ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղի հարցում իշխանությունները սկսել են խմբագրել սեփական հայտարարությունները

Հայաստանի իշխանությունները սկսել են խմբագրել Ղարաբաղյան կարգավորման հարցում նախկինում հնչեցրած խնդրահարույց որոշ թեզեր: Փետրվարի 24-ին Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հստակեցրեց մեր դիրքորոշումը՝ կապված անվտանգության խնդրի հետ: «Մեզ համար ամենասուր հարցերը եղել և մնում է Արցախի մեր հայրենակիցների իրական անվտանգության համակարգի ապահովումը, որից բխում է կարգավիճակի խնդիրը», - նշել է նախարարը:

Իշխանությունները տևական ժամանակ հիմնականում շեշտում էին  անվտանգության խնդիրը, իսկ ինքնորոշման իրավունքի և կարգավիճակի մասին որպես կանոն չէր խոսվում: Արդյունքում տպավորություն էր ստեղծում, որ այդ հարցերն առնվազն հետին պլան էին մղվել հայկական կողմերի օրակարգում:

Շատ կարևոր է, որ այս հարցում մեր դիրքորոշումը մշտապես ձևակերպվի շատ հստակ, քանի որ կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի վրա շեշտադրումների բացակայության պայմաններում ստացվում է, որ հակամարտության առարկան Արցախի ժողովրդի անվտանգությունն է, և հակամարտության կարգավորան համար միջազգային հանրության և Ադրբեջանի կողմից անվտանգության երաշխիքները բավական են:

Մյուս թեզը, որը մեզ համար մարտահրավերներ է առաջացնում, Ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանի և Արցախի դիրքորոշումների հարյուր տոկոսով՝ անգամ դետալներում, նույնական լինելն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է այս մասին՝ փորձելով ցույց տալ, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև հակասություններ չկան: Սակայն կարգավորման գործընթացի տեսանկյունից այս թեզը նվազեցնում է բանակցային գործընթացում հայկական կողմերի մանևրելու հնարավորությունը, և որ ամենակարևորն է՝ անհասկանալի և անհիմն է դարձնում Արցախը, որպես հակամարտության լիարժեք կողմ, բանակցային սեղան վերադարձնելու մեր պահանջը:

Փետրվարի 22-ին Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Փաշինյանի կողմից արձանագրումը, որ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ Արցախի և Հայաստանի իշխանությունների պատկերացումների նույնական լինելը չի նշանակում, թե Արցախի հարցի կարգավորման ամբողջ համատեքստի բոլոր դետալների հետ կապված կան միևնույն պատկերացումները, այս առումով շատ կարևոր է:

Կարևոր էր նաև վարչապետի կողմից արձանագրումը, որ Արցախը և Ադրբեջանը երբեք չեն կարող լինել քաղաքական նույն տարածքում:

Սեփական խնդրահարույց հայտարարությունները խմբագրելու իշխանությունների այս միտումը ողջունելի է: Այդ հարցում հետևողականություն ցուցաբերելու դեպքում հնարավոր է հաղթահարել դրանց առաջացրած մարտահրավերները:

Մյուս կողմից այս իրավիճակը հույս է առաջացնում, որ այսուհետ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում իշխանություններն իրենց հայտարարություններում կլինեն ավելի ուշադիր և հավասարակշռված, իսկ ռիսկերը կհաշվարկվեն նախապես:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 49%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: