանը նախագահել է ԵԱՏՄ-ում և դա ակնհայտորեն բարեհաջող նախագահություն էր: Հայաստանը ԵԱՏՄ-ի և ԵՄ համագործակցության տնտեսական և քաղաքական համագործակցության ջատագովն է և մենք մեր ուժերի ներածին չափով ջանքեր կգործադրենք, որպեսզի այդ համագործակցությունը կայանա: Բայց ուզում եմ ասել նաև,որ Հայաստանի Հանրապետությունը լավ միջավայր է այն օտարերկրյա, ներառյալ գերմանական և Եվրոպական ներդրումների համար, որոնք ուզում են անսահմանափակ մուտք ունենալ դեպի ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկա:

Եվ ուզում եմ ընդգծել նաև, որ Հայաստանում արտադրված ապրանքներն առանց մաքսային խոչընդոտների կարող են արտահանվել դեպի ԵԱՏՄ տարածք: Հարգելի գործընկերներ, կրկին ևս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս հնարավորության համար, և ուզում եմ ընգծել, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում այլևս անշրջելի է: Այն, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում եկավ՝ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության միջոցով, որը իր ձևով, տեսքով, բովանդակությամբ ճիշտ է շատ նման էր Արևելյան Եվրոպայում տեղի ունեցած 80-ականների վերջի 90-ականների սկզբի հեղափոխություններին, բայց այնուամենայնիվ այն առանձնահատուկ էր:

Եվ ես ուզում եմ ևս մի կարևոր ընդգծում անել, որը նույնպես կարևորագույն փաստ է Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների վերաբերյալ: Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների, պրոցեսների ընթացքում ոչ մի արտաքին ուժ ներգրավված չի եղել: Մեր քաղաքական թիմի համար սա եղել է սկզբունքային հարց, հեղափոխության ընթացքում մենք թույլ չենք տվել որևէ արտաքին քաղաքական ուժի` ներգրավված լինել այդ ողջ պրոցեսում: Եվ ես սա ի՞նչի համար եմ ընդգծում, ցույց տալու համար, որ այդ պրոցեսները բխել են մեր ժողովրդի մտայնությունից և ցանկությունից, իսկ սա նշանակում է, որ ժողովրդավարությունը, օրենքի և իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, լավ կառավարումը, թափանցիկությունը մեր ժողովրդի մտայնությունից եկող պահանջարկ է և հետևաբար ժողովրդավարությունը Հայաստանում ունի խորը հիմքեր, այն բխում է մեր ժողովրդի ընկալումներից, մենթալիտետից, մշակույթից: Սա ամենակարևոր երաշխիքն է և Հայաստանի Հանրապետությունը այսօր էլ շարունակելու է լինել Ժողովրդավարական պետություն և ես հույս ունեմ, որ մեր բոլոր միջազգային գործընկերները կաջակցեն մեր երկրին ու ժողովրդին այս կարևորագույն գործընթացը շարունակելու և ինստիտուցիոնալ առումով ժոովրդավարությունը Հայաստանում ուժեղացնելու գործում: Շնորհակալ եմ»:

Այնուհետև վարչապետը պատասխանել է ներկաների, այդ թվում` ադրբեջանցի փորձագետներ ներկայացող անձանց հարցերին, որոնք վերաբերել են ղարաբաղյան հակամարտությանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ միակողմանի գործողություններով հնարավոր չէ ղարաբաղյան հարցը լուծել։ «Եթե անգամ ենթադրենք, որ Հայաստանի որևէ իշխանություն միակողմանի գործողություն պետք է ձեռնարկի, ապա այն ոչ թե կլուծի խնդիրը, այլ, ընդհակառակը, կխորացնի։ Ադրբեջանում շատ են սիրում խոսել տարածքների մասին, բայց շատ կարևոր է հասկանալ, որ մենք խոսում ենք անվտանգության մասին։ Մի երկրում, որտեղ մարդուն հերոսացնում են այն բանի համար, որ նա սպանել է հայի.. Ես չգիտեմ, դուք տեղյա՞կ եք, ներկաները տեղյա՞կ են, որ 2004 թվականին ՆԱՏՕ-ն խաղաղասիրական ծրագրով սպաներ է հրավիրում Հայաստանից ու Ադրբեջանից։ Բուդապեշտում նրանք համատեղ սեմինարների են մասնակցում, և ադրբեջանցի սպան կացնով սպանում է քնած հայ սպային։ Դրանից հետո Բուդապեշտում տեղի է ունենում դատավարություն ու ադրբեջանցի սպան դատապարտվում է ցմահ ազատազրկման։ Որոշ ժամանակ անց Հունգարիայի կառավարությունը որոշում է այդ սպային արտահանձնել Ադրբեջան։ Եվ ժամանելուն պես Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրում այդ սպային ազատ արձակելու մասին, վճարվում է այդ ողջ ընթացքում նրա չստացած աշխատավարձը, տրվում են բնակարան, զինվորական կոչում ու նա լրատվամիջոցներով համընդհանուր քաջալերանքի և հերոսի կոչման է արժանանում։ Անվտանգության գոտին, որի մասին խոսում են Ադրբեջանում, հենց այս տրամաբանության պատճառով է գոյացել։ Որովհետև, երբ խաղաղ բնակավայրերը ռմբակոծվում էին ադրբեջանցիների կողմից՝ մարդիկ, խաղաղ բնակիչները, երեխաները տարիներով նկուղներից դուրս չէին գալիս։

Եվ երբ ասվում է տարածք, մենք դա ընկալում ենք որպես անվտանգություն։ Եվ նախ՝ ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ Ղարաբաղի Հանրապետությունը պատրաստ չէ զիջել սեփական անվտանգությունը, ինչպես որևէ երկիր պատրաստ չէ զիջել իր անվտանգությունը։ Այսինքն, այս իրավիճակի լուծումը կարող է կապված լինել միայն անվտանգության երաշխիքների հետ, որոնք չկան։ Եվ չեն եղել։ Եվ դրանց բացակայությունն է ստեղծել այսօրվա իրավիճակը։ Իսկ ինչ վերաբերում է իմ այն արտահայտությանը, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», դա ունի շատ պարզ ու կոնկրետ բացատրություն։ Մենք ասել ենք, որ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում Հայաստանի Հանրապետության վրա։ Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Եվ սրանով ամեն ինչ ասված է։

Եվ ուզում եմ հստակ ասել, որ մենք որևէ կառուցողական քայլ Ադրբեջանի կողմից վերջին մեկուկես տարվա ընթացքում բանակցային պրոցեսում չենք տեսել, բայց մյուս կողմից ուզում եմ գնահատել այն իրավիճակը, որ մեզ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հաջողվել է հասնել նրան, որ 2018 թվականի սեպտեմբերից ի վեր, երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք, տարածաշրջանում, շփման գծում լարվածություն աննախադեպ ցածր է։ Եվ ես հույս ունեմ, որ կառուցողական քննարկումների արդյունքում մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել այս համեմատաբար կայուն և հանդարտ իրավիճակը, այլև առաջ շարժվել դեպի իրավական կարգավորում»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: