ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարաղայի կոտորածը Ադրբեջանի կողմից կազմակերպված աննախադեպ պատերազմական հանցագործություն էր. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Մարաղայի հայերի ջարդերի 28-րդ տարելիցի կապակցությամբ։

«Այսօր լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա հայական ավանում խաղաղ բնակչության դեմ իրականացված կոտորածի 28-րդ տարելիցը։ Մարաղայի կոտորածը Ադրբեջանի Հանրապետության կողմից կազմակերպված և հայերի նկատմամբ ատելության շարժառիթով իրագործված աննախադեպ պատերազմական հանցագործություն էր, որի նպատակն էր հայ ագգաբնակչության ոչնչացումը։

1992 թ. ապրիլի 10-ին՝ մի քանի ժամ տևած հրետակոծությունից հետո Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին Մարաղա։ Մինչ այդ բնակչության մեծամասնությունը տարհանվել էր, սակայն նրանք, ովքեր մնացել էին ավանում, ադրբեջանցի զինծառայողների կողմից անմարդկային կտտանքների և սպանությունների ենթարկվեցին։ Արցախի ինքնապաշտպանական ուժերին հաջողվեց ազատագրել Մարաղան, սակայն երկու շաբաթ անց ադրբեջանական զորքերը կրկին հարձակվեցին և նոր ոճրագործություններ իրագործեցին իրենց հարազատներին հուղարկավորելու նպատակով ավան վերադարձած բնակիչների նկատմամբ։

Մարաղան զավթվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից և մինչ օրս գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Ըստ տարբեր տվյալների, այդ թվում՝ Human Rights Watch և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցների, Ադրբեջանի զինված ուժերի կողմից Մարաղայում իրագործված պատերազմական հանցագործությունների արդյունքում 50 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 կին, դաժանաբար սպանվեց, ևս 50 հոգի, այդ թվում՝ 29 կին և 9 երեխա պատանդ վերցվեց, որոնցից 19 հոգու ճակատագիրն առ այսօր անհայտ է։

Ինչպես վկայում է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսը, ով ողբերգությունից անմիջապես հետո «Christian Solidarity Worldwide» կազմակերպության մի խումբ ներկայացուցիչների հետ այցելել էր ավան, Մարաղայի գազանաբար սպանված բնակիչների մարմիններն անդամահատված էին, այլանդակված և հրկիզված։ Լեդի Քոքսը Մարաղան անվանեց «ժամանակակից Գողգոթա, միայն թե՝ շատ ավելի սարսափելի»։

Մարաղայի հայ բնակչության կոտորածը հերթական դրսևորումն էր Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի նկատմամբ էթնիկ զտման հետևողական քաղաքականության, որն իրականացվել էր 1988-1991 թթ. Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի այլ բնակավայրերում, իսկ այնուհետև՝ Հյուսիսային Արցախում։ Այն փաստը, որ Մարաղայի սպանդն իրականացրած ադրբեջանական զինված կազմավորումների հրամանատար Տագիև Շահին Տալիբօղլուն պաշտոնապես արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչմանը, վկայում է, որ այս ոճրագործության համար պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Ադրբեջանի իշխանությունների վրա:

Հայերի դեմ Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործությունների անպատժելիությունը և դրանց նկատմամբ միջազգային հանրության կողմից համարժեք քաղաքական և իրավական գնահատականի բացակայությունը բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանում պետական մակարդակով հայերի և ողջ հայկականի նկատմամբ ատելության մթնոլորտի արմատավորման համար։ 24 տարի անց՝ 2016 թ. ապրիլին, Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ժամանակ Ադրբեջանը փորձեց նույն մեթոդներով նոր ցեղասպանական ակտեր իրականացնել Արցախում, որը սակայն կանխվեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի վճռական գործողությունների շնորհիվ։

Մարաղայի խաղաղ բնակչության զանգվածային կոտորածները վաղեմություն չունեցող հանցագործություն են՝ ընդդեմ մարդկության ու քաղաքակրթության և միջազգային հանրության կողմից պետք է դատապարտվեն, իսկ այդ ոճրագործության կազմակերպիչներն ու կատարողները՝ ստանան արժանի պատիժ։

Այսօր մենք գլուխ են խոնարհում Մարաղայի կոտորածների զոհերի հիշատակի առջև և վստահեցնում, որ Արցախի Հանրապետության իշխանությունները ձեռնարկելու են բոլոր միջոցները՝ երաշխավորելու իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու արցախցիների անբեկանելի իրավունքը»,- ասվում է հայտարարության մեջ:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: