ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մյունխենյան սկզբունքները համալրում են մեր դիրքորոշումն Արցախյան հակամարտության կարգավորման հարցում. Զ. Մնացականյան

Այսօր Երևանում Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Արցախյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին:

 Այն հարցին, թե, ելնելով նրանից, որ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես Մյունխենում, շեշտը դրել էր անվտանգության երաշխիքների վրա արդյո՞ք ազգերի ինքնորոշման հարցը երկրորդ պլան է մղվել, թե՞ այն գոյություն ունի և չի կորցրել իր արդիականությունը՝ Մնացականյանը նշել է.

«Այն բոլոր անձիք, ովքեր մասնագիտորեն հետևում են գործընթացին, չեն առաջնորդվում միայն մեկ հանգամանքով, այլ իր համապարփակության մեջ են տեսնում այդ ամենը։ Ձեր հարցի պատասխանը շատ պարզ է. ի՞նչն է Ձեզ դրդել ենթադրելու, որ մենք երբևէ կարող ենք վերանայել էական շատ կարևոր սկզբունք։

Ես ձեռքիս տակ ունեմ և ուղղակի կկարդամ այն հատվածը, որն արտահայտված էր իմ ելույթում, որը վերջին օրինակներից մեկն է, որովհետև յուրաքանչյուրը, ով հետևում է ամբողջ դինամիկային, ամբողջ գործընթացին, կտեսնի, որ այս հարցը մշտապես եղել և մնում է և տրամաբանորեն չի կարող վերանալ մեր օրակարգից։ Թույլ տվեք իմ ելույթից ընթերցեմ այն հատվածը, որը ես հնչեցրի Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովին. «Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը հանդիսանում է խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքը և հիմքը: Այս սկզբունքի ճանաչումը ենթադրում է, որ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը չի կարող ենթարկվել որևէ սահմանափակման, ինչը պետք է հստակորեն և միանշանակորեն ընդունվի: Առանց սահմանափակման տերմինը պարզորոշ կերպով մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքը՝ ունենալ և որոշել իրենց կարգավիճակը Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Ադրբեջանի կողմից որդեգրած շարունակական թշնամական քաղաքականությունն ու դրանից բխող գործողությունները ստեղծում են Արցախի ժողովրդի համար էքզիստենցիալ, ֆիզիկական անվտանգության սպառնալիք, ինչն արտահայտվեց նաև 2016թ․ ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիայում։ Այս ամենն ընդգծում է Ադրբեջանի, Արցախի ժողովրդի նկատմամբ իրավասության պահանջի ոչ լեգիտիմությունը և իրականացման անհնարինությունը»:

Սա հնչեցվել էր ընդամենը երկու ամիս առաջ Բրատիսլավայում, և առաջին անգամ չէ, որ այն հնչեցվել է։ Սա կարևորագույն տարր է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման դիրքորոշման մեջ։ Որևէ կերպ կասկածի տակ դնել այդ մոտեցումը և ենթադրել, որ անվտանգությունը և ստատուսը միմյանցից տարանջատված են, կարծում եմ, մենք դրա որևէ առիթ չենք տվել և նպատակ չունենք տալու»։

Խոսելով նույն օրն առավոտյան տեղի ունեցած սահմանային միջադեպի մասին՝ ԱԳ նախարարն ասել է.

«Ինչ վերաբերում է վերջին դեպքին, անկեղծ ասած, ես դրա մասին իմացա հանդիպման ընթացքում: Դեռ առիթը չեմ ունեցել խոսելու մյուս գործընկերների հետ, բայց կարող եմ ասել, որ չափազանց մտահոգիչ է, որովհետև, գիտեք՝ էսկալացիայի ռիսկերի նվազեցման տարրը մեզ համար ամբողջ բանակցային փաթեթի կարևորագույն տարրն է։ Էսկալացիայի ռիսկերի աճը հնարավորություն չի տալու իրական առաջընթաց ունենալ բանակցային գործընթացում։ Մենք ունենք կարևոր ձեռքբերում 2019թ․ ընթացքում․ էսկալացիայի ավելի նվազ պատկեր, մենք ունենք լավ օրինակ, երբ դրա համար օգտագործվում է ուղիղ կապը: Իհարկե, երբ ես ասում եմ նվազ, ինձ համար փոքր-ինչ դժվար է, որովհետև, եղել են զոհեր, և անգամ մեկ զոհն ավելի քան շատ է: Համեմատական առումով եղել է ավելի նվազ էսկալացիա, և շատ էական է պահպանել էսկալացիայի նվազ ռիսկերը։ Այստեղ անհրաժեշտ է լինելու ավելի հստակ հասկանալ՝ ինչ զարգացումներ են եղել։ Հայկական կողմից եղել է վիրավոր, և դա իհարկե շատ մտահոգիչ է, անընդունել, և մենք մեր կողմից շարունակելու ենք շատ հստակ առաջ տանել այն օրակարգը՝ կոնկրետ առաջարկներով. այստեղ կոնկրետ հարցեր կան՝ կապված ռիսկերի նվազեցումն իրականացնելու հետ և միջոցառումներ, որոնք բխում են թե՛ նախկինում ձևավորված առաջարկներից, թե՛ ներկայումս ձևավորված մոտեցումներից։ Շատ հստակ առաջարկներ են, կան շատ հստակ մոտեցումներ, որոնք անհրաժեշտ է կյանքի կոչել, և առավել անհրաժեշտ է կառուցել այն դրականի վրա, որ մենք ունեցանք 2019 թվականին, կառուցելու, ամրապնդելու զինադադարի ռեժիմը և թույլ չտալու որևէ էսկալացիայի ռիսկ, որովհետև վտանգի և վտանգի սպառնալիքի մեթոդները չեն աշխատել և խստորեն մերժվում են»։ 

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է նաև Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպմանն ու «Մյունխենյան սկզբունքներին»:

«ինչ վերաբերում է սկզբունքներին: Վարչապետի կողմից արտահայտված Մյունխենյան սկզբունքներն ավելի համապարփակ կերպով արտահայտում են այն, ինչը խոսվեց Մյունխենում: Դրանք համալրում են սկզբունքորեն այն մոտեցումը, որ Մյունխենյան սկզբունքների մեջ որևէ բան արտահայտված չի, որը վերափոխում է, վերաձևավորում մեր ձևավորված դիրքորոշումը, մոտեցումները Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի ընդհանուր փաթեթի մեջ: Դրանք համալրում են մեր այդ մոտեցումները: Նախորդ հարցը վերաբերում էր, արդյո՞ք կարգավիճակի հարցը անտեսվում է: Ոչ, չի անտեսվում, չի կարող անտեսվել, անտրամաբանական է նման կերպ գնահատել, որովհետև մեր դիրքորոշումը մնում է կայուն, այն արտահայտված է տարբեր ձևաչափերով, տարբեր ձևերով: Մյունխենյան սկզբունքների արտահայտությունը նաև համալրում է այն մոտեցումները, որոնք կայուն են և ունեն իրենց արտահայտությունը այս բոլոր հնարավոր ձևաչափերով, բոլոր հնարավոր ձևերով:

Ինչ վերաբերում է նոր մոտեցումներին՝ Հայաստանը եղել և մնում է խստորեն հավատարիմ հարցի խաղաղ կարգավորմանը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, և այդ շրջանակներում մենք շարունակելու ենք աշխատել այնպիսի լուծումների համար, որոնք, ինչպես վարչապետ Փաշինյանը արտահայտեց նաև Մյունխենյան սկզբունքներում: Բայց վստահաբար բոլոր նրանք, ովքեր կանոնավոր հետևում են այս գործընթանցին, վստահաբար առաջին անգամ չէին լսել՝ լուծումներ, որոնք ընդունելի են բոլոր կողմերի, բոլոր ժողովուրդների համար, ինչը նշանակում է փոխզիջում, իսկ փոխզիջում նշանակում է ճանապարհ, որը ունի երկու ուղղություն, և միակողմանի զիջումների մասին որևէ խոսք երբևէ չի կարող լինել:

Այդ առումով, մեզ համար ամենասուր հարցերը եղել և մնում է Արցախի մեր հայրենակիցների իրական անվտանգության համակարգի ապահովումը, որից բխում է կարգավիճակի խնդիրը: Խնդրում եմ չխառնել և չենթադրել, որ մեկը մյուսից տարանջատված են: Սա ինչ վերաբերվում է Մյունխենյան սկզբունքներին, որը, նորից կրկնեմ ամփոփելու համար, համալրում է, այս կերպ արտահայտում է այն դիրքորոշումները, որոնք ձևավորված են Հայաստանի կողմից և որոնց շուրջ մենք աշխատում ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Ինչ վերաբերում է Մյունխենյան ձևաչափին՝ ասեմ, որ այդ քննարկումը նաև գնահատել են ղեկավարները՝ ինչպես կցանկանան իրենք ներգրավվել այս ձևաչափի մեջ։ Երևույթը, կարծում եմ, շատ դրական է, որ մենք կարող ենք միասին նստել և ղեկավարների մակարդակով զրույցի ժամանակ պարզ քննարկել հարցեր։ Սա, կարծում եմ, կարևոր նշանակություն ունի մեր աշխատանքի  այն ուղղության մեջ, որը վերաբերում է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորմանը։ Գիտեք, որ անցյալ տարի մենք ունեցել ենք որոշակի համեստ արդյունք՝ լրագրողների փոխանակման ծրագիրը: Այդ համեստ արդյունքը մեզ հնարավորություն է տալիս ենթադրելու, որ մենք կարող ենք շարունակել աշխատել այդ ուղղությամբ, և նաև յուրաքանչյուր հատված, սեգմենտ կարող է ունենալ իր դերակատարությունը այդ ամենում:

Ինչ վերաբերում է ղեկավարներին, կարծում եմ, որ այն փաստը, որ ղեկավարները միասին բաց ձևաչափով կարող են առնչվել միմյանց հետ, լավ օրինակ է։ Այստեղ կա որոշ մտահոգիչ խնդիր, որը վերաբերում է, միգուցե, մեր հասարակության համակարգերի տարբերությանը, որովհետև այն մեկնաբանությունները, որ ես տեսա ադրբեջանական մամուլում կամ Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների կողմից, քարոզչական, այսպես ասած, ծայրահեղ մակարդակի են հասցված և որոնք հիշեցնում էին մոդելներ, որոնք բնավ ժողովրդավարական կամ ազատ քննարկման համակարգի բացակայության արտահայտություն են։ Դրանք, մեղմ ասած, օգտակար չեն և անընդունելի են։ Շատ ուրախ եմ, որ մեր հասարակության մեջ ունենք շատ ավելի բաց քննարկում և բաց քննարկման մեջ միասին կարող ենք գնահատել այս կամ այն իրադարձությունը, զարգացումը։ Այստեղ, միգուցե համակարգերի տարբերություն կա, որը նույնպես պետք է հաշվի առնենք»,- ասել է նախարարը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: