ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կորոնավիրուսի դեմ պայքա՞ր, թե՞ տոտալ վերահսկողության ձգտում. ի՞նչ նպատակ են հետապնդում օրենսդրական փոփոխությունները

Երեկ՝ մարտի 31-ին, ԱԺ-ն երկրորդ փորձից, երկրորդ վերջնական ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից առաջարկված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը։ 

Առաջարկվող փոփոխություններով նախատեսված է, որ արտակարգ դրության ռեժիմի պայմաններում կառավարությունը հնարավորություն կունենա հետևել քաղաքացիների գտնվելու վայրին, նրանց տեղաշարժին, կոնտակտներին, ինտերնետ-միացումներին, նրանց հետ կապված հեռախոսահամարներին, ինչպես նաև զանգերին և դրանց տևողությանը: Կառավարության պնդմամբ՝ սրանք անհրաժեշտ քայլեր են, որոնք կնվազեցնեն նոր տիպի կորոնավիրուսի տարածման տեմպերը, կօգնեն գտնել հնարավոր վարակակիրներին և պարզել նրանց շփման շրջանակը։ Առաջին հայացքից անտրամաբանական թվացող այս օրենսդրական փոփոխությունները (հատկապես՝ զանգերը և դրանց տևողությունը վերահսկելը) կառավարությունը հիմնավորում է միջազգային փորձով: Արդարադատության նախարարի պնդմամբ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում նման քայլերի են դիմել Իսրայելը, Հարավային Կորեան, Չինաստանը:

Չինական իշխանությունները համաճարակի բռնկումից ի վեր մի շարք միջոցառումներ են իրականացրել, այդ թվում՝ սահմանափակելով որոշ իրավունքներ: Սահմանափակվել են մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը, խոսքի ազատությունը, սահմանվել է համացանցի և ԶԼՄ-ների գրաքննություն: Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն արդեն արտահայտել են իրենց դիրքորոշումը կորոնավիրուսի դեմ պայքարի չինական տարբերակի վերաբերյալ՝ խստորեն դատապարտելով այն: Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցրել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (International Covenant on Civil and Political Rights), որը սահմանում է, որ հանրային առողջության կամ հանրային անվտանգության ապահովման նպատակով կիրառվող մարդու իրավունքների սահմանափակումները պետք է համապատասխանեն օրինականության, անհրաժեշտության և համաչափության սկզբունքներին: Եվ չնայած այս ամենին, փաստը, որ Չինաստանը օրենքով հնարավոր է դարձրել մարդկանց հեռախոսազանգերի և դրանց տևողության հավաքագրումը, կարելի է գտնել բացառապես ԶԼՄ-ներում՝ առանց ուղղակի հղման որևէ իրավական ակտի: Նույնն է իրավիճակը և Իսրայելի պարագայում:

Մարդու իրավունքների որոշակի սահմանափակումներ մտցվել են նաև հարավկորեական իշխանությունների կողմից: Մասնավորապես՝ կորոնավիրուսի թեստի դրական պատասխան ունեցող մարդիկ պարտավորվում են իրենց հետ կապված ողջ տեղեկատվությունը (հեռախոսահամար, բանկային քարտի համար ևն) տրամադրել պատկան մարմիններին՝ իրենց շփման շրջանակը պարզելու և հնարավոր վարակվածներին հայտնաբերելու նպատակով: Այս տեղեկատվությունը տարածվում է նաև հատուկ հավելվածների միջոցով, որը հնարավորություն է տալիս մարդկանց պարբերաբար ստուգել և հասկանալ, արդյոք իրենք շփում ունեցե՞լ են վարակակրի հետ: Ինչպես հասկանում ենք՝ սա ևս բոլոր քաղաքացիների հեռախոսազանգերը ֆիքսելու հետ որևէ առնչություն չունի:

Պարզ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իշխանությունների կողմից ամեն գնով անցկացված օրենսդրական այս փոփոխությունը զուրկ է անգամ պատշաճ հիմնավորումից: Ո՞րն է այս նախաձեռնության իրական նպատակը, որքանո՞վ ենք ապահովագրված, որ հավաքագրված տվյալները չեն օգտագործվի այլ նպատակներով և ո՞վ ու ինչպե՞ս է վերահսկելու ողջ գործընթացը. սրանք հարցեր են, որոնք չնայած հնչեցին ԱԺ նիստերի դահլիճում մի շարք պատգամավորների կողմից, բայց պատասխաններ այդպես էլ չստացան: Եվ ի վերջո, սրանք հարցեր են, որոնք ցույց են տալիս ներկայիս իշխանությունների՝ ցանկացած իրավիճակից առավելագույնս օգտվելու և երկրում տոտալ վերահսկողություն հաստատելու իրական ձգտումները:

Ի դեպ, միջազգային կառույցները շարունակում են կոչ անել պետություններին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում չոտնահարել մարդու իրավունքները: Այս թեմային հատուկ անդրադարձ է ունեցել նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատարը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: