ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատմությունն Ադրբեջանի ուժեղ կողմը չէ. ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին

Հարավային Կովկասի տարածքում Ադրբեջան անվանումն ունի միայն մեկդարյա պատմություն թե՛ քաղաքական և թե՛ անգամ աշխարհագրական առումներով, իսկ ադրբեջանցիներ անվանման կիրառումը դրանից էլ նոր է: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակին և պատասխանելով վերջինիս հայտարարության հետ կապված հարցին: Հարցն ու պատասխանը ներկայացնում ենք ստորև.

Հարց. Ադրբեջանի արտգործանախարարության խոսնակն արձագանքել է Ձեր՝ նախօրեին տարածված մեկնաբանությանը: Այս  հայտարարության մեջ կրկին տեղ են գտել տարածքային, պատմական պահանջներ, ինչպես նաև բացասական գնահատականներ են տրվել ՀՀ-ում ներքաղաքական և ժողովրդավարական գործընթացների վերաբերյալ: Միևնույն ժամանակ Ձեր համառոտ արձագանքները, ըստ ադրբեջանական կողմի, արտացոլում են հայկական կողմի սահմանափակ մտածելակերպը: Կարիք կա մեկնաբանության:

Պատասխան. Կա, բայց շատ համառոտ: Ես չեմ համարում, որ բառերի քանակը որևէ ձևով կարող են վկայել արտահայտվող մտքի ճշմարտացիությունը և արժեքը: Դրա լավագույն օրինակը հենց Ադրբեջանի ԱԳ խոսնակի հայտարարությունն է, որտեղ փորձ է կատարվում փաստարկների բացակայությունը քողարկել իրականության հետ աղերս չունեցող բառակույտերով:

Այդ տեսակետից կուզենայի անդրադառնալ երկու կետի՝ պատմությանը և ժողովրդավարությանը:

Ընդհանրապես կուզենայի խորհուրդ տալ Հայաստանի հանդեպ պատմական պահանջներ դնելուց առաջ ձեռնպահ մնալ ‹‹պատմական Ադրբեջան›› արտահայտության կիրառումից: Հարավային Կովկասի տարածքում Ադրբեջան անվանումն ունի միայն մեկդարյա պատմություն թե՛ քաղաքական և թե՛ անգամ աշխարհագրական առումներով, իսկ ադրբեջանցիներ անվանման կիրառումը դրանից էլ նոր է: Մենք հասկանում ենք, որ այդ երկրում վերջին հարյուր տարում ընթացել և ընթանում է նոր ինքնության ձևավորման գործընթաց, որին մենք չենք ցանկանում միջամտել, սակայն դա չի նշանակում, որ ժամանակ առ ժամանակ չենք կարող չհիշեցնել, որ պատմությունն Ադրբեջանի ուժեղ կողմը չէ:

Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, ապա հավանաբար այս հարցում ևս մենք ադրբեջանական կողմի հետ ունենք խիստ տարբերվող պատկերացումներ: Օրինակ մենք չենք կարող համարել, որ իշխանության փոխանցումը մեկ ընտանիքի տարբեր անդամների միջև ժողովրդավարական պրակտիկայի մաս է կազմում: Ադրբեջանի ցածր ժողովրդավարական չափանիշների վերաբերյալ մեր գնահատականը շարունակաբար հաստատվում է նաև տարբեր միջազգային դերակատարների կողմից, որոնք գնահատում են մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակը տարբեր ինդեքսների միջոցով: Այս դեպքում նույնպես պետք է փաստենք, որ ժողովրդավարությունը ևս Ադրբեջանի ուժեղ կողմը չէ:

Վերջում կուզենայինք ընդգծել, որ խորապես հավատում ենք, որ անգամ առկա ընկալումների տարբերությունների դեպքում հնարավոր է պահպանել շփումների հարգալից տոնայնությունը և այս մաղթանքը հասցեագրում ենք նաև ադրբեջանական կողմին: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 65%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    2 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: