ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 885,82 դրամ ԱՐԾԱԹ - 284,72 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 898,69 դրամ

ՀՀ ԱԺ նախագահը Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի հետ

panorama.am

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 9-11-ը Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի խոսնակ Մայա Գոյկովիչի հետ: 
  
Ողջունելով իր հայ գործընկերոջ գլխավորած պատվիրակությանը Սերբիայի խորհրդարանում՝ Մայա Գոյկովիչը նշել է, որ սա արդեն երկրորդ հանդիպումն է Միջխորհրդարանական միության նիստի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումից հետո: Սերբիայի օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ երկու ժողովուրդները պատմական ջերմ կապեր ունեն:  
  
Մայա Գոյկովիչը հիշատակել է 1988 թվականին Սպիտակի երկրաշարժից հետո սերբ ժողովրդի կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցության մասին, որի փոխադրման ժամանակ ավիավթարի զոհ դարձան սերբ օդաչուները: Նա հավելել է, որ իր հերթին Հայաստանն առաջիններից էր, որ մարդասիրական օգնություն ցուցաբերեց տարիներ առաջ Սերբիայում տեղի ունեցած տարերային ջրհեղեղից տուժածներին: 
  
Հայաստանի Ազգային ժողովի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար և վերահաստատել երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական կապերը, որտեղ իր դերն է խաղում նաև Սերբիայում հայկական համայնքը, որն իր սատարումն է ստանում պաշտոնական Բելգրադի կողմից: Արարատ Միրզոյանը նշել է, որ երկու երկրների միջև առկա է հսկայական քաղաքական և տնտեսական համագործակցության ներուժ, որը վստահաբար համատեղ ուժերով պիտի կյանքի կոչվի: Հատկանշական է նաև երկու երկրների միջև վիզաների չեղարկման գործընթացը:

Կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների խորացման հեռանկարները, հնարավոր տնտեսական համագործակցությունը, երկու խորհրդարանների առավել ինտենսիվ փոխգործակցությունը թե' երկկողմ մակարդակում բարեկամական խմբերի և մշտական հանձնաժողովների միջև, թե' բազմակողմ հարթակներում: 
  
Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններին անդրադարձ կատարելիս համաձայնել են, որ չնայած դրանց միջև առկա տարբերություններին՝ խաղաղ բանակցությունները չունեն որևէ այլընտրանք և պայմանավորվածություն են ձեռք բերել՝ առնվազն չվնասել միմյանց շահերին միջազգային հարթակներում: 
  
Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը և Մայա Գոյկովիչը ստորագրել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության հուշագիր և հանդես եկել մամուլի համար հայտարարություններով: 
  
Նշենք, որ մինչ պաշտոնական հանդիպման մեկնարկը երկու խորհրդարանների ղեկավարները ծաղիկներ են խոնարհել ի հիշատակ 1988 թվականի ավիավթարի ժամանակ զոհված օդաչուների: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 53%
Քամի՝ 6 կմ/ժ
21 C°
 
20°  28° 
10.07.2020
18°  27° 
11.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: